Բուժիչ նամակներ

22/05/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բուժում է համեմը

Համեմն այն բույսերից է, որոնք հնագույն ժամանակներից օգտագործվել են սննդի մեջ։ Բույսի մասին կան հիշատակումներ հին սանսկրիտական ձեռագրերում, Հին Կտակարանում, ըստ հնէաբանների` հայտնի է եղել Հին Եգիպտոսում։

Կան գիտնականներ, ովքեր բույսի հայրենիքն են համարում Միջերկրական ծովի Հարավ-արեւմտյան տարածքը եւ Փոքր Ասիան։ ՀՀ բնական պայմաններում վայրի վիճակում հանդիպում է Գեղարքունիքի եւ Վայքի մարզերում։

Որպես համեմունք եւ բուժիչ միջոց` մշակվել է հնագույն ժամանակներից։ Ունի նաեւ տնտեսական նշանակություն` օգտագործվում է մետաղագործական, օճառի, պարֆյումերիայի, սննդի, տեքստիլ արդյունաբերությունում, նաեւ լիկյորի եւ օղու արտադրությունում։

Հայտնի է «Բորոդինյան» հացը, որում առկա է համեմի բուրմունքը։

Համեմը հովանոցազգիների (կամ քարավուզազգիների` Apiaceae) ընտանիքին պատկանող միամյա բույս է։ Գիտական անվանումն է` Coriandrum sativum` համեմ ցանովի։ Ունի ամբողջական, լայն կամ մանր կտրատած փայլուն տերեւներ` 50-120 սմ բարձրությամբ ուղղաձիգ` գագաթային մասում ճյուղավոր, ցողուն, մանր սպիտակավարդագույն ծաղիկներ եւ գնդաձեւ երկսերմ պտուղ։ Սերմիկները դեղնաշագանակագույն են, նարնջի բուրմունքով եւ սուր քաղցրավուն համով։

Ծաղիկները հավաքված են բարդ ծաղկաբույլերում, հովանոցի եզրային ծաղիկներն ավելի խոշոր են։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Համեմի տեսակները շատ չեն, հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերեւների հզոր վարդակ։

Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլեւ կատարում խաչաձեւ փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի եւ փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս անց։

Մեր օրերում համեմի սերմը մեծ տարածում ունի Հնդկաստանում, այն մտնում է հայտնի «Կարրի» համեմունքային խառնուրդի բաղադրության մեջ։ Կարրին անհնարին է պատրաստել առանց համեմի սերմի։ Հնագույն ժամանակներից համեմը համարվել է լավագույն աֆրոդիզիակներից մեկը։ Համեմը եւ կարրի համեմունքը շատ հարգի են Թաիլանդում, Ավստրալիայում, Մեքսիկայում եւ ԱՄՆ-ում։

Համեմի սերմիկները ավելի հայտնի են կորիանդր անվան տակ։ Հարուստ է ճարպերով, պարունակում է մինչեւ 15 տոկոս սպիտակուցներ, շաքարներ, օսլա, պեկտին, դաբաղանյութ, ասկորբինաթթու, ռուտին։ Տերեւներում կա ասկորբինաթթու, B1, B2, P վիտամիններ, ֆիտոնցիդներ։ Բույսի վերգետնյա մասում կամ մինչեւ 1,2 տոկոս եթերային յուղ, որի հիմնական մասը կազմում է լինալոոլը, նաեւ հերանիոլ, բուրումնավետ թթուներ, հանքային աղեր (կալիում, ֆոսֆոր, մագնիում), ոչ հաճելի հոտ ունեցող ալդեհիդ, որը, սակայն, գրեթե չեզոքանում է հասունացման շրջանում։

Բույսից ստանում են եթերային յուղ եւ ճարպայուղ, որի պարունակությունը հասունացած սերմում հասնում է 18-20 տոկոսի։

Արտադրության թափուկներով կերակրում են տնային կենդանիներին, թռչուններին։

Եթերային յուղից սինթեզում են բուրումնավետ նյութեր, հակամանրէ հատկություն ունեցող հեղուկ եւ կոնֆետի տեսքով դեղորայք, կոնյուկտիվիդի, գլաուկոմայի, կերակրող մայրերի կրծքապտուկի ճաքերը բուժելու համար նախատեսված ալդեհիդ ցիտրալը։ Ժողովրդական բժշկության մեջ կորիանդրը (համեմի սերմ) կիրառվում է որպես լեղամուղ եւ խորխաբեր միջոց, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի պատճառած ցավերը նվազեցնելու, կուտակված գազերը հեռացնելու համար։

Խորհուրդ է տրվում աղեստամոքսային համակարգի ինֆեկցիոն բնույթի բորբոքային հիվանդությունների, նյարդային անհանգիստ վիճակի դեպքում։

Ունի կապող, թմրեցնող հատկություն։ Շատ կարեւոր է, որ կանխարգելում է ներքին գոլորշիների հոսքը դեպի գլուխ, ինչի պատճառով խորհուրդ է տրվում ընդգրկել ընկնավորությամբ հիվանդի սննդակարգի մեջ։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, անհատական անընկալունակության դեպքում։ Կորիանդրը թուլացնում է էրեկցիան։ Հարյուր մլ համեմի հյութ խմողի մոտ հնարավոր է առաջանա ուշագնացություն, հոգեկան խանգարում։

Ա. Ամասիացին համեմի (գինձ) բուժիչ հատկությունների վերաբերյալ գրել է. «Լինում է բանջարանոցային եւ վայրի։ Բանջարանոցայինն ավելի օգտակար է։ Բերանից վերացնում է սոխի, սխտորի, գինու հոտը։ Համեմը չի կարելի չարաշահել, կմթագնի հիշողությունը, կդադարեցնի սերմնարտադրությունը, խռպոտ կդարձնի ձայնը։ Դադարեցնում է արյունաթքությունը, որձկալը եւ թթվահամ բխկոցը։ Գինձի թարմ հյութը թունավոր է եւ կարող է մահացու լինել»։

Կորիանդրն օգտագործում են թարմ կամ չորացրած վիճակում, հավաքում են հասունանալուց հետո չոր, արեւոտ եղանակին, չորացնում օդափոխվող ծածկի տակ, պահպանման ժամկետը չորս տարի է։

Թուրմ- 1 թ/գ մանրացրած կորիանդրը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 50-70-ական մլ, օրը 3-4 անգամ։

Դեպրեսիա – 100 գ կորիանդրը 7 օր թրմեք 1 լ կարմիր գինու մեջ։ Քամեք։ Խմեք 50-ական գրամ, օրը 2-3 անգամ։

Ընկնավորություն. Օրը 1-2 անգամ կերեք 10-ական կորիանդրի տրորած հատիկ։

Վարիկոզ. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ քաղցրարմատի կոճղարմատը, սրոհունդի եւ կատվալեզու եռաբաժնի խոտերը, ջղախոտի տերեւը, 1թ/գ կորիանդր։ Հումքի 1ճ/գ-ին ավելացրեք 300 մլ տաք ջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։

Հիստերիա.100 գրամ կորիանդրը 1 շաբաթ թրմեք 1 լ օղու մեջ։ Խմեք կես թ/գ, օրը 1 անգամ, կամ բաժանեք այդ չափաբաժինը 2 մասի։

Անգինա, ստոմատիտ. Կես ճ/գ համեմի կանաչին 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Կատարեք ողողումներ։

Անքնություն. Մանրացրեք, խառնեք 25-ական

– սամիթի, համեմի, չամանի եւ 50 գ ալոճի պտուղները, ավելացրեք 1 լ «Կագոր», թրմեք 1 շաբաթ, հասցրեք եռման ջերմաստիճանի եւ անջատեք կրակը, 3 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք։ Խմեք 25-ական գրամ` առավոտյան եւ քնելուց առաջ։

Թութք. Երեք ճ/գ համեմի թարմ խոտը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` սնվելուց կես ժամ առաջ։

Հնագույն մոնղոլական դեղատոմսեր

– Շաքարային դիաբետ. 1ճ/գ չոր խոտը մանրացրեք, ավելացրեք 200 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի եւ 3 րոպեից անջատեք կրակը, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 1,5 ժամ հետո։ Շարունակեք 2-3 ամիս։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցվի ներարկվող ինսուլինի չափաբաժինը։

– Խառնեք համեմի ծաղիկը եւ տերեւը (հավասար), 1 ճ/գ 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք խմելուց առաջ։ Խմեք 50-100 մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։