Մինչ ՀՀ եւ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բանակցում են կոալիցիա կազմել-չկազմելու շուրջ, եւ մինչ խորհրդարան անցած կուսակցությունները որոշում են, թե իրենց համամասնական ցուցակներից ով ինչ կարգավիճակ է ունենալու, քաղաքական դաշտում այդ զարգացումների հետ կապված բազմաթիվ սցենարներ ու կարծիքներ են շրջանառվում:
Հատկապես այս երկու կուսակցությունների` կոալիցիա կազմելու վերաբերյալ կարծիքները ծայրահեղ տարբեր են: Դրանցից մեկի համաձայն, Գ.Ծառուկյանն ինքն է ձգտում կոալիցիա կազմել` ելնելով այն մտավախությունից, որ հակառակ դեպքում կկորցնի իշխանական լծակներն ու բիզնեսը եւ կհամալրի հետապնդվող խոշոր գործարարների շարքը: Դրան հակառակ տեսակերի համաձայն, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար Գ.Ծառուկյանի պահանջները մեծ են` ընդհուպ վարչապետի պաշտոնի ձեռք բերումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: Իսկ շրջանառվող վերջին լուրերի համաձայն, Ս.Սարգսյանը ԲՀԿ-ին խոստացել է տալ փոխվարչապետի պաշտոնը` բայց 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Ընդ որում, այդ խոսակցությունների համաձայն, խոսքը գործող փոխվարչապետի պաշտոնի մասին չէ: Ըստ այդ սցենարի, կստեղծվի եւս մեկ փոխվարչապետի պաշտոն: Իսկ գործող փոխվարչապետի ինստիտուտի լիազորությունները կկիսեն ու մի մասը երկրորդ փոխվարչապետի պաշտոնի տեսքով կհատկացնեն ԲՀԿ-ին: Այս դեպքում արդեն հարց է առաջանում, թե գործող օրենսդրությունը եւ Սահմանադրությունը թույլ տալի՞ս են ստեղծել երկրորդ փոխվարչապետի պաշտոն, թե՞ կոալիցիոն գործընկերոջը բավարարելու համար իշխանությունները պատրաստ են անգամ սահմանադրական փոփոխություններ անցկացնել: Ի դեպ. այս տարբերակը կամ տեղեկությունը թերեւս այսքան ուշադրության արժանի չէր լինի, եթե դրա արտահոսքը միաժամանակ մի քանի հակադիր ճամբարներից չլիներ: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ իշխանական վերնախավում այդ հնարավորությանը կամ սցենարին լուրջ են վերաբերվում:
Հիշեցնենք, որ փոխվարչապետի ինստիտուտը ստեղծվել է 2007թ.: Դա հնարավոր եղավ իրականացնել 2005թ. սահմանադրական բարեփոխումներից հետո: Արդեն փոփոխված ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածում նշված է. «Նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ»: 2007թ. փոխվարչապետ նշանակվեց տարածքային կառավարման նախարարը, ով այն ժամանակ Հովիկ Աբրահամյանն էր: Ու դրանից հետո տարածքային կառավարման նախարարի առավելությունը մյուս գործընկեր նախարարների նկատմամբ եղել է այն, որ վարչապետի բացակայության պարագայում վերջինիս որոշման հիման վրա փոխվարչապետն է կատարում նրա պարտականությունները: Դա եւս նախատեսված է Սահմանադրությամբ: Իսկ վարչապետի կամ կառավարության հրաժարականի դեպքում փոխվարչապետը կարող է հրավիրել կառավարության նիստեր եւ ստորագրել որոշումները: Բացի այդ, փոխվարչապետը կամ տարածքային կառավարման նախարարը նաեւ ի պաշտոնե տիրապետում է մարզպետների, քաղաքապետերի ու գյուղապետերի վրա ազդելու հզոր լծակների: Այսինքն` կարող է որոշակի ազդեցություն ունենալ ողջ հանրապետության մասշտաբով: Պատահական չէ, որ ժամանակի ընթացքում Տարածքային կառավարման նախարարությունը համալրվեց ու հզորացվեց մի քանի կառույցներով ու մի շարք այլ լիազորություններով` այդ նախարարի իրավասությունների շրջանակը դարձնելով հարիր փոխվարչապետի պաշտոնին: Հենց նշված փոփոխությունների արդյունքում այդ նախարարությանը սկսեցին կոչել «սուպեր նախարարություն», իսկ նախարարին` համապատասխանաբար` «սուպեր նախարար»: Սա է փոխվարչապետի պաշտոնի հմայքը: Թերեւս սրանով է պայմանավորված նաեւ նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի` վարչապետ դառնալու անթաքույց ձգտումը: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի` որպես կուսակցության համար եւս այդ նախարարության ու փոխվարչապետի պաշտոնը` հատկապես ի դեմս Հ.Աբրահամյանի` կարող է շատ ցանկալի լինել: Ընդ որում, այս պաշտոնը ազդեցության ավելի մեծ լծակներ ունի, քան Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, որը նույնպես ԲՀԿ-ն ցանկանում է ձեռք բերել` որպես կոալիցիա կազմելու պայման: Թեեւ ԱԺ նախագահի պաշտոնը ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահից հետո համարվում է երկրորդ բարձրագույն պաշտոնը, սակայն դա ավելի շատ արարողակարգային նշանակություն ունի:
Այդուհանդերձ, միանշանակ չէ, ՀՀ Սահմանադրությունը երկրորդ փոխվարչապետի պաշտոն ներմուծելու հնարավորություն տալի՞ս է, թե՞ այդ նպատակով պետք է եւս մի սահմանադրական փոփոխություն, ինչի անհրաժեշտության մասին, արդեն տեւական ժամանակ է, ակնարկներ են հնչում: Հիշեցնենք, որ Սահմանադրության համապատասխան դրույթում «փոխվարչապետ» արտահայտությունը օգտագործված է եզակի թվով: Բայց արդյո՞ք դա բացառում է փոխվարչապետի երկրորդ պաշտոնի ստեղծումը: Երեկ այս հարցի պատասխանը չկարողացանք ստանալ պատասխանատու որեւէ կառույցից: Միայն պետական կառույցներից մեկի իրավաբանը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Իրավական ակտերի մասին օրենքի համաձայն` «եզակին չի բացառում հոգնակին», սակայն ավելացրեց, որ դա նուրբ հարց է եւ լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Այդ հարցի պատասխանը չկար նաեւ ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններում: Ու, թերեւս, այս երկակիությամբ է պայմանավորված, որ իշխանական կուլիսներում սահմանադրական փոփոխության մասին լուրեր են շրջանառվում: Իհարկե, եթե իշխանությունները նոր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեն, միայն փոխվարչապետի պորտֆել ավելացնելու հարցը չեն լուծի: Բնականաբար, կլինեն մի շարք այլ փոփոխություններ եւս: Եվ չի բացառվում, որ այդ փոփոխություններն իրականացնեն 2013թ. նախագահական ընտրությունների հետ միասին, որպեսզի առանձին հանրաքվե չկազմակերպեն:
Ինչ վերաբերում է այդպես էլ չավարտվող ՀՀԿ-ԲՀԿ բանակցություններին, ապա, ըստ վերջին տեղեկությունների, կոալիցիա կազմելու դիմաց Ս.Սարգսյանը ԲՀԿ-ին խոստացել է ունեցած 4 նախարարական պորտֆելներին ավելացնել եւս երկուսը: Ընդ որում, խոսակցություններ կան, թե իշխանությունները դա ապահովելու են ոչ թե եղած 18 նախարարական պորտֆելների շրջանակում, այլ ավելացնելու են եւս երկու նախարարություն: Այնպես` ինչպես դա արեցին նախորդ ընտրություններից հետո` ավելացնելով եւս երեք` Սփյուռքի, Արտակարգ իրավիճակների եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները: Վերջին երկուսը նախկինում գործում էին այլ գերատեսչության կարգավիճակով, եւ կոալիցիոն կուսակցությունների նախարարական ախորժակը բավարարելու համար իշխանությունները որոշեցին դրանք դարձնել նախարարություններ: Հիմա նորից եկել է պաշտոններ բաժանելու եւ պետական կառավարման համակարգը վերաձեւելու ժամանակը: Չի բացառվում, որ նախարարություններ ստեղծվեն Կառավարության հայտարարած գերակա ուղղությունների, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար, եւ այլն: Իսկ Կառավարության կազմում նոր նախարարություն ավելացնելու համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն։ Կառավարության կազմի մասին վերջին օրենքը, որը նախատեսում է գործող 18 նախարարությունները, ընդունվել է 2008թ. հունիսին: