Ասելիք ու անելիք չունեցող նախարարություն

22/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ մշակույթի նախարարությունը, պարզվում է` ինքնիշխան գերատեսչություն է, որը լրատվամիջոցների գործառույթը հավանաբար համարում է իր կողմից կազմակերպված հրավառությունների պատկերավոր նկարագրումը: Ոչ ավելին: Վերջին շրջանում մեր թերթում բազմաթիվ հրապարակումներ են եղել մշակույթի ոլորտի վերաբերյալ, մասնավորապես այն մասին, թե որտեղ են մսխվում պետբյուջեից նախարարությանը տրամադրվող գումարները` նկատի ունենալով Մշակույթի նախարարության այսօրվա պատասխանատուների անհասկանալի «տուրիստական ճամփորդությունները», փառատոների անարդյունավետ մասնակցությունները, թատրոնների ֆինանսավորման, պետական գումարներով նախատեսված ֆիլմարտադրության չկատարված պարտավորությունները, եւ այլն: Այսինքն` խնդիրներ, որոնք նախարարության կողմից պահանջում են առավելագույն թափանցիկություն: Մինչդեռ, մշակույթի նախարարը, վարչության պետերն ու պետերի տեղակալները կարծում են, թե իրենց տրված է ինքնաբուխ գործունեության մենաշնորհ: Տասը օր առաջ մենք դիմել ենք ՀՀ մշակույթի նախարարության լրատվության բաժին` խնդրելով հարցազրույց կազմակերպել նախարար Հասմիկ Պողոսյանի հետ վերոնշյալ խնդիրների առնչությամբ եւ թատրոններում նախարարության կողմից ֆինանսավորվող պիեսների բեմադրման ընտրության սկզբունքը մեկնաբանելու վերաբերյալ: Ինչպես նաեւ հետաքրքիր էր, թե, օրինակ` Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին հսկայական գումարներով «Կաննի» փառատոն ճանապարհելը ի՞նչ է տալիս մեզ, կամ որո՞նք են «Պետական աջակցություն ֆիլմարտադրությանը» ծրագրով նկարահանված խաղարկային, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն ֆիլմերը: Նախարարության լրատվության բաժնի ներկայացուցիչը, սակայն, 10 օր անց մեզ փոխանցեց, որ հարցը գրավոր ներկայացնենք: Արձագանքելով մեր դիտարկմանը, թե` Ձեր պատասխանին հաջորդելու են իմ հարցերը, եւ այդպես կստացվի` օրական մի գրավոր հա՞րց ուղարկել նախարարություն, լրատվական բաժնի ներկայացուցիչը խոստացավ կազմակերպել ոչ «գրավոր» հարցազրույց, բայց… Մեկ շաբաթ անց կրկին զանգահարեցինք, եւ պարզվեց` մեր հարցերին պատասխանելու է փոխնախարարը, բայց թե երբ` Աստված գիտի: 10 օր է անցել այդ պայմանավորվածությունից, սակայն` ոչ մի արձագանք: Սակայն եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ ՀՀ մշակույթի նախարարությունն ընդամենը հրավառություն կազմակերպող գերատեսչություն է, ոչ ավելին: Նրանք տուրիստներ են, որոնք պետության փողերով եվրոպական փառատոներին, երեկոներին ու միջոցառումներին ուղղակի զվարճանում են: Նրանք տուրիստներ են նաեւ Հայաստանի մշակութային դաշտում, որտեղ ոչինչ չի կատարվում, բացի կարմիր գորգի վրայով անցնող նախարարուհու կրունկների «չխկչխկոցից»: Չնայած այս ամենին, մենք պատրաստ էինք այս ոլորտում առկա բազմաթիվ խնդրահարույց թեմաների մասին մեկնաբանություն ստանալ նաեւ նախարարությունից, սակայն` ապարդյուն, քանի որ, ինչպես հասկացանք` նրանք ասելիք չունեն: Իսկ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ անիմաստ է որեւէ հրապարակումից առաջ դիմել Մշակույթի նախարարությանը` նաեւ իրենց տեսակետները ներառելու համար: Եվ թող նախարարությունը փորձի պատասխան նամակ ուղարկել…