Երեկ ժամ 16:15-ի սահմաններում Երեւանի Կասկադ համալիրի մոտ մի կողմից հավաքվել էին «բազմակարծության» համար պայքարող երիտասարդները, մյուս կողմից` նրանց ընդդիմադիր ազգայնական երիտասարդ տղաները` «Ո՛չ գոմիկներին», «Գոմիկներին` Բաքու», «Զգուշացե՛ք հոգեվարակներից» կոչերով:
Երկու կողմերի միջեւ բախումը, սակայն, տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ գտնվում էին նաեւ մեծ թվով ոստիկաններ: Վերջիններս Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկեցին ակտիվիստներից մեկին, որը, ըստ ներկաների, վիրավորական խոսքեր էր ասել ակցիայի մասնակիցների հասցեին: Նշենք, որ երեկ առավոտյան «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքների կարիք» (PINK) եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ները հաղորդագրություն էին տարածել այն մասին, որ մայիսի 21-26-ը երկու հ/կ-ները համատեղ իրականացնելու են «Բազմակարծության շաբաթ» խորագրով միջոցառումների շարք: «Մեր օրերում, ցավոք, գրանցվում է նեոնացիստական եւ ծայրահեղ ազգայնամոլական շարժումների աճ: Առավել ցավալի է, որ հաճախ ազգայնամոլությունը հենց դա քարոզողների կողմից ընկալվում եւ ներկայացվում է` որպես ազգայնականություն, ավելին` որպես հայրենասիրություն: Նմանատիպ գաղափարախոսությունները խոչընդոտում են հասարակության առողջ զարգացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասված է նշյալ հ/կ-ների հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ ընդգծվում է, որ հիշյալ միջոցառումն իրականացնելով` իրենք նպատակ ունեն հասնել բազմազանության, փոխհարգանքի եւ մշակութային «զգայունության»: Դրան զուգահեռ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն սկսել էին տարածվել հայտարարություններ այն մասին, որ Երեւանում կազմակերպվելու էր առաջին միասեռականների շքերթը, կամ, ինչպես տվյալ ցանցի օգտատերերն էին նշում` «գեյ-պառադը»: Համացանցում շատ արագ տարածվեցին նաեւ այնպիսի լուրեր, ըստ որոնց` «Բազմազանության» երթը ոչ այլ ինչ է, քան «գեյ» շքերթ, քանի որ դրա կազմակերպիչներից մեկը, համաձայն այդ լուրերի` PINK հ/կ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանն է, որը հայտնի է որպես միասեռական: Ինչեւէ, նախատեսված «բազմակարծության» երթը չկայացավ, քանի որ դրան խոչընդոտել էին ազգայնական երիտասարդները: «Ինձ համար Հայաստանը հայրենիք է, իսկ Հայաստանը հիմնված է հայ ազգի վրա, հայ ընտանիքի վրա: Հայ ընտանիքը սրբություն է, եւ ով խախտում է այդ սրբությունը` իր տեղը Հայաստանում չէ»,- նշեց սփյուռքահայ երիտասարդներից Հակոբ Բերբերյանը, ըստ որի` ինքը նշյալ շքերթի, այսպես ասած` «ընդդիմադիրներին» միացել էր պատահաբար, երբ տեսել էր, թե ինչպես են պայքարում այդ միասեռականների ակցիայի դեմ: «Բազմակարծության» ակցիային իր վրդովմունք արտահայտելու էր գնացել նաեւ բլոգեր Տիգրան Քոչարյանը: Հարցին, թե պայմանավորվածություն եղե՞լ է նրա ու շքերթի «ընդդիմադիրների» միջեւ, վերջինս պատասխանեց, թե միգուցե եղել է, բայց ինքը շքերթի մասին իմացել է Ֆեյսբուքից: «Մաքսիմալ այնպես ենք արել, որ որեւէ միջադեպ չլինի, որովհետեւ քաղաքացիական իրավունքն է բողոքն արտահայտելու: Ոստիկանություն բերման էին ենթարկվել այնպիսի մարդիկ, ովքեր չէին կարող զսպել իրենց էմոցիաները, եւ այդպիսի մարդիկ օրենքով պետք է պատասխանատվություն կրեն»,- ասաց Տ. Քոչարյանը` նշելով, թե Ոստիկանություն է տարվել ոչ թե մեկ, այլ մի քանի քաղաքացի: «Մեր ազգը նման բան դեռեւս չի ընդունում: Ես դեմ չեմ միասեռականներին, ես դեմ եմ միասեռականների պրոպագանդմանն ու քաղաքականացմանը»,- հավելեց Տ. Քոչարյանը:
Բողոքի ակցիային ուշացումով մասնակցեցին նաեւ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները: Տեր Շմավոն քահանայի խոսքով` միակ լուծումն այն է, որ չպետք է խրախուսել միասեռականների իրավունքներն ու առաջխաղացումը: «Ելնելով կեղծ մարդասիրությունից, եվրոպական կեղծ նորմերից` մենք չպետք է փորձենք նրանց ինչ-որ արտոնություններ տալ,- նշեց Տեր Շմավոն քահանան` շարունակելով,- Պետք է բոլորին սիրել: Մենք մեղքն ենք ատում, այլ ոչ թե մեղավորին: Նրանք նույնպես մեղքի մեջ են: Եվ Աստված նույնպես` եւ նրանց վրա է արեւը ծագեցնում, եւ մեզ վրա է անձրեւ բերում: Մարդը ոչ մի հիմք չպետք է ունենա մարդուն ատելու, առավել եւս` քրիստոնյաներս: Պարզապես ամեն կերպով պետք է աշխատենք նրանց դարձի բերել»: Իսկ մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում բազմակարծության քարոզչությանը, վերջինս պատասխանեց. «Այ, դա չեմ ընդունում: Իմ ասածն էլ դա է, որ միակ բանը, որին պետք է դեմ առնենք, պետք է արգելել այդպիսի հրապարակավ քարոզչությունը, որը շատ-շատերին քաջալերում է, շատ-շատերին թեւ է տալիս: Մենք ասելով` նկատի ունեմ պետությանը կամ պատկան մարմիններին: Վստահ եմ, որ այսօր կամ վաղը կհայտնվեն կեղծ մարդասերներ կամ մարդապաշտպաններ, որոնք կփորձեն պաշտպանել բոլոր համասեռամոլներին: Եվ այսօր հարցս ուղղում եմ նրանց` կուզենայի՞ք, որ ձեր երեխաները նմանվեին նրանց: Եթե` այո, գնացեք եւ քարոզեք, եթե` ոչ, ուրեմն` կեղծ երեսպաշտությամբ են զբաղվում բոլոր նրանք, ովքեր փորձում են պաշտպանել այդ երեւույթը»:
Իսկ ավելի ուշ նշյալ ակցիայի ընդդիմադիր-երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի` երեկ ժամը 21:00-ին իրենց բողոքն արտահայտելու էին «DIY» ակումբի մոտ: