Նաեւ դե յուրե

19/05/2012

Ինչպես եւ սպասվում էր, երեկ կայացած քաղխորհրդի ընդլայնված նիստում «Հանրապետություն» կուսակցությունը միաձայն որոշում է կայացրել Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու մասին: Այդ առիթով կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. ««Հանրապետություն» կուսակցությունը հավատարիմ իր սկզբունքներին` պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը: Կիսելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտության Հայ ազգային կոնգրեսի համոզմունքը` արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում, ունենք ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ, որոնք, ցավոք, ժամանակի մեջ ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ խորանում են: Ուստի «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, տարածքային կազմակերպությունների ակտիվի հետ քննարկման արդյունքում, միաձայն որոշեց դադարեցնել իր անդամակցությունը Հայ ազգային կոնգրեսին: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայ ազգային կոնգրեսին` համատեղ անցած ճանապարհի համար, մաղթելով հաջողություն իր ծրագրերի իրականացման ճանապարհին»: Ավելացնենք, որ երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ի դեպ, երեկ ՀԱԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն է տարածել նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Հայաստանի լիբերալ կուսակցությունը: