Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին: Նոր կառավարությունում ներգրավված է 21 նախարար, 7 փոխվարչապետ: Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Իգոր Շուվալովը: Ստեղծվել են նախարարական երկու նոր` Հեռավոր Արեւելքի հարցերով եւ բաց կառավարության հետ կապերի գծով նախարարների պաշտոններ: Նախորդ կառավարությունից իրենց պորտֆելները պահպանել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը եւ արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառավարությունը փոխվել է «երեք քառորդով»: Պուտինն ասել է, որ Ներքին գործերի նախարարի պաշտոնում Ռաշիդ Նուրգալիեւին կփոխարինի Մոսկվայի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Կոլոկոլցեւը, Տրանսպորտի նախարարի պաշտոնում Իգոր Լեւիտինին` Մաքսիմ Սոկոլովը: Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Վլադիմիր Պուչկովը, Տարածքային զարգացման նախարար` Օլեգ Գովորունը, Էներգետիկայի նախարար` Ալեքսանդր Նովակը, Տնտեսական զարգացման նախարար` կառավարության վարչության պետերից Անդրեյ Բելոուսովը, նոր գերատեսչության` Բաց կառավարության հետ կապերի նախարարության ղեկավար` Միխայիլ Աբիզովը, եւ այլք: