Մայիսի 6-ի ընտրություններից արդեն անցել է շուրջ երկու շաբաթ։ Երկու շաբաթը քիչ ժամանակ չէ, եթե նկատի ունենանք երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները, որոնց լուծման գործին ընտրարշավին մասնակցող բոլոր ուժերը խոստանում էին օր առաջ լծվել։ Հատկապես փոփոխությունների կոչ անող իշխող կուսակցությունը։
«Հավատանք, որ փոխենք»,- ասում էր ՀՀԿ-ն։ Ընդունենք, որ «հավատացին»։ Սակայն դեռ ոչ մի բան չի փոխվում։ Դեռ չի որոշվել՝ կոալիցիա կազմվո՞ւմ է, թե՞ ոչ։ Դեռ ինչ-որ ներկուսակցական խմորումներ ու ինտրիգներ են ընթանում: Ավելին, դատելով մամուլում հայտնվող կցկտուր տեղեկություններից՝ կարեւոր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները հիմնականում մնալու են իրենց տեղերում։ Այսինքն՝ լուրջ փոփոխություններ դժվար թե լինեն։ Այն, որ փոփոխություններ չէին լինելու, շատերի համար պարզ դարձավ արդեն ընտրարշավի ընթացքում։ «Մեզ դեռեւս չի հաջողվել հաղթահարել աղքատությունը եւ կոռուպցիան, ապահովել արդար մրցակցություն բարենպաստ գործարար միջավայրում: Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը եւ որը կոչվում է կոռուպցիա: Այս ճանապարհին կիրառվելու են եւ վիրահատական, եւ մյուս բոլոր օրինական մեթոդները»,- հայտարարում էր ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում։ Եվ հայտարարելուն զուգահեռ՝ համատարած ընտրակաշառք էր բաժանում։ Ինչեւէ, ոմանք «հավատացին», ոմանք իրո՛ք հավատացին, ոմանք էլ դեռ հավատում են փոփոխություններին։
Սակայն անուղղելի լավատեսներին պետք է հիշեցնենք, որ գործող իշխանությունը հավատալ եւ փոխելու խոստումը չի կատարում արդեն 4 տարի շարունակ։ Այո, պետք չէ զարմանալ, իրականում «Հավատանք, որ փոխենք»-ը ավելի հին պատմություն ու ծագում ունի, քան վերջին խորհրդարանական ընտրությունները։ Եթե մի քիչ լարենք մեր հիշողությունը, ապա կմտաբերենք, որ հավատի եւ փոփոխությունների փիլիսոփայության սկիզբը դրվել է դեռ 2008թ. ապրիլին` նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից։ Նա խոսում էր ներքին հեղափոխության մասին, նշում, որ ամեն մարդ (առաջին հերթին` պաշտոնյաները) ինքը պետք է փոխվի, կատարի մտածողության ներքին հեղափոխություն։ Եվ կոչ էր անում հավատալ փոփոխությանը, դրական ու լավատեսական ազդակներ հաղորդել, որպեսզի փոփոխությունները տեղի ունենան։ Խորհուրդ ենք տալիս չալարել եւ վերընթերցել Տ. Սարգսյանի՝ 2008թ. ապրիլին մեր թերթին տված հարցազրույցից մի հատված։
«168 Ժամ» – Նշեցիք, որ շատ կարեւոր է վստահության մթնոլորտ ստեղծելը: Սակայն հասարակության մի ստվար հատված այդ վստահությունը չունի իշխանությունների նկատմամբ: Որպես վարչապետ` ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլն այդ ուղղությամբ։
Տ. Սարգսյան – Լուծումը շատ պարզ է: Եթե մեր խոսքերը եւ գործերը համընկնում են, մենք ձեռք ենք բերում վստահություն, իսկ եթե դրանց մեջ կա տարբերություն, կորցնում ենք այն:
«168 Ժամ» – Այսինքն` արմատական քայլերի անհրաժեշտություն չկա՞, եւ ընդամենը պետք է իրագործել կառավարության ծրագի՞րը:
Տ. Սարգսյան – Իհարկե: Եթե մենք հայտարարում ենք, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից, հանրությունը դա պետք է տեսնի: Եվ մենք փոխվում ենք:
«168 Ժամ» – Ժամանակին Դուք հոդված էիք հրապարակել` «Ինչպե՞ս անել հեղափոխություն»: Ձեր պատկերացրած հեղափոխությունը որեւէ կապ ունի՞ Ձեր նշած փոփոխությունների հետ:
Տ. Սարգսյան – Իհարկե: Որովհետեւ փոփոխությունները պետք է առաջին հերթին տեղի ունենան մեր մեջ, մեր մտածողության մեջ: Իսկ դա բավականին ցավոտ եւ բարդ գործընթաց է:
«168 Ժամ» – Բայց պետք է ինչ-որ մի բան ստիպի, որ այդ փոփոխությունները լինեն: Ի՞նչը:
Տ. Սարգսյան – Ներքին համոզմունքը: Առաջին հերթին գալիս է գաղափարը, դուք այդ գաղափարը մարսում եք, դա արդեն դառնում է ձեր սեփականը: Հետագայում այն ապրոբացիայի եք ենթարկում, եւ դա արդեն դառնում է ձեր համոզմունքը: Դրանից հետո դուք ձեր կյանքն այլ կերպ չեք պատկերացնում, քան ձեր համոզմունքներն ի կատար ածելը: Սա է հեղափոխության ճանապարհը:
«168 Ժամ» – Հետո պետք է սկսել ուրիշների՞ն համոզել:
Տ. Սարգսյան – Այո: Եթե դուք ձեր մեջ այդ հեղափոխությունը չեք արել, չեք կարող ուրիշի մեջ, հասարակության մեջ դա անել: Այս գործընթացը ցավոտ է, որովհետեւ մարդիկ հակված չեն իրենց կենցաղավարությունը, ամենօրյա պահվածքը փոխել։ Բոլորն ուզում են, որ իրենց կենցաղը բարելավվի, բայց լուծումը տեսնում են ոչ թե իրենց անձի մեջ, այլ գտնում են, որ կառավարությունը պետք է ինչ-որ բաներ փոխի, որ իրենք վաղը սկսեն լավ ապրել` չփոխվելով: Բայց այդպես չի լինում, մենք բոլորս միասին պետք է փոխվենք, եթե ուզում ենք ապրել նորմալ հասարակության մեջ: Ամեն մեկն առանձին իրեն համարում է նորմալ մարդ եւ չի ուզում փոխվել, բայց միեւնույն ժամանակ` բոլորն ուզում են, որ փոխվի միջավայրը:
«168 Ժամ» – Բայց դա բնական չէ՞, երբ մարդը մտածում է` թող առաջին հերթին կառավարության անդամներն իրենք փոխվեն, որ ինքն էլ տեսնի, օրինակ վերցնի։
Տ. Սարգսյան – Ճիշտ եք ասում: Դրա համար Սերժ Սարգսյանն իր ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ մենք փոփոխությունները պետք է սկսենք մեզանից` մեր ներսում, մեր թիմի ներսում: Որ մենք ինքներս դատապարտենք կաշառակերությունը, ստվերայնությունը, որ մեր շրջապատը լինեն այդպիսի կեցվածք ընդունած մարդիկ: Եթե այդպիսին լինենք, հասարակությունը մեզ կհավատա։
«168 Ժամ» – Եթե դա տեղի ունենա, որքա՞ն ժամանակ հետո հասարակությունը դրա արդյունքը շոշափելի չափով կզգա:
Տ. Սարգսյան – Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար այսօր, այսինքն` որ դուք ինձ հավատայիք: Եթե դուք ինձ հավատաք, դա արդեն առաջին քայլն է, որ հասարակությունը կհավատա, որովհետեւ այդ ազդակը կհաղորդեք ձեր ընկերներին, կոլեկտիվին, նրանք էլ մամուլի միջոցով հանրությանը կասեն` եկել է փոփոխությունների ժամանակը:
Կարդացի՞ք։ Ուշադրություն դարձրեցի՞ք հատկապես վերջին պարբերությանը՝ հավատալու եւ փոփոխությունների վերաբերյալ։ Նկատեցի՞ք, թե «Հավատանք, որ փոխենք»-ի արմատները որտեղից են գալիս։ Ուրեմն ինքներդ կարող եք դատել, թե վերջին 4 տարվա ընթացքում որքանո՞վ ենք հավատացել, եւ իշխանությունները որքանով են փոխվել։
Նկատենք նաեւ, որ «Հավատանք, որ փոխենք»-ը որոշակի էվոլյուցիայի արդյունքում է իր վերջնական ձեւակերպումը ստացել։ 2008-ի ապրիլին այն կհնչեր մոտավորապես այսպես` «հավատա, որ փոխվենք»։ Հետո կրավորական «վ»-ն մաշվեց ու գնաց։ Իշխանությունը չփոխվեց՝ ո՛չ ձեւով, եւ ո՛չ էլ բովանդակությամբ։ Փոխվեց մոտեցումը. իրենք մնացին նույնը, սակայն որոշեցին փոխել ուրիշներին կամ ուրիշ երեւույթները։ Ընդ որում, իրենք այժմ էլ մտադիր չեն փոխվել եւ դա չեն էլ թաքցնում։ Օրինակ, երեկ ՀՀԿ փոխնախագահ, 4-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ գործող կոալիցիան պետք է շարունակի գոյություն ունենալ։ «Բոլոր քաղաքական ուժերը պետք է կարողանան փոխհամաձայնության գալ, եւ ովքեր որ խորհրդարան են եկել, պետք է համաձայնությունների դեպքում իրենց խոստումները ճիշտ կարողանան կատարել, եւ գործող կոալիցիան պետք է շարունակի իր գործունեությունը»,- ասել է նա։
Կարճ ասած, Տ. Սարգսյանի առաջ քաշած փիլիոսոփայությունը շա՜տ դանդաղ է առաջ գնում։ Ինքներդ դատեք, եթե դեռ 4 տարի առաջ էր խոսվում փոփոխությունների մասին, եւ այսօր նորից՝ արդեն պաշտոնական կարգախոսի տեսքով, կոչ է արվում հավատալ եւ փոխել, ուրեմն վերջին 4 տարիների ընթացքում կամ չե՛ն հավատացել, կամ չե՛ն փոխվել, կամ էլ` երկուսը միասին։ Իսկ նման դանդաղկոտությունը ներկայիս «արագ փոփոխվող աշխարհում» ընդունելի չէ, ակնհայտորեն ետ ենք մնում։
Եվ այս ամենի ֆոնին` դեռ քննարկում են կոալիցիա կազմել-չկազմելու, մանդատների հարցը եւ նման «հույժ կարեւոր» հարցեր՝ երկրի երկարաժամկետ զարգացման հեռանկարից։ Սակայն, ըստ երեւույթին, կարեւորը ոչ թե փոփոխություններն են, այլ՝ ցույց տալը, որ փոխվել ենք։ Առաջին հերթին՝ արտաքին, քաղաքակիրթ աշխարհին։ Իսկ դա, համաձայնեք, մեր իշխանությունների մոտ հիանալի է ստացվում։