«Այս հեռուստաեթերի կոմբիկերը հասարակությանը որակազրկում է»

22/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայիսի 18-ին աշխարհում, ինչպես նաեւ` Հայաստանում նշվեց «Թանգարանների միջազգային օրը», իսկ մայիսի 19-ը հայտարարվեց «Թանգարանային գիշեր», որի շրջանակներում մարդիկ կարող էին անվճար այցելել թանգարաններ: Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր տարածքի համեմատ շատ պատմական հուշարձաններ ու թանգարաններ ունի, հետեւաբար` մեր թանգարանային ցանցը բավականին հարուստ եւ բազմաբովանդակ է: Մենք ունենք հրաշալի պատկերասրահներ, պատմության թանգարաններ, երկրագիտական ու հնագիտական արգելոցներ, գրականությունն ու արվեստը ներկայացնող հաստատություններ եւ գրողների տուն-թանգարաններ: Ընդ որում, Հայաստանի ազգային պատկերասրահներն ու Պատմության պետական թանգարաններն ունեն իրենց մասնաճյուղերը: Օրինակ` Ազգային պետական պատկերասրահը մասշտաբային մշակութային հաստատություն է, որը Երեւանում եւ 14 մարզերում մասնաճյուղեր ունի, ավելին` Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը նույնպես 5 մասնաճյուղ ունի: Դրանից զատ, մենք ունենք նաեւ թանգարաններ «բաց երկնքի տակ»` Էրեբունի, Կարմիր, Զվարթնոց եւ այլն: Այսինքն` ունենալով մշակութային հսկայական ժառանգություն, «Թանգարանների միջազգային օրն»` իբրեւ առիթ, կարող էինք ոչ միայն «ակտիվացնել» թանգարանային մշակույթը, այլեւ միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանի մշակույթը: Մենք ունենք մշակութային հարստություն, սակայն չունենք մշակութային հաստատություններն ավելի օրգանական դարձնելու մեխանիզմներ: 21-րդ դարում փոխվում են նաեւ թանգարանների «մատուցման» ձեւաչափերը, ներդրվում են դրանք ավելի ֆունկցիոնալ դարձնելու տարատեսակ մոդելներ: Այսինքն` մարդուն ու թանգարանին մոտեցնելու գաղափարների, ծրագրերի փնտրտուքը «քայլում է» ժամանակի հետ: Հայաստանում թեեւ որոշ թանգարաններ թարմ իդեաներ շրջանառելով` այցելուների հոսքն ավելացնում են, այդուհանդերձ` մեծամասամբ մեր թանգարանները, կարելի է ասել` չեն «շնչում»: «Թանգարանային գիշեր» միջոցառումների ժամանակ դժվար է հավատալ, որ Հայաստանի ողջ տարածքում գործող թանգարանային նմուշները տոնի զգացողություն ունեցան: Գրեթե բոլոր` նաեւ մարզերի առկա թանգարաններում իրականացվեցին միջոցառումներ, որտեղ այցելուների նեղ շրջանակը նույնն էր, եւ դժվար է ասել, որ շարքային մարդու մոտ «Թանգարանների միջազգային օրվա» միջոցառումների շարքը մշակույթի նկատմամբ հետաքրքրություն առաջացրեց: Այնուամենայնիվ, հետաքրքիր նախագծեր իրականացվեցին, որոնց մասին թեեւ տեղեկատվություն չտարածվեց, այդուհանդերձ, կարծում ենք` նման ծրագրերը ոչ թե տոնից տոն, այլ մշտական դարձնելու պարագայում կարելի է թանգարանների այցելուների հոսքն ընդլայնել: 2001թ. ստեղծված Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի գոյության մասին հավանաբար անգամ մայրաքաղաքում քչերը գիտեն: Ի դեպ, ի տարբերություն մյուս թանգարանների` Թամանյանի թանգարանի մուտքն անվճար է: Իր բնույթով եզակի այս հաստատության մեջ ամփոփված է Թամանյանի ողջ գաղափարախոսությունն ու ճարտարապետական` մեզ համար չբացահայտված էքսպոնատները: Մայիսի 19-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում թանգարանում դասական երաժշտության մատուցումը գեղագիտական հրաշալի միջավայր էր ստեղծել: Այսինքն` թանգարանի այցելուները հնարավորություն ունեին Թամանյանի ժառանգությանը ծանոթանալ կենդանի դասական երաժշտություն ունկնդրելով: Թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ալեքսանդր Թամանյանի ծոռ Հայկ Թամանյանը նախագիծն իրականացնելու համար դիմել էր արվեստի վաստակավոր գործիչ, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել երաժշտին (Գրիգոր Դանիելյան), ինչպես նաեւ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի (ՄՄԵԴ) տնօրեն Մարտուն Կոստանդյանին` միջոցառմանն աջակցելու համար: Դպրոցի լարային քառյակը, որի գեղարվեստական ղեկավարը Դանիել երաժիշտն է, կատարեց Հայդնի «Լյա մաժոր» կվարտետը, հայկական միջնադարյան տաղեր եւ ժողովրդական մեղեդիների շարք: «Մեզ համար մեծագույն պատիվ էր այս կամարների տակ ելույթ ունենալ: Հ. Թամանյանը դասական երաժշտության հարուստ պաշար ունի, եւ այցելուներն էքսպոնատները դիտելուն զուգահեռ` կարող են ընկղմվել դասական երաժշտության մեջ: Ի վերջո, այս մթնոլորտը մարդուն տրամադրում է հոգեւոր արժեքների ընկալմանը, հոգեւոր կյանքի դրսեւորումներին: Պետք է ասեմ, որ կվարտետի առաջին ելույթը` պրեմիերա էր, որը մեծ արձագանքների արժանացավ: Կարծում եմ, այս քառյակն իր առաջին ելույթը կհիշի այնպես, ինչպես հիշում են առաջին սերը: Եթե մի քառյակ իր մեկնարկը սկսում է Թամանյանի թանգարանից, ուրեմն` մեծ ապագա է սպասվում նրանց»,- ասում է Դանիել երաժիշտը` հավելելով, որ կենդանի կատարումները, ձայնագրությունների, տեսագրությունների մատուցումը թանգարանում բավականին արդյունավետ մոդել է` մարդկանց թանգարան «վերադարձնելու» իմաստով: «Այդ ժամանակ թանգարանում մուսաների փունջ կլինի, այսինքն` եւ՛ ճարտարապետություն, եւ՛ երաժշտություն, եւ՛ գրականություն` ասմունք»,- հավելեց նա:

Նշենք նաեւ, որ լարային քառյակը ներկայացնող Չայկովսկու անվան դպրոցի սաներին (նրանք բոլորն էլ միջազգային մրցույթների դափնեկիրներ են) թանգարանի տնօրեն Հայկ Թամանյանը «Թանգարանային գիշեր» միջոցառման ընթացքում գեղեցիկ կատարման համար պատվոգրեր հանձնեց:

ՀՀ Քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ գործող Ա. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Թամանյանը կարծում է` դասական երաժշտության «ներմուծումը» դեպի թանգարան գեղագիտական ամբողջական պլատֆորմ է ստեղծում, որտեղ դասական երաժշտության սիրահարները գալիս են թանգարան երաժշտություն լսելու, իսկ թանգարանի այցելուներն էլ հնարավորություն են ստանում` էքսպոնատներին ծանոթանալուն զուգահեռ` լսել որակյալ երաժշտություն: Այլ կերպ ասած` թանգարանային միջավայրն ինչ-որ տեղ իրականացնում է գեղագիտական դաստիարակության գործառույթ: «Նման ֆորմատի ծրագրեր առաջիկայում նույնպես կիրականացնենք: Առայժմ մեզ խանգարում է թանգարանում դաշնամուրի բացակայությունը, որի առկայության պայմաններում դասական երաժշտության մատուցման ձեւաչափը կարող էինք ընդլայնել: Այս անգամ լարային քառյակը կարողացավ հրաշալի կատարումներով թանգարանային հետաքրքիր