Սպանել է խանդի հողի վրա՞

19/05/2012

Արագածոտնի մարզում, մայիսի 8-ին, ժամը 20:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Ռուբեն Հակոբյանը, ով երգարվեստում հայտնի է Կարեն Հակոբյան անուն-ազգանունով, ըստ news.am-ի տեղեկությունների, սպանությունը կատարել է խանդի հողի վրա: Ավելին` կրակել է սպանվածի ոչ թե ոտքին, այլ` սեռական օրգաններին: Կայքն իր այս տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն այնտեղից ընդամենը փոխանցել են, որ գործն այժմ գտնվում է նախաքննական փուլում:

Հիշեցնենք, որ երգիչը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նա վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Սպանվածի հետ նա ազգակցական կապեր է ունեցել: Հովակիմյանը, դեռեւս անհայտ պատճառներով, զանգել եւ սպառնացել էր Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ վերջինիս դրդել է սպանության: Ոստիկանությունից news.am-ին հայտնել են, որ մայիսի 8-ի երեկոյան Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները Պռոշյան փողոցում ծառայություն կատարելիս կրակոցներ են լսել, վազել են ձայնի ուղղությամբ եւ Պռոշյան-29 շենքի հետնամասում նկատել գետնին ընկած վիրավոր տղամարդու: Ոստիկանները շտապօգնության մեքենայով վիրավորին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ տուժողն Աշտարակի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանն է: Նրա աջ ոտքի սրունքին եւ ձախ ոտքի ստորին ու վերին հատվածներում առկա են եղել թափանցող վերքեր, եւ 15 րոպե անց նա արյունահոսությունից մահացել է:

Պարզվել է, որ տուժողի ու Հակոբյանի միջեւ վեճը ծագել էր դեռեւս ամիսներ առաջ: Օրեր առաջ նրանք պատահական հանդիպել են, նրանց մեջ կրկին վեճ է ծագել, իսկ մայիսի 8-ին հեռախոսային խոսակցության ժամանակ Հովակիմյանը հայհոյախառն սպառնալիքներ է հասցրել Հակոբյանին: Նրանք պայմանավորվել են հանդիպել, որի ժամանակ էլ հենց կատարվել է սպանությունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ա. Հովակիմյանն աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես պարեկ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: