Մեկ համակարգում

22/05/2012

Մաքսային քարտերի էլեկտրոնային վարումը եւ մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողումը կիրականացվի մեկ միասնական համակարգի միջոցով: Ըստ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, քարտերի վարման էլեկտրոնային ենթահամակարգը համախմբել է մաքսային վճարումների հետ կապված մի շարք գործողություններ, որոնք տնտեսվարողը նախկինում պետք է իրականացներ մաքսատներում` համապատասխան աշխատակիցների միջամտությամբ, իսկ այժմ կարող է իրականացնել ինքնուրույն` իր գրասենյակից: Մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողնման համակարգը հնարավորություն է տալիս 2011թ. ՊԵԿ-ի կողմից ներդրված էլեկտրոնային վճարման համակարգից օգտվող տնտեսվարողներին` էլեկտրոնային եղանակով իրականացնել մաքսային ձեւակերպումների ամբողջ գործընթացը: Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանի, ապրանքների էլեկտրոնային եղանակով բացթողումն իրենից ներկայացնում է դեռեւս 2011թ.-ին ներդրված մաքսային վճարների էլեկտրոնային վճարման գործընթացի հաջորդ փուլը, որով ամբողջանում է մաքսային սահմանից մինչեւ ապրանքների բացթողնման գործընթացը եւ հնարավորություն է տալիս ՊԵԿ-ին անընդհատ մոնիտորինգի ենթարկել մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը ու քայլեր ձեռնարկել դրա կրճատման ուղղությամբ: Տիգրան Տիգրանյանի խոսքով, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար հաջորդ կարեւոր գործիքն է հանդիսանում առցանց, իրական ժամանակում, մաքսային հայտարարագրի ներկայացման ժամանակ թյուրիմացաբար սխալ լրացված դաշտերի կամերալ ուսումնասիրությունը, որից հետո համակարգը հուշում է տնտեսվարողին ենթադրաբար սխալ լրացված դաշտի վերաբերյալ եւ զերծ է պահում վերջինիս թյուրիմացաբար թույլ տրված խախտումներից: Միեւնույն ժամանակ, նշված էլեկտրոնային համակարգերից օգտվող տնտեսվարողները, աշխատելով լիովին էլեկտրոնային միջավայրում, ապահովելով թափանցիկությունը մաքսային հսկողության իրականացման ընթացքում, հանդիսանում են բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներ` մաքսային ձեւակերպումների ընթացքում ստանալով որոշակի արտոնություններ: