– Ինչպիսի՞ն է Եվրամիության երիտասարդական քաղաքականությունը` կապված մեր երկրի հետ:
– ԵՄ քաղաքականությունից կկարողանամ խոսել «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով: Այդ ծրագիրը հենց քաղաքականությունից է բխում, եւ ներառում է ինչ-որ էլեմենտներ, որոնք ցույց են տալիս ԵՄ քաղաքականությունը եւ՛ երիտասարդական ոլորտում, եւ՛ այլ ոլորտներում: Օրինակ` ծրագրի մեջ այժմ արդեն համագործակցության «պատուհաններ» ունեն հարեւան երկրների հետ, ինչը Եվրամիության «Արեւելյան համագործակցություն» քաղաքականության շրջանակում է: Նպատակը մեր արեւելյան երկրների եւ Եվրամիության երկրների միջեւ համագործակցության եզրեր գտնելն է: Համապատասխան պայմանագիր է կնքվել, որը վերաբերում է ոչ միայն երիտասարդությանը, այլեւ` մյուս ոլորտներին: Ռուսաստանը չկա այդ երկրների մեջ, քանի որ ԵՄ-ի հետ առանձին երկկողմանի պայմանագրերի միջոցով է ծրագրեր անում: «Արեւելյան համագործակցության» ծրագրի մեջ մտնում են 6 երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս: Բելառուսը չի ստորագրել պայմանագիրը, բայց երիտասարդական ծրագրերի մեջ առայժմ ներառվում է: Նախկինում չկար այդ պատուհանը, երբ համագործակցում էինք «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակում: Բայց քանի որ հիմա այդ քաղաքականությունը կա, ԵՄ-ն ավելի շատ ծրագրեր է իրականացնում տարբեր ոլորտներում: Երիտասարդության համար էլ միայն մեր երկրների համագործակցությանը բավականին մեծ գումար է հատկացվում` 2 տարվա համար 30 մլն եվրոյից ավելի` նախկին գումարին հավելյալ: Այժմ մենք ոչ միայն կախված չենք մեր Եվրամիության գործընկերներից, այլեւ ուղղակիորեն կարող ենք այդ ֆինանսները ստանալ: Այս երկու առումներով մեզ համար լավ է: Վերջին 2 տարվա ընթացքում 4-5 անգամ ավելի շատ գումար ենք ստացել: Մեր 6 երկրներում ավելացել է ծրագրերի թիվը: Բրիտանական խորհուրդները հանդիսանում են Ազգային գործակալություններ Անգլիայում եւ կապեր հաստատելու նպատակով ծրագրեր են անում` Արեւելյան գործընկերների հետ աշխատելու համար: Նախկինում համատեղ ծրագրերը շատ քիչ էին. մեր տարածաշրջանն իրենց համար հետաքրքիր չի եղել պատմականորեն: Նրանք ավելի շատ աշխատում էին աֆրիկյան երկրների հետ, Չինաստանի հետ: Իսկ մեզ հետ լեհերն են ավելի շատ ծրագրեր իրականացրել, քանի որ ավելի շատ մտերմություն կա, պատմական իմաստով կապեր կան: Մի խոսքով` մինչեւ 2013թ. պետք է ծրագրերն իրականացվեն, դրա համար էլ ֆինանսները շատացել են: Այդքան շատ ծրագրեր չկան, այն էլ` որակյալ ծրագրեր:
– Հայ երիտասարդների քանի՞ տոկոսն է ընդգրկված ծրագրերում:
– Շատ դժվար կլինի թվային տվյալներ ասել, բայց «Սալտո» կազմակերպությունը, որ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի համակարգողն է Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում, ունի կոնկրետ հաշվարկ, թե քանի հոգի է մասնակցել կամավորական ծրագրերին: Գնալով աճում է երիտասարդների թիվը, ովքեր մասնակցում են այս կամ այն ծրագրին: «Սալտոն» այժմ կազմակերպություններին հավատարմագրում է, որպեսզի կարողանան կամավորներ ուղարկել կամ ընդունել, իսկ առաջ դրա կարիքը չկար: Բայց շատ հաճախ նույն մարդիկ են տարբեր ծրագրերի մասնակցում: Իրենք արդեն տեղյակ են ու մեկը մյուսի հետեւից դիմում են ծրագրերին: Դա նաեւ լավ է, քանի որ մեկ անգամ մասնակցելը գուցե արդյունք չտար:
– Ձեր կազմակերպությունն, արդեն 10 տարուց ավելի` աշխատում է մարզերի երիտասարդների հետ: Ի՞նչ տարբերություն կա այսօրվա ու 10 տարի առաջվա երիտասարդների միջեւ:
– Տարբերությունը մեծ է: Երբ 10 տարի առաջ ասում էինք` «կամավոր», բառն ավելի շատ բացասական էր ընկալվում, քան` դրական: Ծնողներից շատերը թույլ չէին տալիս, որ իրենց երեխաները մասնակցեն ինչ-որ բանի` որպես կամավոր: Ասում էին` ի՞նչ ես շահելու դրանից` խորհրդային ստիպողական կամավորությունը հիշելով շաբաթօրյակների ժամանակ, եւ այլն: Սկզբում` Ստեփանավանի, հետո արդեն` Լոռու մարզի երիտասարդների համար դասընթացներ էինք անցկացնում, բացատրում, թե ինչ է նշանակում` «կամավոր», որ` մի ձեռքով տալիս ես, մյուսով` վերցնում: Միշտ հարցնում էին` ի՞նչ ենք վերցնում, միայն տալիս ենք: Այդ մտածողությունն էր գերիշխում: Օրինակ` ակնաբուժական ծրագրի ժամանակ մեկ օր հատկացրինք մեր կազմակերպության անդամների բարեկամների ստուգման համար, որպեսզի զգան, որ ինչ-որ բան իրենք շահում են` շնորհիվ նրա, որ իրենց երեխան ներառված է որպես կամավոր: Հիմա կամավոր լինելը մոդա է արդեն, ինչը շատ լավ է: Երեւանում կամավոր լինելու հնարավորություններն ավելի շատ են, քան` մարզերում: Մարզերում երիտասարդական կազմակերպությունների քանակն էլ է ավելի քիչ, որոնք ինչ-որ բան անում են: «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրում ընդգրկված կազմակերպությունների 90 տոկոսը Երեւանից են: Վերջին 2-3 տարում նոր սկսել է աճել մարզային կազմակերպությունների թիվը, սակայն էլի ճնշող մեծամասնությունը մայրաքաղաքում է: Մենք միջազգային ծրագրերի ժամանակ առավելություն տալիս ենք մարզաբնակներին, բայց նկատի չունենք` մարզում ծնված, Երեւանում սովորող, ապրող երիտասարդներին: Այդպես շատ է լինում, որ մարզում ծնվածը վերջին 10 տարում մայրաքաղաքում է ապրում: Սակայն մարզում բնակվողը հնարավորություն չի ունեցել արտասահման գնալ, ու հնարավոր է, որ մասնակցելով ծրագրերին` ավելի շատ շահի ու օգտագործի ձեռք բերած նոր հմտությունները: Դա մեծ բան է, քանի որ այս ծրագրերի իմաստը միայն արտասահման գնալը չէ: Սովորածը, պետք է իմանալ` ինչպես օգտագործել:
– Իսկ արդյո՞ք միջազգային ծրագրերը չեն նպաստում արտագաղթի աճին` երիտասարդների շրջանում:
– Վերջին 8 տարվա ընթացքում 100-ավոր երիտասարդների ենք արտասահման ուղարկել եւ՛ կամավորական ծրագրերով` մինչեւ մեկ տարի, եւ՛ ավելի կարճ ժամանակով: Մեր երկարաժամկետ ծրագրերի մեջ էլ, կարճաժամկետների մեջ էլ չունենք մեկ մարդ, որ ծրագրի ավարտից հետո երկրում անօրինական մնա: Մեկ օրինակ գոնե չունենք: Գուցե մեր մոտեցումից է գալիս. ցույց ենք տալիս, որ` կշահես ավելի շատ, եթե օրինական լինես այդ երկրում: Իհարկե, եղել են դեպքեր, որ եկել են, հետո ուրիշ առիթով նորից են գնացել: Կարծում եմ` վերադառնալուց հետո սկսում ես քոնն ավելի լավ հասկանալ, գնահատել, դրսի խնդիրներն ես տեսնում նաեւ, մանավանդ, եթե երկար ես մնում եւ հասկանում` իմ երկրի խնդիրներն էլ շատ տարբեր չեն, ամեն մեկի համար իրենն է կարեւոր: Իհարկե, կան մարդիկ, որ մեկնում են, ու հետ չեն գալիս ինչ-ինչ պատճառներով, բայց եթե ասենք` արդյո՞ք մեր ծրագրերը խթան են, հաստատ` չէ: Իմ կարծիքով, հակառակը` այդ ծրագրերն ավելի են ոգեւորում, որպեսզի գան, մեր երկրում ինչ-որ բան փոխեն, արժեւորեն այն, ինչ ունենք, ոչ թե հայկական մտածողությամբ` մերը լավը չի, դրսինը լավն է: Ամեն անգամ միջազգային ծրագրի ժամանակ, երբ տեսնում ես, թե նույնիսկ ամենադժգոհ երիտասարդն ինչպես է Հայաստանը ոգեւորված ներկայացնում, պատմում ինչ-որ արժեքների, կոթողների մասին, զգում ես` հպարտության զգացումն ինչպես է ավելացել: Իսկ Հայաստանում դա որտե՞ղ պիտի ավելացնեինք: Կարծում եմ` միջազգային ծրագրերը շեշտը դնում են լավ բաների վրա, երիտասարդներին ստիպում են մտածել` ուրիշ ի՞նչ լավ բան ունենք, իսկ դու ի՞նչ կարող ես անել այս երկրի համար: Շատ դեպքերում տեսնում ես, որ ոգեւորված գալիս են, ուզում են մի բան անել, բայց ժամանակի ընթացքում այդ ոգեւորվածությունը սպառվում է, որովհետեւ իրականացնելու տեղ չեն գտնում: Դա էլ կա: Այ, այդ դեպքում` գուցե արտագաղթն ավելի հավանական է, բայց դա ծրագրի հետեւանքը չէ:
– Իսկ մեր երկրի երիտասարդական քաղաքականությունը որքանո՞վ է նպաստում երիտասարդների ակտիվացմանը:
– Ես կապ չեմ տեսնում երիտասարդության ակտիվության եւ քաղաքականության մեջ: Մենք ունենք շատ լավ օրենքներ, բայց չունենք դրանք իրականացնելու մեխանիզմներ, ու դրանք այդպես էլ մնում են թղթի վրա: Ինձ համար ամենակարեւորն իրականացման մեխանիզմներն են, որոնք, ափսոս, մեր շատ օրենքների դեպքում բացակայում են: Շատ սիրուն գրված օրենքներ ունենք, բայց մեխանիզմներ կամ քաղաքական կամք չունենք լավ իրագործելու համար: Լավ գրում ենք, խոսում ենք, բայց ի՞նչ ենք անում` չգիտեմ: Ասեմ, որ բավականին մեծ տարբերություն եմ տեսնում մարզերի ու Երեւանի միջեւ: Առաջինը` Երեւանին, հետո կտեսնենք` մարզերում կանե՞նք, թե՞ չէ: Կամ` երկու մեծ քաղաքներում կանենք, ու վերջ: Հավասար աչքով չենք նայում, ոնց որ` երկու երեխաներից մեկին ամեն ինչի լավը տանք, մյուսին էլ` ինչ կմնա: Այ այդպես է, ու միայն երիտասարդության մասով չէ, ամեն ինչում: Ընդհակառակը` մարզերն ավելի շատ խնդիրներ ունեն, զարգացման կարիք ունեն: Եվ եթե չլուծենք խնդիրները, բոլորը մայրաքաղաք են գալու, ու Հայաստանը դառնալու է մի մեծ Երեւան:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