«Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները սկզբունքային համաձայնության են հանգել նոր կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ եւ այժմ կողմերի միջեւ բանակցությունները գնում են դետալների շուրջ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած Հմայակ Հովհաննիսյանը, ով չլինելով ԲՀԿ անդամ` իրեն համարում է «ԲՀԿ քաղաքական թիմի անդամ»: «Այսօր, ըստ էության, խոսքը գնում է այն մասին, որպեսզի ճշգրտվեն պայմանները, եւ այստեղ է, որ այն մեկնաբանությունների տարբերությունը, որն արտաբերում են Հանրապետական կուսակցության ղեկավարները, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, վերաբերում է դետալներին, եւ, ըստ էության, խոսքը կարող է գնալ համաձայնագրի մասին… պարտադիր չէ, որ անվանակոչվի կոալիցիա, կարող է լինել եւ համաձայնագիր»,- ասել է Հովհաննիսյանը` ավելացնելով, թե այս պահին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են ճշտել մոտեցումները ամենաառանցքային` վարչապետի թեկնածության հարցում: «ԲՀԿ-ն, իհարկե, ցանկանում է, որպեսզի վարչապետի պաշտոնը տրվի ԲՀԿ-ին, եւ դրանով իսկ ՀՀԿ-ն անուղղակի ձեւով ընդունի, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտում քաղաքական ուժերի ժողովրդի կողմից աջակցության իրական պատկերը, ուստի ՀՀԿ-ն, դա գիտակցելով, այդ հարցում ընդառաջ է գնում ԲՀԿ-ի պահանջին»,- ասել է նա: Հովհաննիսյանի կարծիքով, եթե ՀՀԿ-ն չհամաձայնվեց վարչապետի աթոռի հարցում զիջման գնալ ԲՀԿ-ին, հնարավոր է, որ կառավարությունում ԲՀԿ-ական նախարարների թիվը աճի, քանի որ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ընդարձակվելու է ԲՀԿ-ի ներկայությունը` 26-ից հասնելով 37 պատգամավորի: Հովհաննիսյանը նաեւ ասել է, թե դեռ վերջնական որոշում չի կայացրել իր պատգամավորական մանդատը վերցնելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ: Միաժամանակ, նա հավանական է համարել, որ մինչեւ մայիսի 24-ը կհրաժարվի պատգամավորական մանդատից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մեր աղբյուրների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից պահանջել է, որ Հմայակ Հովհաննիսյանը չպետք է լինի ԱԺ-ում: Անդրադառնալով Հովհաննիսյանի հայտարարություններին` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ Հմայակ Հովհաննիսյանը պարզապես իր սեփական տեսակետն է հայտնել, երբ ասել է, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ էության, կոալիցիա կազմելու շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: «Այսօր որեւէ ինֆորմացիա չկա այդ կապակցությամբ»,- նշել է նա: Սահակյանն ասել է նաեւ, թե բացի ԲՀԿ-ից, խորհրդատվություններ են անցկացվում նաեւ այլ ուժերի հետ: «Ամբողջ օրը քննարկում ենք ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ… Բայց դրանք պաշտոնական այդպիսի որակումներ ունեցող քննարկումներ չեն, որ կարողանանք նաեւ հասարակությանը ներկայացնել: Բնականաբար, ժամանակ չմնաց արդեն: Այս շաբաթվա մեջ վերջնականապես ի հայտ կգա, թե որ քաղաքական ուժը ինչպիսի դրսեւորում կունենա խորհրդարանում»,- ասել է նա: Հարցին` բացի ԲՀԿ-ից, հնարավո՞ր է մեկ այլ ուժի կամ ուժերի հետ կոալիցիա կազմելը, Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ` համաձայնություններ կլինեն, բայց կոալիցիոն մակարդակի չի հասնի»: