Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

22/05/2012

ՀՀ քաղաքացի Գագիկ Հարությունյանից

Մեծարգո պարոն Նախագահ

Տղաս՝ Արտաշես Հարությունյանը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 19.12.2011թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամանակով։ Տղայիս դատարանը մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա չարաշահելով Ռաֆիկ Հարությունյանի եւ Հովհաննես Եգանյանի վստահությունը, նրա համար նախկին ԽՍՀՄ արժեթղթեր ձեռք բերելու նպատակով դեռեւս 2005թ. նրանցից ստացել եւ հափշտակել է 8000 ԱՄՆ դոլար գումար։ 2005թ. նշված դեպքերից հետո ես տեղյակ եմ եղել նշված առիթով տղայիս ունեցած ֆինանսական պրոբլեմների մասին եւ փոխհատուցել եմ տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ եւ վերականգնել եմ նախկին վիճակը, սակայն 2010թ. դեկտեմբեր ամսին պարզվել է, որ նույն հարցի կապակցությամբ տղաս գտնվում է հետախուզման մեջ։ Այդ մասին իմանալով` տղաս ինքնակամ ներկայացել է քննչական մարմնին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Դրանից հետո տղաս դրսեւորել է պատշաճ վարքագիծ, խափանման միջոցի պայմանները չի խախտել, ժամանակին ներկայացել է ինչպես քննիչի, այնպես էլ հետո նաեւ՝ դատարանի կանչով։ Հաշվի առնելով քրեական գործի գոյությունը եւ 6 տարվա վաղեմության դեպքերի օբյեկտիվ զարգացումն ապացուցելու անզորությունը, տղաս իրեն մեղավոր է ճանաչել եւ դատարանում խնդրել է կիրառել դատական քննության արագացված կարգ։ Դատարանը թեեւ նշել է, որ տուժողին հասցված վնասը վերականգնված է, տուժողը բողոք չունի, գործում չկան պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ, բայց դրա հետ մեկտեղ` վճռել է տղայիս ազատազրկել 4 տարի 6 ամիս ժամանակով։ Արտաշես Հարությունյանը մեծ տղաս է, նա 1990-ական թվականներին փոքր տղայիս` Տիգրան Հարությունյանի հետ մասնակցել է Արցախյան պատերազմին, փոքր տղաս 1991թ. 22 տարեկան հասակում զոհվել է Մովսես գյուղի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում։ Այժմ ես 75 տարեկան եմ, Արտաշես Հարությունյանը իմ միակ խնամողն է, ընտանիքի միակ աշխատողը, ունի անչափահաս որդի եւ կին, ովքեր նույնպես նրա խնամքին են։ Ինչպես ես, այնպես էլ տղաս ՀՀ Հանրապետական կուսակցության անդամ ենք, մեր մասնակցությունն ենք ցուցաբերում կուսակցության կողմից առաջադրված խնդիրների լուծման հարցում։ Ներկայումս մեր բողոքի հիմքով քրեական գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում, հուսով եմ, որ վճռաբեկ դատարանը` կոչված լինելով ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, իրականում ճիշտ կգնահատի տղայիս անձը եւ նրա խնամքին զառամյալ հոր եւ անչափահաս երեխայի առկայությունը։ Մեծարգո պարոն Նախագահ, դատարանների ոչ օբյեկտիվ մոտեցման պատճառով հայտնվել եմ անելանելի եւ հուսահատ վիճակում, հայցում եմ Ձեր բարձր միջամտությունը եւ Ձեր հանձնարարությունը գործի հանգամանքները վերանայելու եւ օբյեկտիվ որոշում կայացնելու հարցում։

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

75 տարեկան, թոշակառու, վաստակավոր շինարար,
հասցեն` Երեւան, Հր.Քոչար 16/1 բն. 28, հեռ. 010 26-05-09, 091 42-53-83