Դիմեցին ՍԴ

19/05/2012

Երեկ Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` «ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով»: Մինչ այդ ՍԴ էին դիմել նաեւ պատգամավորի վեց թեկնածուներ, որոնցից 5-ը` Հայ ազգային կոնգրեսից։ Թվով երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով եւ Սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին: Նշված վեց դիմումները ներկայացվել են թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի եւ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի կողմից: Նրանք վիճարկում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումները: Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, Սահմանադրական դատարանի անդամներին հանձնարարել է ուսումնասիրել նշված դիմումները եւ զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին: Նշենք, որ ըստ օրենքի, դիմումի նախնական ուսումնասիրության համար տրվում է 8 օր, որն, ըստ անհրաժեշտության, կարող է երկարացվել եւս երեք օրով։