Կարեւորը` «գոլդ» համարով

19/05/2012

Համաշխարհային բանկը հրապարակել է տրանսպորտային համակարգի` լոգիստիկ ենթակառուցվածքների վարկանշային աղյուսակ, որում Հայաստանը 2.56 միավորով զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը: Հայաստանը ցանկում հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Լիբանանը (96-րդ հորիզոնական), Տոգոն (97-րդ հորիզոնական), Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը (98-րդ հորիզոնական) եւ Մակեդոնիան (99-րդ հորիզոնական): ՀԲ-ն ցանկը կազմել է լոգիստիկայի ոլորտի բիզնեսի ներկայացուցիչների հարցումների արդյունքներով: Հարցվածները 1-5-բալանոց համակարգով գնահատել են 8 երկրների ենթակառուցվածքները, որոնց ամենաշատն են ծանոթ: Միավորները տրվում են 6 ցուցանիշերով` լոգիստիկա ու մաքսային ծառայություններ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, բեռների տեղափոխման վերահսկման համակարգ, միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում ու ապրանքների` ժամանակին առաքում: Ռուսաստանն այս վարկանշային աղյուսակում 2.58 միավորով զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ նահանջելով մեկ տեղով: Թուրքիան 3.51 միավորով 27-րդ տեղում է, Վրաստանը` 2.77 միավորով` 77-րդ, Իրանը` 2.49 միավորով` 112-րդ, Ադրբեջանը` 2.48 միավորով` 116-րդ: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Սինգապուրը` 4.01 միավորով, որին հաջորդում են Հոնկոնգը, Ֆինլանդիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Դանիան, Բելգիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան: Նախորդ տարի ցանկը գլխավորել էր Գերմանիան: