«Պայծառատեսության» հետեւանքը

22/05/2012

«Դժվար չէ տեսնել, որ ՀԱԿ-ում մնացել են միայն ռուսամետ ուժերը»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը` անդրադառնալով այն գնահատականներին, թե ՀԱԿ-ից տարանջատվում են արեւմտամետ դիրքորոշում ունեցող ուժերը: «Ես ինձ համարում եմ Հայաստանի քաղաքացի: Ես իմ երկրի ապագան տեսնում եմ արեւմտյան չափանիշներով: Ես չեմ տեսնում, որ մենք սովորելու բան ունենք Ռուսաստանից: Ճիշտ է, քիչ առաջադեմ է, քան Նազարբաեւի կամ Ալիեւի ընտրած տարբերակները, բայց մեր համար դա առաջադեմ չէ: Ես չեմ բացառում նաեւ, որ Հայաստանում կիրառվում է նույն տարբերակը: Ես տեսնում եմ «Բարգավաճ Հայաստանի» թիկունքում Ռոբերտ Քոչարյանին»,- ասել է նա: Պատասխանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը քննադատելու մեջ որեւէ տրամաբանություն չկա, Ա. Սարգսյանն ասել է, թե այդ նույն պայծառատեսները նաեւ չէին բացառում, որ ՀԱԿ-ի` մայիսի 8-ի հանրահավաքին կարող է միանալ նաեւ Գագիկ Ծառուկյանը, մի բան, որ այդպես էլ տեղի չունեցավ: