Երիտասարդությունն անցողիկ «թերություն» է

22/05/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Յուրաքանչյուր գրող, որպես կանոն, վստահ է` գուցե իրենից առաջ լավ գրողներ եղել են, սակայն ժամանակակիցներից միակ հաջողը լինելու առաքելությունը հենց իր վրա է: Մեր` հատկապես երիտասարդ գրողները հերթական անգամ հնարավորություն կունենան համոզվելու, որ իրենք լավագույնն են, երբ մայիսի 23-27-ը Ծաղկաձորում մասնակցեն Երիտասարդ գրողների միջազգային խորհրդաժողովին: Թեեւ իմ զրուցակիցները` գրականության բնագավառում ՀՀ նախագահի 2011թ. մրցանակակիր Լիլիթ Կարապետյանը, արձակագիր Նառա Վարդանյանը, գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը, դրանում համոզվելու բազում առիթներ են ունեցել:

– Խորհրդաժողովում երիտասարդ գրողների խնդիրներ են քննարկվելու: Գրականությունը հարցնո՞ւմ է գրողի սեռը կամ տարիքը, թե՞ գրականությունը լինում է հաջողված կամ անհաջող, անկախ նրանից` գրողը երիտասա՞րդ է, թե՞ տարեց, կի՞ն, թե՞ տղամարդ:

Ա.Ն .– Գեղագիտական ընկալումների առումով նման տարբերակումները պայմանական են: Բայց այլ է դառնում հարցը, երբ այդ երեւույթը մտնում է որոշակի վարչարարության մեջ, եւ գրողներին ինչ-որ ձեւով բաժանելու խնդիր է ծագում: Այս դեպքում խնդիրը ծագեց, որովհետեւ պետք է կազմակերպվի համաժողով, որը լինելու է գրականություն նոր մտած (թեպետ սա էլ պայմանական է հնչում) գրողների ստեղծագործական մտորումների համատեղում:

Ն.Վ.– Հաճախ շատերը «երիտասարդ» բառով թաքցնում են իրենց թուլությունները եւ արդարացումներ են փնտրում:

Լ.Կ.
– Կարծում եմ` կնոջ եւ տղամարդու միջեւ սեռային տարբերություն չպետք է դնել, թեեւ գրականության պատմությանը նայելիս` տեսնում ենք` տղամարդ գրողներն ավելի շատ են եղել: Դա էլ, թերեւս, բացատրվում է նրանով, որ կնոջ դրսեւորվելու հնարավորություններն այլ են եղել: Տվյալ պարագայում` մենք անկախության առաջին սերունդն ենք, եւ այդպիսի խոչընդոտները գրեթե վերացել են:

– Արքմենիկ, Դուք ստիպված եք կամ, ավելի ճիշտ, բարեբախտություն ունեք ծանոթանալ մեր երիտասարդ գրողների գործերին: Կարո՞ղ եք, առանց անվանը նայելու, ասել` կի՞ն է գրողը, թե՞ տղամարդ:

Ա.Ն. – Առաջին ընթերցմամբ դա դժվար է, որովհետեւ գրականությունն ունի պոետիկական ձեւերի, տարբեր խաղարկումների խնդիր: Հաճախ կարդում ես տղամարդ գրողի գիրքը, որը կնոջ անունից է ներկայացված: Ապշելու բան է, երբ տղամարդ գրողը կնոջ անունից ավելի հրաշալի ինքնավերլուծություններ է անում, քան ինքը` կին գրողը: Տարբերությունը սկսում ես զգալ, երբ գրականությունը լավը չէ: Կան ժամանակակից կին գրողներ, ովքեր չեն կարողանում իրենց ենթարկել գրականությունը, տեքստը եւ ստիպված գրականություն են մուծում կնիկականություն, լաչառություն:

Ն.Վ. – Բայց նույն կնիկական լաչառությունը կարող ես տեսնել նաեւ տղամարդ գրողների գործերում:

– Ձեզ հետ զրուցելուց առաջ, բնականաբար, ընթերցեցի Լիլիթ Կարապետյանի «Նորից երկուշաբթի…» պատմվածքների շարքը, Նառա Վարդանյանի «Լուսինը` թփերի մեջ» գործը: Երկու դեպքում էլ դժվար էր տարբերել` գրողը կի՞ն է, թե՞ տղամարդ: Սակայն անգամ տղամարդ գրողներն են իրենց թույլ տալիս գրել նաեւ քնարական գործեր: Դուք շատ երիտասարդ եք, սակայն ձեր գործերում կար խստություն, նատուրալիզմ:

Լ.Կ. – Նման շեշտադրումներ իմ բոլոր պատմվածքներում կան, բայց դա խնդիր չեմ համարում: Ինձ համարում եմ իռացիոնալ արձակի հետեւորդ եւ վերջերս մտածում էի` որքանո՞վ է հնարավոր գրողի փոքրիկ իրականությունը տեղափոխել ավելի մեծ իրականություն, իշխել այսօրվա իրականության վրա եւ դնել քո կնիքը: Համենայնդեպս, վերջին պատմվածքներում, «Ֆոտոսինթեզում» եւս, նման փորձեր արվել են, սակայն սա այնքան խորքային ու թաքնված է, որ չեմ կարծում` եթե կարդան, պարզ, լրագրողական ճշգրտությամբ կերեւա:

Ն.Վ.- Ես ավելի ամաչում եմ, եթե գործը լինում է քաղցր-մեղցր, զգացմունքային: Դու կարող ես մի բառով այնքան դիպուկ բնորոշել, որ ինքը 1000 պաթետիկ եւ պոետիկ գործ արժենա: Երբ գրական տեքստը չոր, դիպուկ է լինում, շահում է:

Ա.Ն. – Ես հոգեբանական բացատրություն կտամ դրան. այսօրվա մարդը բարդույթավորված է, բայց, ի տարբերություն նախընթաց շրջանի մարդու, արագորեն ճանաչում է իր բարդույթները: Սիրերգությունն այն քաղցր վիճակն է, երբ սիրտդ տրոփում է, եւ այլն, եւ այլն: Եվ երբ այդ շրջանն անցնում է, կյանքի ընթացքը, տարիքը ստիպում է հաճախ ամաչել երբեմնի դրսեւորած ռոմանտիզմից: Այսօրվա մարդը հոգեբանական այդ անցումը պատկերացնում է եւ խուսափում այդ վիճակում հայտնվելուց: Հետեւաբար, նրա տեքստում կա այդ ապահովագրվածությունը:

Ն.Վ. – Իմ կարծիքով` գրականության խնդիրը մոնումենտալ մարդուն գտնելու մեջ է: Կա ինչ-որ ցանկություն, որ այն, ինչ չես ապրել կամ ապրել ես, բայց արդեն անցել է, բերես գրականություն:

– Այսօր էլ հրատապ է մեր ժամանակների հերոսի փնտրտուքը: Ո՞վ է այն հերոսը, ում մասին գրում են երիտասարդ գրողները:

Լ.Կ. – Նախկին այդ բոհեմական պաթոսը, գոնե իմ տեսանկյունից, այլեւս չկա: Դրա փոխարեն` իշխում է պայքարը, տառապանքը, կասկածը երեւույթների ու մարդկանց նկատմամբ ու նաեւ վախը` չմնալու, չհիշվելու: Անհետ կոչելու:

Ա.Ն. – Մոտ 10 տարի է` կա ավանդույթ` հավաքվել երիտասարդ գրողներով Ծաղկաձորի գրողների հանգստյան տանը եւ ամփոփել գրական հունձքը: Վերջին 3 տարիներին փորձ է արվում այդ հավաքներին հաղորդել միջազգային մակարդակ: Անցյալ տարի եկան վրացի պոետներ, արձակագիրներ, դրանից առաջ տպագրվեց վրացի երիտասարդ գրողների պոեզիայի անթոլոգիա: Կրկին համոզվեցինք, որ, միեւնույն է, մենք բոլորից լավ ենք գրում: Սուտ ընթերցողների, սուտ ինտելիգենտների կասկածները մեր գրողների հանդեպ` տգիտությունից է: Այս անգամ մեր հավաքին մասնակցելու են ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ, եթե գան` ադրբեջանցիներ, թուրքեր: Այս անգամ էլ, հումորով եմ ասում, սակայն իրականություն է` ուզում ենք կոտրել նրա՛նց: Ես վստահ եմ, որ այս հավաքի ամենամեծ ձեռքբերումը լինելու է այն, որ մեր գրողն իրեն ավելի լավ է զգալու: Եվ ռուսները, ուկրաինացիները, մյուսները, ովքեր այնքան վերեւից են նայում մեր գրականությանը, կգան ու կհամոզվեն, որ մեզ պետք է թարգմանել, որ մեզնից սովորելու շատ բան ունեն:

Ն.Վ.
– Ուզում եմ Արքոյի` մեր մեջքին կանգնելու վստահությունն առանձնացնել. 60-70-80-ականների սերնդի հոգին Ալեքսանդր Թոփչյանն էր: Նա վերցնում էր սերնդի` կայացնելու, հիմա Արքոն վերցնում է ոչ թե սերունդ, այլ անհատ հեղինակներ, եւ իր դրած դրույքն ավելի վտանգավոր է, որովհետեւ ինքն ունի սխալվելու հավանականություն, իսկ սերնդի հարցում հնարավոր չէ սխալվել:

Լ.Կ. – Վերջերս ժամանակակից գերմանական պատմվածքի եւ իսպանական պատմվածի անթոլոգիաներ լույս տեսան: Ես բոցավառված վերցրեցի` հրաշքներ գտնելու ինձնից 10 տարի մեծ հեղինակների գործերում: Իմ հիասթափությունը եւ լավ էր, եւ վատ, որովհետեւ այսօրվա, ժամանակակից գրողը, ում տաղանդը, միգուցե, մնում է հում եւ չի բացվում, այնուամենայնիվ, նույնքան ներուժ ունի, որպեսզի ինքը եւս ստանա այն տասնյակ մրցանակները եւ կրթաթոշակները, որոնք այդ հեղինակներն են ստանում: Պարզապես այսօր պետությունն առանձնապես մեծ ուշադրություն կամ ուշադրություն` առհասարակ, չի դարձնում գրողի եւ գրականության վրա:

– Եվ դա ասում եք Դո՞ւք, Լիլի՛թ, ով ստացել է նախագահի մրցանակ:

Լ.Կ. – Մտածում էի` այնպես խոսել, որ ինձ չբռնեն… Միայն նախագահական մրցանակով խնդիրը չի լուծվում: Դա տրվում է մեկ անգամ, իսկ եթե, օրինակ, ամեն պատմվածքի համար տրվի այնպիսի հոնորար, որով գրողը կարողանա մեկ ամիս կամ մի շաբաթ, լա՛վ, մեկ օր ապրել… Ես կողմ եմ ծրագրային բնույթ կրող ներդրումների, քան նման մրցանակների:

Ա.Ն. – Երիտասարդ գրողին պետք է հնարավորություն տրվի աշխարհ շրջել: Մինչեւ 2011թ. մարտը այդքան պատվիրակություններ են եղել, այդքան գրքի սալոններ են եղել, ամեն անգամ նույն մարդիկ են պատվիրակություն կազմել: Ինչքա՞ն կարելի է Ֆրանկֆուրտի գրքի սալոնից ռեպորտաժ անել եւ նույն մարդուն նույն կոստյումով ամեն տարի ցույց տան: Դեժավյու չի, չէ՞…

– Դժվար է պնդել, թե Լերմոնտովին, Մեծարենցին, Ռեմբոյին պետությունն աջակցել է…

Ն.Վ. – Պարզապես նրանք հայտնվել են ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին… Եթե այսօր լիներ Դուրյանի նման գրող, նրան ոտնատակ կտային, կանցնեին:

Ա.Ն. – Դուք համեմատում եք մեզ այն գրողների հետ, ովքեր ապրել են մի շրջանում, երբ պետականություն չենք ունեցել: Եթե պիտի Դուրյանի պես թոքախտից 20 տարեկանում մեռնեմ, ինչո՞ւ եմ երազում անկախ պետություն ունենալ:

– Ժամանակակից երիտասարդ գրողները հավակնո՞ւմ են համաշխարհային ճանաչման: Օրինակ` Նոբելյան մրցանակի դափնեկրի կոչման:
         
Ն.Վ. – Երբ տեսնում ենք Նոբելյան մրցանակակիրների, տեսնում ենք, թե նրանց թիկունքին ինչ թիմ է կանգնած: Ինչ ժողովուրդ ու ինչ պետություն: Այսօր եթե գրողը փորձ անի իր գործը ներկայացնել Նոբելյան մրցանակի, ինքը պետք է զբաղվի իր գրքի թարգմանությամբ, համալսարանի ընտրությամբ: Այսինքն` գրողն իր գործառույթը պետք է փոխի մենեջերի աշխատանքով:

– Նման փորձ ժամանակին արեց գրող Արտեմ Հարությունյանը: Հիշում եմ` նրա այդ «հանդգնությունը» սրերով ընդունվեց:


Ա.Ն.
– Ի դեպ, առաջին հայ գրողը, ում փորձել են ներկայացել Նոբելյան մրցանակի, Սիամանթոն էր: Սակայն 1908-10թթ. մրցանակներ ստացան գրողներ, ովքեր Սիամանթոյի գրականության կողքին անգամ չէին էլ երեւում: Երբ Արտեմ Հարությունյանը ներկայացրեց իր գործը Նոբելյան մրցանակի, ինչ ասես` չասացին` «Չի էլ ամաչում, ո՞վ է նա, որ ներկայացնում է իր գործերը նման մրցանակի»: Լա՛վ է արել: Մեզ այդ ցածր, խղճուկ ինքնագնահատականն է խանգարում: Գրողը պետք է լինի հավակնոտ: Եվ լավ է, երբ գրողը փորձում է արժանի լինել ինքն իրեն տված գնահատականին: Նոբելյան են ստացել բանաստեղծներ, ովքեր պլագիատ են արել` իբր նոր ուղի են բացել, երբ Չարենցի ճկույթն էլ չարժեն: Պարզապես այդ ժողովուրդը բարձրացնում է իր գրողին, մեզ մոտ Չարենցին իր ծննդյան օրը Գրողների միությունից հեռացնում են: Բայց ես հավատում եմ այս սերունդին, գիտեմ, որ իրենք ապագայում ստեղծելու են այն գանձերը, որոնք պետք է կարդա նաեւ աշխարհը…