մթնոլորտ ստեղծել: Իդեալական կլիներ, որն իմ երազանքն է` իրականացնել ամենամյա երաժշտական փառատոն, այնպես, ինչպես իրականացնում է Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանը: Այն կոչվում է «Դեկտեմբերյան երեկոներ», եւ փառատոնում տասնամյակներ շարունակ համերգներ են տեղի ունենում»,- ասում է Հ. Թամանյանը` հավելելով, որ նման փառատոներ ու ծրագրեր իրականացնելը հասարակության մեջ թանգարանային մշակույթ կձեւավորի, սակայն դրանք իրականացնելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Նա վստահեցնում է, որ լարային քառյակի երաժիշտներն առայժմ ֆինանսական հավակնություններ չունեն, անհատույց ելույթ են ունենում, սակայն փորձառություն ձեռք բերելուց հետո նրանց նման համերգներին ներգրավվելը դժվար կլինի. «Այնուամենայնիվ, այս փորձը հաջող էր, նման միջոցառումների կազմակերպման հարցում ես ավելի համարձակ կլինեմ»: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք թանգարանի այցելություններն ակտիվ են, մանավանդ, որ մուտքն ազատ է: Հասարակական անտարբերությունը մշակութային հաստատությունների նկատմամբ Հ. Թամանյանը բոլորովին չի պայմանավորում ֆինանսական խնդրով: Ճիշտ հակառակը, ըստ նրա` պարզապես դրան ժամանակ հատկացնելու համար հոգեւոր եռանդն է բացակայում։ «Անկեղծ ասած` մայիսի 19-ը ինձ համար պարունակում էր նաեւ որոշ անակնկալ: Մասնավորապես այն, որ ճարտարապետական կրթություն չունեցող կամ ճարտարապետ ուսանող չհանդիսացող մարդիկ մեծ ուշադրությամբ դիտում էին ճարտարապետական գրաֆիկայի աշխատանքները: Ինձ մինչեւ հիմա թվում էր, թե ճարտարապետական գրաֆիկան մի առարկա է, որը կարող է գնահատել միայն նկարիչը, գրաֆիկը, ճարտարապետը: Այսինքն` մարդ, որը փորձել է նման աշխատանք կատարել: Մայիսի 19-ը ցույց տվեց, որ մարդիկ հակված են դա ընկալել ու գնահատել»,- ասում է նա: Այն, ինչ հրամցվում է մեր հեռուստատեսությամբ, Հ. Թամանյանն անվանում է հոգեւոր «կոմբիկորմ», որի արդյունքում մարդիկ հեռացել են մշակութային արժեքներից, քանի որ հայ մարդուն հեռուստատեսությամբ կրթելու փոխարեն` բթացնում են: Նա կարծում է, որ հասարակական անտարբերությունն առհասարակ մշակույթի հանդեպ կարելի է կոտրել միմիայն պետական երկարաժամկետ ներդրումներով եւ ծրագրերով, ինչպես նաեւ` հեռուստաեթերի վերահսկողությամբ: «Օրինակ` Խորհրդային իշխանությունը դա գիտակցում էր. զանգվածային հոգեւոր սնունդը բարձր որակ ուներ եւ անգամ հեռուստատեսությունից ակնկալում էր ընկալողի մակարդակի բարձրացում, հոգեւոր աճ: Հիմա, իհարկե, թանգարանների էնտուզիաստները, նվիրյալները կարող են անել ավելին, քան անում են, բայց սա այն խնդիրն է, որը պետական մոտեցում է պահանջում: Ի վերջո, ձեւավորվում է ազգը եւ, դրանից կախված` մենք կլինենք ավելի կամ պակաս կիրթ եւ, որպես հետեւանք, ավելի կամ պակաս կայուն ու մրցունակ»,- նկատում է Հ. Թամանյանը: Ի դեպ, նշենք նաեւ, որ թանգարանում յուրաքանչյուր ուրբաթ կինոդիտում է կազմակերպվում, որտեղ այցելուները հնարավորություն են ստանում դիտելու աշխարհի թանգարանային, երաժշտական, կերպարվեստի եւ, ընդհանրապես, բարձր արվեստի վերաբերյալ հարուստ նյութեր եւ տիրապետել գեղագիտական հսկայական տեղեկատվության: