Հայաստանում ընտրությունների միջոցով ոչինչ եւ, հատկապես, իշխանությունը չի փոխվում: Սակայն ընտրություններն իրենք են փոխում քաղաքական կուսակցություններին ու մարդկանց:
Այն, որ ընտրողը որեւէ ընդգծված հետաքրքրություն չի ներկայացնում կուսակցությունների համար, ակնհայտ է: Քաղաքական այդ կառույցներին վստահված ձայները ոչ թե ծառայեցվում են նույն այդ ընտրողների շահերը խորհրդարանում ներկայացնելուն, այլ քաղաքական սակարկություններում ավելի թանկ վաճառվելուն: Օրինակ` ՀՀԿ-ի համար իրական համակիրների թիվը բացարձակ էական չէր: Եթե կուզեք, այս կուսակցությունն ընտրողներին պարզապես շնորհ էր արել` այդքան առատաձեռնորեն ընտրակաշառք բաժանելով: Դրան գումարած` նաեւ ընտրողների տեղափոխման խնդիրը լուծելը` տնից ընտրատեղամաս եւ` հակառակը: Անկեղծ լինենք. ՀՀԿ-ն կարող էր իրեն այսքան նեղություն չտալ: Ի վերջո, այս կուսակցությունը Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ` հնարավորություն ունի թվերի միջոցով լուծել բոլոր խնդիրները, անգամ դեմոգրաֆիկ: Իսկ ընտրողների այնպիսի թիվ ներկայացնելը, որ բոլոր կուսակցություններին բավարարի, իսկ ՀՀԿ-ին բավարարի հատկապե՛ս, ինչպես տեսանք, ընդհանրապես խնդիր չէր: Ի վերջո, օրը ցերեկով հայտարարել, թե Հայաստանում կա 2 միլիոն 486.000 ընտրող, որոնց մեծ մասը համակրում է ՀՀԿ-ին, ամեն ուժ չէ, որ կարող է իրեն թույլ տալ:
Իշխող կոալիցիայի կուսակցություններից մյուսը` ԲՀԿ-ն, եւս ստացավ տպավորիչ թվով ձայներ` 400.000-ից ավելի: Ի դեպ, ի տարբերություն ՀՀԿ-ի ձայների, վերլուծաբանները պնդում են, թե սրանք իրական ձայներ են, իրական մարդիկ են: Ընտրողների մի մասն իր ձայնը տվել էր ԲՀԿ-ին` վստահ, որ քվեարկում է Սերժ Սարգսյանի դեմ: Մի մասն ազնվորեն քվեարկել էր` երախտագիտությունը հայտնելով բաժանված ընտրակաշառքի համար:
Այն, որ ԲՀԿ-ի օգտին քվեարկածներն ավտոմատ քվեարկել են ՀՀԿ-ի եւ նախագահական ընտրություններին` Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու օգտին` գուցե այդ մասին չիմանալով, հայտնի էր անգամ տնային տնտեսուհիներին: Սակայն ընդդիմադիր դաշտում աշխատող կուսակցությունները հմտորեն ձեւացնում էին, թե այդ փաստը ոչ մի կերպ հնարավոր չէր նկատել: Մոլորեցնելու հարցում ընտրողներին բարոյական աջակցություն ցույց տվեցին նաեւ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն` ԲՀԿ-ի հետ համատեղ Միասնական շտաբի ստեղծմամբ: Խնդիրն այն է, որ այդ 400.000 ձայնի կշիռը մեր իրականության մեջ շատ թեթեւ է: Այնքան թեթեւ, որ չի կարող տվյալ կուսակցության նախագահին կաշկանդել` վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիային: Այսինքն` մարդկանց ձայներն անգամ բարոյական պարտավորություն չեն առաջացնում: Ամեն դեպքում, ԲՀԿ-ի համար այդ ձայներն այսօր ավելի շուտ բեռ են, քան հպարտության միջոց:
Հեշտ չէ նաեւ ընդդիմության համար: Որքան «Հանրապետություն» կուսակցության եւ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահները գտնում են, որ ՀԱԿ-ի գործողությունները սկսում են անհասկանալի դառնալ եւ, որ ՀԱԿ դաշինքը պետք է հրաժարվի 7 մանդատներից, ՀԱԿ-ում էլ չեն հասկանում այս կուսակցությունների քայլերի տրամաբանությունը: Անգամ տարտամ կասկածներ ունեն, թե ՀԱԿ-ից դուրս եկած ուժերը կմիավորվեն այլ ուժերի հետ եւ նախագահական ընտրություններին կպաշտպանեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Իսկ «Ժառանգության» առաջնորդի թեկնածությունը ՀԱԿ-ում ավելի անընդունելի է, քան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թեկնածությունները` միասին վերցրած:
Մարդիկ, ովքեր երկար տարիներ համատեղ պայքարել են` հանուն արդարության, ընդդեմ ավազակապետության, միմյանց գործողություններում հազիվ նշմարելով ռազմավարական տարաձայնություններ, սկսում են միմյանց ընդգծված չսիրել ու հրապարակայնորեն անվանարկել: Ընդ որում, երբեմնի համախոհները դառնում են միմյանց հանդեպ ավելի անհանդուրժող, քան պայքարի թիրախ հայտարարած ուժի հանդեպ:
Ընդդիմադիր դիրքերում հայտնված քաղաքական մյուս ուժերը եւս երկիմաստ վիճակում են: Բարդույթը, թե մանդատները վերցնելով` նրանք այլեւս լեգալացնում են ընտրությունների արդյունքները, սովորաբար կարճ է տեւում. վերցնում ես մանդատները, մտնում խորհրդարան: Դրանից հետո հիշողությունները սկսում են աշխատել ԱԺ առաջին նիստից սկսած:
Հետաքրքիր են կուսակցությունների հիմնավորումները, թե ինչու են նախընտրական ելույթներն այդքան ընդգծված տարբերվում հետընտրականից: Այդ մասին ժամանակին առավել հանգամանորեն կարող էր խոսել ՕԵԿ առաջնորդը: Պետության շահերը պահանջում էին…
Այժմ էլ են պետության շահերը պահանջում, որ ՀՀԿ-ն ամուր գրկի ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին: Նախարարական մի քանի պորտֆել ավել կամ պակաս, ինչպես ԲՀԿ-ից են պնդում, կուսակցության համար նշանակություն չունի: Բացառապես երկրում օր առաջ դրական փոփոխություններ կատարելու ցանկությունն է ստիպում մտնել ատելի կոալիցիա:
Նույն նպատակով խորհրդարան են ուղեւորվում նաեւ մյուսները: Այդպես է պահանջում պետության շահը…