Մեծագույն սպառնալիք

22/05/2012

«Հակամարտությունները հետխորհրդային տարածքում, մասնավորապես` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, շարունակում են մեծագույն սպառնալիքներից մեկը մնալ ԵԱՀԿ-ի շրջանակներում համագործակցության ու անվտանգության համար»,- հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը` կարեւորելով 6 տարվա ձգձգումից հետո Մերձդնեստրի շուրջ բանակցությունների վերսկսումը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Աժուբալիսն ասել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք սերտորեն համագործակցել ենք Մինսկի խմբի համանախագահների հետ եւ մեր աջակցությունն ենք բերել` Լեռնային Ղարաբաղի ներսում եւ դրա շուրջ անկայուն դրության վատթարացումը կանխելու համար: Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսի արտգործնախարարների խորհրդի համատեղ հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնության եկան. պատվիրակությունների ղեկավարները համաձայնել էին, որ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ բարելավել մթնոլորտը` խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու նպատակով»: Նա նաեւ ասել է, թե ԵՄ-ն Արեւելյան գործընկերության ծրագիրը համարում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման էական գործիք: