«Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց` մի քանի առանցքային ուղղություններում` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Այսինքն` շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` այդուհանդերձ, խոսելով նաեւ ընտրություններում արձանագրված բացասական երեւույթների մասին: «Միեւնույն ժամանակ, որոշ խնդիրներ շարունակում են մնալ, եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են… ընտրակաշառքները եւ վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում են մնալ լուրջ խնդիր: Ուստի դեռ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա հաջորդ ընտրություններից առաջ»,- ասել է նա` ավելացնելով, թե իրենք աշխատում են ՀՀ իշխանությունների հետ` ընտրություններում տեղ գտած խնդիրները վերացնելու համար: