«Digiկոալիցիա»

22/05/2012

Երեկ «Հայաստանի եռաչափ մոդելավորողների միության» նախագահ Գուրգեն Պարոնյանը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը միանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մայիսի 11-ին արված հայտարարությանը Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման վերաբերյալ: «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական եւ ինովացիոն աննախադեպ նվաճումներ, Հայաստանի ինժեներական, ճարտարապետաշինարարական, վիզուալիզացիայի եւ այլ ոլորտներ ձեռք կբերեն միջազգային շուկայի պահանջարկին համապատասխան մակարդակ, մրցունակություն եւ կդառնան տարածաշրջանի առաջատար»,- ասել է Գուրգեն Պարոնյանը` ներկայացնելով այդ ոլորտը համակարգող նախարարություն ստեղծելու մի շարք հիմնավորումներ: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանդես էր եկել Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի` նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին եւ նորընտիր Ազգային ժողովին: Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունները ոչ բացահայտ խրախուսում են այս նախաձեռնությունը: Բանն այն է, որ նոր կոալիցիայի ձեւավորման շուրջ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւընթացող բանակցություններում հնարավոր է համարվում կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու եւ նախարարություններ ավելացնելու հնարավորությունը: Այս նախաձեռնությունն այդ համատեքստում կարող է ներկայացվել որպես «նախարարություն ստեղծելու մասնագիտական հանրության պահանջ»: