Երկու օր առաջ, երբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ում տեղի ունեցավ 8.5 միլիոն դոլարի վաճառք, եւ դոլարի փոխարժեքը աննշան չափով, բայց նվազեց, շատերը թեթեւացած շունչ քաշեցին։ Մտածեցին՝ Կենտրոնական բանկին հաջողվեց սանձել դրամի սրընթաց արժեզրկումը։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել էր 396.99 դրամ։ Սակայն հաջորդող երկու օրերին դրամը շարունակեց իր անկումը։ Այսպես, մայիսի 17-ին դոլարի միջին փոխարժեքը հասավ 398 դրամի։ Իսկ երեկ՝ բորսայում դոլարի միջին փոխարժեքը գրանցեց նոր ռեկորդ՝ հասնելով 399.50 դրամի։ Կանխիկ փոխանակման կետերը, բնականաբար, շատ արագ արձագանքեցին այս փոփոխությանը, եւ դոլարի վաճառքի գինը հատեց 400-ի հոգեբանական շեմը՝ հասնելով 401 դրամի։ Ուշագրավն այն է, որ նախորդ երկու օրերի ընթացքում բորսայում չնչին ծավալի գործարք է եղել։ Մայիսի 16-ին գրանցվել է 900 հազար դոլարի գործարք, մայիսի 17-ին՝ 800 հազար դրամի։ Փաստորեն, ԿԲ-ն նախորդ երկու օրերին չի դիմել կտրուկ ինտերվենցիաների՝ փոխարժեքը կայունացնելու համար։ Թե ինչ զարգացումներ կլինեն հաջորդ շաբաթվա ընթացքում, ժամանակը ցույց կտա։ Սակայն, որ հասարակության շրջանում արդեն լուրջ անհանգստություն է նկատվում, փաստ է։ Մնում է հուսալ, որ այդ անհանգստությունը չի վերածվի խուճապի։