Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն` Ավստրիայի Ֆինանսների նախարարության համագործակցությամբ, Հայաստանում է` օգնելու հայկական սննդամթերք արտադրող ընկերություններին բարելավելու սննդամթերքի արտադրության գործելակերպը եւ բարձրացնելու մրցակցությունը: Այդ նպատակով երեկ Երեւանում մեկնարկել է «Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագիրը», որին հրավիրված են եղել ՀՀ գյուղնախարարության եւ ձեռնարկության ներկայացուցիչներ: IFC տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեկը երեկ կայացած ասուլիսում ասել է, որ ծրագիրը տեւելու է երեք տարի եւ նպատակ է հետապնդելու աշխատել առանձին արտադրող ձեռնարկությունների հետ, որպեսզի նրանք բարելավելով իրենց արտադրանքը` հասցնեն այն միջազգային չափանիշներին, ինչն էլ, ըստ նրանց, կնպաստի բարձրացնել մրցակցությունը եւ վաճառքի ու արտահանումների ծավալների ավելացմանը: «Հայաստանն ունի բավականին մեծ գյուղատնտեսական պոտենցիալ, գյուղատնտեսական արտադրանքներ, որոնք հայտնի են տարածաշրջանում, եւ մենք աշխատելու ենք այստեղ, որպեսզի լավ որակի սնունդ արտադրվի, որը կնպաստի բարձրացնել մրցակցությունը եւ ըստ այդմ էլ` ավելացնել վաճառքի ու արտահանումների ծավալները»,- ասել է նա` կարծիք հայտնելով, որ ծրագիրը նաեւ կխթանի զբաղվածության մեծացմանը: