– Երկու օր առաջ Լիբանանի հյուսիսային մասում` Տրիպոլիում, տեղի ունեցած արաբ շեյխի սպանությունը բավական իրարանցում առաջացրեց լիբանանահայերի շրջանում: Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այդ միջադեպը լիբանանահայերի կյանքում:
– Դեպքը չի վերաբերում միայն հայերի կամ, ավելի կոնկրետ` լիբանանահայերի վրա ազդեցություն գործելուն: Այն միջհամայնքային լարվածություն առաջացնող միջադեպ է. նկատի ունեմ սյունի-ալաուի համայնքների միջեւ առկա լարվածությունը: Երկրորդ հանգամանքը սիրիական իրավիճակի հետ կապված է այն առումով, որ Սիրիայում նույն երկու համայնքների միջեւ գոյություն ունի շիկացած մթնոլորտ, եւ Տրիպոլիի դեպքը կարող է դիտարկվել որպես սիրիական իրադարձությունների լիբանանյան դաշտ տեղափոխման նախանիշ: Ինչ վերաբերում է հայերին, ապա ասեմ, որ Տրիպոլիում կա հայ համայնք, որ ունի եկեղեցի, դպրոց, կենտրոն: Փառք Աստծո, առ այսօր որեւէ վնաս չի հասցվել տեղի հայերին: Բայց կա կարեւոր խնդիր: Դեպքերը տեղի են ունենում հյուսիսային Լիբանանում եւ հատկապես այն վայրերում, որտեղ թուրքական գործոնն աշխույժ է, որտեղ կա թրքացեղ եւ թրքալեզու ազգաբնակչություն:
– Իսկ հիմա ինչպիսի՞ն է իրավիճակը Տրիպոլիում, եւ ինչքա՞ն է տեղի հայերի թիվը:
– Տրիպոլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է, բայց սպասողական եւ լարված կացություն է: Հայտարարողական մակարդակի վրա պաշտոնական դեմքերը եւ՛ հոգեւոր, եւ՛ քաղաքական` իրավիճակի հանդարտացման կոչեր են անում, բայց փողոցը միշտ չէ, որ ընդառաջում է այդ կոչերին: Ընդհանրապես, լիբանանյան բանակի վերահսկողությունը տարածվում է, սակայն միջադեպերն արձանագրվում են հատկապես Սիրիայի սահմանամերձ շրջաններում: Իսկ Տրիպոլիում բնակվում է շուրջ 150 ընտանիք:
– Որոշ ժամանակ առաջ Լիբանանում, կարծես, ավելի խաղաղ իրավիճակ էր, թեեւ պարբերաբար խոսվում էր Թուրքիայի կշռի մասին, որը շատ արագ խզեց իր հարաբերությունները Լիբանանի հետ: Թուրքիայի դերակատարումն այդ բախումների «վերարթնացման» գործում արդյո՞ք առկա է:
– Շատ կարեւոր հարց եք տալիս: Թուրքական գործոնը Միջին Արեւելքում վերջին շրջանում աշխուժացել է: Սիրիայի հետ արտակարգ մերձեցում էր` ընդհուպ ռազմավարական հատուկ գործընկերություն, մուտքի վիզաների ռեժիմի վերացում, առեւտրական համաձայնագրերի կնքում եւ այլն: Այդ մերձեցումն այսօր տեսնում ենք, որ բավական թանկ արժեր Սիրիայի իշխանություններին: Նմանատիպ մերձեցում կա նաեւ պաշտոնական Բեյրութի հետ: Հյուսիսային Լիբանանը թափանցման քաղաքականություն իրականացնելու համար թիրախավորվել էր պաշտոնական Անկարայի կողմից: Հյուսիսային Լիբանանում ապրում է թրքալեզու ազգաբնակչություն, որի նկատմամբ Անկարան իրականացնում է կրթության, մշակույթի եւ առողջապահության ոլորտներին վերաբերող քաղաքականություն: Վերջերս այդ դեպքերից անմիջապես հետո հենց նույն շրջաններն են այցելել Թուրքիայի անվտանգության հարցերի պաշտոնատարը, որ Լիբանան էր եկել առանց տեղեկացնելու Լիբանանի արտաքին գործերի նախարարությանը: Պատահական չէ, որ այս դեպքերը տեղի են ունենում Անկարայի կողմից թիրախավորված շրջաններում: Միջազգային վերլուծական կենտրոնները խոսում են Սիրիայի սահմանամերձ շրջաններում ապահովական գոտիներ ձեւավորելու հնարավորության մասին: Նման դեպքերը պարզապես ենթահող են պատրաստում նման ծրագրեր իրականացնելու համար: Այս բոլոր դեպքերում պետք է դիտարկել թուրքական գործոնի աշխուժացումը հատկապես այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում դեպքեր:
– Իսկ այդ բախումների հետեւանքով լիբանանահայերի շրջանում արտագաղթ նկատվո՞ւմ է դեպի Հայաստան կամ այլ երկրներ:
– Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նման հոսք չի նկատվում:
– Եվ ինչքանո՞վ կարող են անդրադառնալ այդ բախումները լիբանանահայերի կյանքին:
– Իհարկե, բացասաբար կանդրադառնան, բայց ասեմ, որ լիբանանահայությունը կուտակել է վիթխարի փորձ եւ դիմադրողականություն` նման ճգնաժամեր շրջանցելու համար: Շատ ավելին, քան այսօրվա իրավիճակն է: Հակառակ նման պայմաններին` լիբանանահայությունը համահայկական խնդիրների հետապնդման առումով համասփյուռքյան տարողությամբ առաջատար է: Միայն այն փաստը, որ առաջին համայնքն է, որտեղ կառուցակարգված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կեդրոնական մարմին, որ արդեն ռազմավարական նշանակություն է տվել իր գործունեությանը եւ այս տարվա ընթացքում իրականացրել է 20-ից ավելի միջոցառումներ: Չմոռանանք, որ թուրքական դեսպանատան առջեւ հավաքված 20.000 լիբանանահայեր փաստեցին, որ հակառակ բոլոր դժվարություններին` իրենք անկոտրում կամք ունեն համահայկական խնդիրներ հետապնդելու իրենց հավաքական պայքարում: Եվ սա կարեւոր է, մանավանդ, երբ նկատի ունենք հակառակորդի աշխուժացումը տարածաշրջանում եւ այս երկրում: