Գյումրիի Նորավան թաղամասի Գարեգին Ա փողոցի 12բ շենքի 5-րդ հարկի երկու փոքրիկ բնակիչներն, արդեն մեկ ամիս է` իրենց արարքներով ահաբեկում են ոչ միայն պատահական անցորդներին: 8-ամյա Սուրիկն ու 6-ամյա Սամվելիկը, ողջ օրը փակված լինելով տանը, իրենց նկատմամբ ուշադրության պակասը լրացնելու նպատակով` տան իրերը շպրտում են ներքեւ` վնասելով բակում խաղացող երեխաներին ու անցուդարձ անող բնակիչներին: Մի քանի օր առաջ հարեւանները նկատել են, որ տղաները ցանկանում են պատշգամբից ներքեւ գլորել կենցաղային նպատակներով օգտագործվող գազով լցված տարան: Ահաբեկված ականատեսները գոռացել են բակից, սպառնացել փոքրիկներին` կանխելով հնարավոր աղետը, որը կարող էր տեղի ունենալ 5-րդ հարկից ներքեւ շպրտած բալոնի պայթյունից: «Մերը թողնի կերթա, էդ երեխեքը սաղ օրը սոված կմնան տունը փակված` անտեր-անտիրական,- պատմում է շենքի բնակչուհի Սուսաննա տատը,- Էս ընթացքում տան եղած-չեղածն էդ երեխեքը շպրտեցին վար` էլ դանակ, էլ կոշիկ, էլ մուրաբի բանկա, էլ մոր ներքնաշորերից: Վրեքը կնեղենանք, էդ րոպեին կխելոքնան, հետո էլի նորից կշարունակեն: Մորն էլ կըսենք, խեղճ երեխեքին կծեծե, չիդենք` ինչ էնենք»:
Երեխաների մորը` Լիաննային, չհանդիպեցինք, Սուրիկն ասաց. «Գնացել է` գործ ման գա»: Կեսօր էր, ու փոքրիկները որոշել էին բակում մի քիչ խաղալ: Հարեւանները պատմեցին, որ շենքում բնակվող երեխաները հրաժարվում են խաղալ եղբայրների հետ: «Պատճառը երեւի էն է, օր երեխեքը կեղտոտ են, ամիսներով չեն լողնա, էն օրը հարցրինք, թե` բալա, ե՞րբ եք վերջին անգամ լողցել, ըսին` Նոր տարուն: Մազերը գլխների վրա դեզ է էղել, ոջիլ կա երեխեքի վրա: Տունն անտանելի վիճակ է` ահավոր հոտ, կեղտոտ, մի անպատմելի բան է: Մարդ բդի իրա աչքով տեսնի, օր հասկանա, թե էդտեղ նորմալ մարդը չի կըրնա ապրի, ըդտեղ էդ երեխեքն ինչղ կմնան»,-նեղսրտում է տիկին Սուսաննան:
Զրույցից պարզվում է, որ Սուրիկն ու Սամվելիկը ինչ-որ ժամանակ հաճախել են Թբիլիսյան խճուղում գտնվող 3-րդ հատուկ դպրոց: Սուրիկը առաջին դասարան գնացել է թաղի թիվ 27 դպրոցում, հետո մայրը տեղափոխել է գիշերօթիկ հաստատություն: «Ես երկրորդ դասարան եմ, ախպերս` առաջին,- հարցիս պատրաստակամորեն պատասխանում է 8-ամյա տղան։ -Բայց հըմի չենք էրթա, մաման չի տանի»: Սուրիկը պատճառը չգիտի: «Ինչո՞ւ չի տանում» հարցին պատասխանում է. «Հավես չունի, սաղ օրը գործ ման գուկա»:
8-ամյա տղան խոստովանում է, որ օրվա մեծ մասը սոված են լինում: Բակ իջնում են, երբ թաղի երեխաներն այնտեղ չեն լինում: «Շենքի էրեխեքը մեզի հետ չեն ուզե խաղա, բայց ես շատ կուզեմ իրանց հետ խաղալ»,- խոստովանում է 8-ամյա Սուրիկը: Հարեւանների պատմելով` ընտանիքը նման սարսափելի վիճակի մեջ հայտնվել է պապի մահանալուց հետո: Լիաննան Հարությունյանների ընտանիք հարս եկել է 9 տարի առաջ: Ամուսինը` Հարությունը, երկրորդ տղայի ծնվելուց հետո գնացել է Ռուսաստան ու չի վերադարձել: Շշուկներ կան, որ այնտեղ ամուսնացել է: Հարությունի հայրն ու մայրը որոշել են չհրաժարվել հարսից ու թոռներից եւ պահել են նրանց: Մոտ երկու տարի առաջ մահացել է Լիաննայի սկեսուրը, 2011թ. նոյեմբերին էլ` սկեսրայրը: «Պապի մեռնելուց հետո ըդոնց պարանին մենք լվացք չենք տեսել: Էն վախտերը երեւի ամոթու կամ ստիպողական տունը մաքրություն կեներ,- ասում են հարեւանները։ -Ում հաջողվել է մտնել իրանց տուն, կըսեն` օր ցանկացած գյուղի գոմ ավելի մաքուր է: Մենք արդեն որոշել ենք սանէպիդին դիմենք: Պադեզդն ահավոր հոտ է ընկել: Եթե Լիաննան շատ կուզե էդ կեղտի մեջ ապրի, գոնե երեխեքին էդ տնից տեղափոխեն, մեղք են»:
Երեխաների ճակատագրով անհանգստացած հարեւանները դիմել են նաեւ թաղի տեսուչին: Մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում տեղեկանալով խնդրի մասին` խոստացան տեղում ուսումնասիրել իրավիճակը եւ կազմակերպել երեխաների վերադարձը 3-րդ հատուկ գիշերօթիկ դպրոց: «Մենք այդ ընտանիքի հետ առնչվել ենք մոտ 1,5 տարի առաջ, երբ պիտի մեծ տղայի` Խաչատրյան Սուրիկի համար ծննդական հանեինք,- ասում է բաժնի իրավաբան Մանուկ Մանուկյանը։ -Այն ժամանակ պապիկը դեռ կար, եւ հենց նա էլ հետաքրքրվում էր այդ հարցերով: Երեխաների մայրն էլ անձնագիր չուներ, այդ հարցում էլ ենք օգնել, որպեսզի բոլոր փաստաթղթերը կարգին լինեն, կարողանան նպաստ ստանալ»:
Ահազանգի հաջորդ օրը մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում հնարավոր եղավ հանդիպել նաեւ Լիաննա Խաչատրյանին: Զրույցին ներկա էին բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, իրավաբանը, սոցիալական աշխատողը, Գյումրի ոստիկանության անչափահասների գծով բաժնի պետ Հայկ Զաքարյանը: 31-ամյա կինը չժխտեց, որ մեկ ամսից ավելի է` տղաներին դպրոց չի տանում, իսկ թե ինչո՞ւ` չկարողացավ որեւէ հիմնավոր պատճառաբանություն բերել:
Խոստովանեց նաեւ, որ տղաներն այդ ընթացքում իրենց մենակությունը լցրել են պատուհանից իրեր ներքեւ շպրտելով: Ինքն ամբողջ օրը բացակայել է, որովհետեւ աշխատանք է փնտրել, իսկ բնակարանի փնթի վիճակն արդարացրեց լվացքանյութ գնելու անկարողությամբ: «Ես ձեզի մե բանմ էլ ըսեմ, դուք շատ ճիշտ եք, լվացքը ելե բերանս է լցվել, բայց ինչ էնեմ, փող չունիմ` օր փոշի առնիմ, ոչ գազ ունիմ, ոչ լույս ունիմ, դաժե ավել չունիմ տանս մեջը»,- փորձեց արդարանալ երիտասարդ կինը: «Աչքիդ քսած տուշը մի 2000 դրամ կարժենա՞, ստվերաներկը, որ քսել ես կոպերիդ, մի 1000 դրամ կարժենա՞,- նկատեց Լուսինե Գինոսյանը,- Քո ասած լվացքի օճառը 100 դրամ է, ամենաէժան փոշին էլ լվացքի` 300 դրամ: Շատ աղքատ ընտանիքներ իրենց սուղ բյուջեով կարողանում են տան մաքրությունը պահել, քո ասածի մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Իսկ էն, որ երեխաներին դպրոց չես ուղարկել` առանց լուրջ պատճառաբանության, դա աններելի է: Դու գոնե հասկանո՞ւմ ես, որ քո արարքով լրջորեն վտանգում ես նրանց կյանքը: Գիշերօթիկում երեխաները գոնե հսկողության տակ են, կուշտ ուտում են, կրթության մասին էլ չեմ խոսում: Ինչի՞ ես հասել դու` երեխաներիդ օրերով փակի տակ, կիսակուշտ պահելով»:
Նախքան սկեսրայրի մահանալը Լիաննայի ընտանեկան բյուջեն բաղկացած է եղել 30.000 դրամ պապի թոշակից եւ 28.000 դրամ երեխաների նպաստից: Ինքն էլ այդ ընթացքում ոչ այնքան բարձր վարձատրվող աշխատանք է ունեցել Անի թաղամասի սրճարաններից մեկում` հավաքարար է աշխատել: Պապի մահանալուց հետո մնացել են նպաստի հույսին: «Ես էղավ ինչքան վախտ է` աշխատանք չունիմ: Հըմի նոր ավտոկայան թաղամասի բաղնիքում հավաքարարի գործ եմ գտել` օրական 1500 դրամով»,- տեղեկացրեց Լիաննան: Կինը պատմեց, որ բազմաթիվ պարտքեր ունի մասնավոր անձանց եւ թաղի խանութում: Պարտքատերերից մեկին հաջողվել է պարտքի դիմաց տանել բնակարանի արժեքավոր իրերը` բազմոցն ու երկու բազկաթոռը: Լիաննայի ներկայիս բնակարանը զուրկ է ամենատարրական հարմարությունից: Կնոջ ասելով` մի քանի ամիս առաջ վաճառել է նաեւ պատի գորգը` սնունդ գնելու համար: «Ընդամենը ոչ ճիշտ ծնողավարության, եղած դրամական եկամուտը ոչ ճիշտ բաշխելու, սեփական երեխաների նկատմամբ անտարբերության հետ գործ ունենք,- ստեղծված իրավիճակն այսպես բնորոշեց Լուսինե Գինոսյանը։ -Փաստն այն է, որ հիմա տեսնում ենք` մայրն ունի շատ լավ տեսք, իսկ երեխաներին պահում է գարշահոտության մեջ»:
Զրույցին ներկա գտնվող` Գյումրիի ոստիկանության անչափահասների բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանի անմիջական հսկողությամբ Սուրիկն ու Սամվելիկը նույն օրը` մայիսի 17-ին, տեղափոխվեցին թիվ 3 հատուկ գիշերօթիկ դպրոց: Մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն էլ իր հերթին` խոստացավ ապահովել երեխաների ճամբարային հանգիստը:
Երանուհի ՍՈՂՈՅԱՆ
hetq.am