Բուժարար «հրդեհավայրերի մոլախոտ»՝ մեղրատու ապուզանը

24/05/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Մի քանի օր առաջ ինձ իր գոյության մասին հիշեցրեց անկրկնելի գեղեցկությամբ աչքի զարնող մի համեստ ծաղկաբույս։ Ճամփեզրին «հանգրվանած»` նա մի կերպ հարմարվել էր այս կողմերում հաճախ սուրացող ուժգին քամուն եւ դիմացի գազալցակայանի ձեւավորած յուրահատուկ մթնոլորտին։ Այն շատ փոքր էր իր ցեղակիցների համեմատ, որոնք երբեմն հասնում են երկու մետր բարձրության։

Հիշեցի մանկությանս տարիները, երբ հրդեհից հետո առաջացած անտառի բացատը գրաված այս բույսի գագաթային ծաղկաողկույզները ալեկոծվում էին մեղմ զեփյուռից, սակայն ալիքները գեղեցիկ կարմրագույն երանգի էին։ Մայրս հավաքեց այդ բույսի արմատը եւ վերգետնյա մասը եւ բացատրեց, որ բույսը կարելի է ուտել, քանի որ այն ունի բուժիչ հատկություններ եւ բոլորովին վնասակար չէ առողջությանը։ Քամին մեղմանալուն պես ստիպված էինք հեռանալ, այլ կերպ հնարավոր է, որ արժանանայինք մեղուների «ուշադրությանը», որոնք հազարներով իջել էին ապուզանի ծաղիկների վրա։

Բույսի այլ անվանումներն են` թորթոջ, առվի շահպրամ, թելախոտ, նեղատերեւի, ապուզան նրբատերեւ։

Գիտական անվանումն է` Epilobium (Chamaenerion) angustifolium։ Ապուզանազգիների (Onagraceae) ընտանիքին պատկանող բույս է։ Ունի մինչեւ 1 մ երկարությամբ մսոտ կոճղարմատ, որի վրա զարգացող բողբոջներից աճում են նոր ցողուններ։ Ցողունը ուղղաձիգ հարթ գլան է, պատված հերթադիր դասավորություն ունեցող նշտարաձեւ ամբողջաեզր տերեւներով։ Ծաղիկները խոշոր են, բաժակը քառաբաժան է, կարճ խողովակով եւ անկանոն ծաղկեպսակով, առէջները ութն են։ Ծաղկման շրջանը սկսվում է ամռան կեսից եւ տեւում 30-40 օր, ծաղիկը բացվում է վաղ առավոտյան։ Մեղրատվությունը հասնում է 600 կգ (1 հա-ից)։ Պտուղը քառափեղկ տուփիկ է, բազմաթիվ երկարավուն-օվալ սերմերով. փափուկ, սպիտակ աղվամազով պատված սերմիկներ, որոնք տարածվում են քամու միջոցով։

Ապուզան նեղատերեւը Արկտիկական կլիմայական գոտուն լավ հարմարված բույս է, հանդիպում է Եվրասիայի եւ Ամերիկայի հյուսիսային շրջաններում, հաճախ է հանդիպում անտառների եզրերին, մարգագետիններում, բոլոր այն վայրերում, որտեղ անտառը նոսրանում է, եւ շատ է լույսը։ Աճում է ճամփեզրին, ձորակում, քարահանքերի եւ ավազահանքերի շրջակայքում, առվակների երկայնքով։

Հյուսիս-Արեւելյան Ասիայում ապուզանի տերեւներից պատրաստում են թեյին փոխարինող ըմպելիք, որն աշխարհին հայտնի է «Իվան-չայ» անվանմամբ։ Այդ` թեյին փոխարինող հումքի տեխնոլոգիան մշակվել է Ս. Պետերբուրգի մարզի Կոպորյե ավանում 18-րդ դարի երկրորդ կեսին։ Նման «թեյի» վաճառքից զգալի եկամուտներ է ստացվել։ Ապուզանի տերեւի թուրմն ունի հաճելի համ։

Բուժիչ հատկություններ ունեն բույսի բոլոր մասերը։

Տերեւները եւ ցողունի գագաթային մասը մթերեք ծաղկման շրջանում, արմատը` աշնանը։ Վերգետնյա մասը չորացրեք օդափոխվող ծածկի տակ, արմատը` ջեռոցում (մինչեւ 70 C)։ Պահպանման ժամկետը չոր, օդափոխվող սենյակում 2 տարի է։

ՀՀ բնական պայմաններում ապուզանը տարածված է Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում։

Տերեւներում կա մինչեւ 10 տոկոս տանին, ալկալոիդներ, պեկտին, մոտ 15 տոկոս լորձանյութ։ Արմատում չկա տանին եւ քիչ է լորձանյութը։ Սերմը հարուստ է ուտելի ճարպով։ Մեկ հասուն բույսը տալիս է մոտ 1 կգ սերմ, որում կա 400 մլ յուղ։ Բույսի բոլոր մասերը պարունակում են սպիտակուց, դաբաղանյութ, օրգանական թթուներ, ֆլավոններ, շաքարներ, զգալի քանակությամբ ասկորբինաթթու, երկաթ, պղինձ, մարգանեց։

Երկար տարիներ հավաքել եմ տեղեկույթ բույսի բուժիչ հատկությունների մասին։ Մարդիկ գրում են, որ բույսի թուրմի եւ եփուկի օգնությամբ թեթեւացրել են հիվանդության ընթացքը, ընդ որում` տարաբնույթ։ Ստեղծվում է տպավորություն, թե բույսն ունի կանխարգելիչ եւ դիմադրողականությունը բարձրացնող հատկություն։ Ապուզանը օգտակար է շագանակագեղձի ադենոմայի, բորբոքային բնույթի կանացի հիվանդությունների, անեմիայի դեպքում, մաքրում է օրգանիզմը թույներից, ունի հանգստացնող հատկություն, կարգավորում է նյութափոխանակության գործընթացն օրգանիզմում։

Հետաքրքիր է իմանալ, որ թուրմի հակաբորբոքային ազդեցությունն ուժեղանում է, եթե հումքը մանրացնեք։ Կոլիտի, ստամոքսաբորբի, խոցի դեպքում ավելի օգտակար է չորացրած հումքը.

– 20 գրամ չոր խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց 10-15 րոպե առաջ։ Օգտակար է նաեւ գլխացավի, անքնության դեպքում։

Արմատն ունի քաղցր համ, այն կարելի է օգտագործել սննդի մեջ հում կամ եփված։ Հնում չոր արմատի փոշին ավելացրել են հացի մեջ։ Խմորման միջոցով ստանում են քացախ եւ սպիրտ։

Արմատի եփուկը կիրառում են շնչառական ուղիների, աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների, արյունահոսության, սակավարյունության բուժման համար։

Եփուկ. 10 գրամ արմատը 20 րոպե եփեք 250 մլ ջրում։ Խմեք 1 ճ/գ, օրը 3-4 գրամ` սնվելուց առաջ։

Խոտաբույսի թուրմն օգտագործվում է գլխացավի եւ անքնության, քիթ-կոկորդի, ականջի բորբոքումների դեպքում։ Ունի թույլ լուծողական, վերքամոքիչ, ցավազրկող, արյունարգել հատկություններ։ Բարձրացնում է դիմադրողականությունը, թեթեւացնում լյարդի եւ երիկամների աշխատանքը։ Օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, փորկապության, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։

Ապուզանի թուրմը հագեցնում է ծարավը։ Այս ըմպելիքը հատկապես օգտակար է կանանց` թեթեւացնում է հիվանդության բորբոքային ընթացքը, ունի հանգստացնող ազդեցություն։

Ապուզանն օգնում է մաշկաբորբի եւ ալերգիկ դրսեւորումների դեպքում։

Ապուզանի չոր դիմափոշին որպես բալասան` կարելի է ցանել վերքերին եւ ցրտահարված տեղերին։

Ժողովրդական բուժարարները խոտաբույսի եփուկը խորհուրդ են տալիս օգտագործել գեղձախտի դեպքում։

Խոտաբույսի հյութահանուկը խոչընդոտում է միզապարկի եւ միզածորանի բորբոքային ընթացքը։

Խոտաբույսի ծաղկաբույլերից արտադրվում է հատուկ միացություն, որն ունի հակաուռուցքային ազդեցություն։

Թոքերի բորբոքում. 2 ճ/գ ապուզանի խոտը թրմեք 200 մլ եռջրում։ Ընդունեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 20 րոպե առաջ։ Օգտակար է նաեւ միզապարկի բորբոքմանը։

Սակավարյունություն. Խառնեք ապուզանի եւ եղինջի տերեւները, ծաղկած հնդկացորենի վերնամասը։ 3 ճ/գ հումքը 5 րոպե եփեք 400 մլ եռջրի մեջ, թրմեք 3 ժամ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։

Շագանակագեղձի բորբոքում.

– 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 20 րոպե առաջ։

– Խառնեք ապուզանի, մատուտակի եւ ծիրանեգույն էխինացեայի արմատները, չինական կիտրոնի տերեւները (3։3։1։2)։ 1 ճ/գ հումքին ավելացրեք 400 մլ եռջուր, եփեք 10 րոպե, թրմեք 30 րոպե։ Քամեք։ Ընդունեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Աթերոսկլերոզ. Խառնեք ապուզանի տերեւը, սրոհունդի եւ առյուծագու խոտերը, կեչու տերեւը (8։2։1։1)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ (քաղցրացրեք մեղրով)։

Դիզենտերիա. 1ճ/գ խոտաբույսին ավելացրեք 200 մլ եռջուր, հասցրեք եռման աստիճանի, եփեք եւս 5 րոպե, թրմեք 1 ժամ։ Քամեք։

Խմեք 100-ական մլ օրվա ընթացքում` սնվելուց առաջ։

Ավիտամինոզ. 1 ճ/գ չոր մանրացրած ապուզանի տերեւների վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 1-2 ժամ։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ։

Գերհոգնածություն. 2 ճ/գ խոտաբույսի վրա լցրեք 400 մլ եռջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, թրմեք 30 րոպե։ Խմեք 60-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։

Միզապարկի քրոնիկ բորբոքում. 1ճ/գ խոտաբույսի վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 2 ժամ։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` տաք վիճակում, սնվելուց 20 րոպե առաջ։

Բերանի լորձաթաղանթի բորբոքում. 1 ճ/գ ապուզանի տերեւների վրա լցրեք 200 մլ եռջուր։ Թրմեք 1 ժամ։ Քամեք։ Կատարեք ողողում։

Կոնյուկտիվիդ. 1 ճ/գ ապուզանի խոտաբույսի վրա լցրեք 200 մլ եռջուր, հասցրեք եռման աստիճանի եւ եփեք եւս 15 րոպե։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Այս եփուկով լվացեք աչքերը։

Նյութափոխանակությունը կարգավորող. 1 ճ/գ խոտի վրա լցրեք 200 մլ եռջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք եւս 10 րոպե, թրմեք 1,5 ժամ։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Շագանակագեղձի ադենոմա.

– Խառնեք ապուզանի տերեւը եւ ցողունի ծաղկած մասը (1։1), ավելացրեք 70 տոկոսանոց սպիրտ 1։10 քաշային հարաբերությամբ։ Թրմեք 2 շաբաթ, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Խմեք 25-ական կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց մեկ ժամ առաջ` 50 մլ ջրի հետ։ Շարունակեք 18 օր, ընդմիջեք մեկ շաբաթ, կրկնեք ըստ անհրաժեշտության` եւս 3-4 անգամ։

– Մանրացրեք, խառնեք ապուզանի, կեչու, գետնամորու եւ տխլենու (պնդուկենի անտ.), չորացրած տերեւները (1։1։1)։ 4 ճ/գ հումքը 10 րոպե եփեք 400 մլ եռջրով։ Թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում։

Ստամոքսի, 12-մատնյա աղիի խոց. Մանրացրեք, խառնեք չորացրած ապուզանի տերեւը, լորենու եւ երիցուկի ծաղիկները, հոռոմ-սամիթի պտուղը (2։2։1։1)։ Չորս թ/գ հումքը 30 րոպե թրմեք 400 մլ եռջրով` ջերմապահում։ Քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 1-2 անգամ` սնվելուց 10 րոպե առաջ։

Ավիշի մաքրում. Խառնեք ապուզանի չորացրած տերեւը եւ ցողունի ծաղկած մասը (1։1), հումքի 1 ճ/գ-ն 500 մլ եռջրով 10 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 5 անգամ` սնվելուց առաջ։

Պանկրեատիտ. Խառնեք 60-ական մլ ապուզանի եւ եղերդակի տերեւների հյութերը, 120 մլ բրնձի եփուկը (2ճ/գ` 200 մլ եռջուր)։ Խմեք 60-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։

Հանգստացնող. Խառնեք 1-ական թ/գ ապուզանի, դաղձի եւ ուրցի, կեսական թ/գ պատրինջի, խնկածաղկի եւ առյուծագու խոտերը։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։

Անքնություն, գլխացավ.

– Մանրացրեք, խառնեք ապուզանի տերեւները, երեքնուկ մարգագետնայինի կարմիր ծաղիկները (1։1)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ։

– Խառնեք ապուզանի, պղպեղադաղձի, խնկածաղկի խոտերը (1։1։1), հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 1-2 անգամ։

Թեթեւ վերքեր, քերծվածքներ.

– Թարմ ապուզանի տերեւները տեղադրեք վնասված հատվածի վրա։

– Թանզիֆի վրա տեղադրեք փափկեցրած ապուզանի տերեւների շիլայատիպ զանգվածը եւ տեղադրեք կապտուկների վրա։

– Չորացրած խոտաբույսի փոշին ցանեք վերքի վրա։

– Օգտակար է լվանալ վերքը ապուզանի թուրմով։ 1 ճ/գ արմատներն ու կոճղարմատը եփեք 200 մլ եռջրով։ Թրմեք 45 րոպե։ Քամեք։

Ապուզանը` գեղարարության մեջ

Վարդագույն կորյակների դեպքում` 3 ճ/գ տերեւների վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 20 րոպե։ Քամեք։ Բամբակի խծուծը թաթախեք թուրմի մեջ։ Թրջոցներ դրեք կորյակների վրա։