Կարճել են

19/05/2012

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) երեկվա նիստում որոշել է կարճել «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթը, որի համար հիմք էր համարվել այն, որ ՀՌԱՀ-ի վերահսկողական ծառայությունն արձանագրել էր, որ «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները քարոզարշավի ժամանակ ոչ հավասարաչափ էին լուսաբանել ընտրություններին մասնակցող ուժերին: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասել է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը մեկ կուսակցությանը տրամադրել է 1273 րոպե եթերաժամանակ, այնինչ մյուս քաղաքական ուժերից ամենից շատ լուսաբանվող ուժին հատկացվել է ընդամենը 232 րոպե եթերաժամանակ: Այդուհանդերձ, ՀՌԱՀ-ը որոշել է վարույթ չհարուցել այս հեռուստաընկերությունների դեմ: Որպես վարույթը կարճելու հիմնավորում` նշվել է այն փաստը, որ օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերությունն արդեն ՀՌԱՀ-ի կողմից տուգանվել է 1 մլն դրամի չափով` նախընտրական քարոզարշավի համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար: