Առաջ ու հետ քայլող տնտեսություն

03/12/2005

Հայաստանը պաշտոնապես հայտարարում է տնտեսական նոր հաջողության մասին։ 2005թ. հոկտեմբերի դրությամբ` մոտ 30%-ով աճել են օտարերկրյա ներդրումները։ Դրանց ծավալը կազմել է մոտ 226 մլն դոլար։ Օտարերկրյա ներդրումների գծով առաջատարը Հունաստանն է (68 մլն դոլար)։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է (47 մլն դոլար)։ Երրորդ տեղում` Գերմանիան (29 մլն դոլար)։

Այս դրական փաստերի կողքին արձանագրվել են տվյալներ, որոնք խիստ մտահոգիչ են։ Նախ` օտաերկրյա ներդրումների ծավալով Հայաստանը զիջում է եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին։ Անցած տարվա համեմատ նվազել են ամերիկյան ներդրումների ծավալները` կազմելով մոտ 17 մլն դոլար։ Համարյա 40%-ով կրճատվել են ներդրումները Ֆրանսիայից (կազմել է 14 մլն դոլար)։ Ամենաբացասականը թերեւս այն է, որ ընդհանուր առմամբ նվազել են օտաերկրյա ուղղակի ներդրումները` 5%-ի չափով։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ չնայած օտաերկրյա ներդրումների հայտարարված աճին, մեր երկիրն ուղիղ 5%-ով պակաս հրապուրիչ է դարձել արտասահմանցի գործարարների համար։ Տարեկան կտրվածքով 5% պակաս հրապուրիչ դառնալն իսկապես մտահոգիչ երեւույթ է։