«Բարակ ճոպանի վրա քայլող գրողը կարող է մի օր գյաբռլամիշ լինել»

19/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) «Մելամաղձ» քանդակի ներքո` բաց երկնքի տակ, տեղի ունեցավ արձակագիր, էսսեիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Թեքեգյոզյանի «Փախչող քաղաքը» գրքի շնորհանդեսը: Ինքը` շնորհանդեսը, ոչ թե ավանդական ֆորմատով ձանձրալի միջոցառում էր, որքան պերֆորմենս, քանի որ հեղինակն այն ներկայացրեց գեղագիտական ամբողջական կոնտեքստով, որտեղ հռետորական ու պաթետիկ (ինչպես սովորաբար լինում է գրքերի շնորհանդեսներին) բացման խոսքին փոխարինեց անակնկալ գործողությունն ու Հովհ. Թեքեգյոզյանի` ծաղրածուի կերպարանքով անսպասելի հայտնվելը: Ընդհանրապես, վերջին շրջանում երիտասարդ գրողների գրքերի շնորհանդեսները, նրանց մտածողությունը, ինքնատիպությունն ու համարձակ մտքերը կարծես հակադրությունն են մեր ավագ սերնդի այն գրողների, ովքեր միջոցառումից միջոցառում «ճառում» են ու ծանր հոգոց հանելով` ընթերցողներին դատափետում գրքից հեռանալու համար: Օրինակ` արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն Ծիտ» վեպը երեք ժամում վաճառվել է մոտ 160 օրինակով, ինչը մեր օրերում համարվում է ոչ միայն զարմանալի երեւույթ, այլեւ` բավականին բարձր ցուցանիշ: Հով. Թեքեգյոզյանի «Փախչող քաղաքը» գիրքը մի տեսակ հոգնած քաղաքին ու քաղաքացիներին «թափահարեց»` այս անգամ արդեն մարդուն մոտեցնելով քաղաքին, գրքին ու, առհասարակ` մարդուն մոտեցրեց մարդուն: Այնպիսի տպավորություն էր, կարծես գրքի տոնը նոր է սկսվում, որտեղ ճոխ հրավառության փոխարեն` ավելի կարեւոր են դառնում գրողն ու գիրքը, որտեղ արարողակարգը պահպանելու ջատագով, կարմիր գորգերը «ճեղքող» չինովնիկական բազմությունը չի կոխկրտում գրողին ու սովորական ընթերցողին, այլ ընթերցողը գրքի ու գրողի հետ պարզ, մարդկային շփում է ունենում: Այսինքն` գրողը չի պարտադրում իր անունն ու գիրքը, այլ` գտնում է մի ձեւաչափ, ստեղծում է էքսցենտրիկ մի միջավայր, որտեղ գիրքն ու ընթերցողն իրար փնտրում են: «Փախչող քաղաքը» գրքի հեղինակ Հովհ. Թեքեգյոզյանը շատ պարզ, ընկալելի ու «խելառ» մարդ է, ով, ի տարբերություն «ծանր», «լուրջ» մտածող, տառապյալ դեմքով շատ հեղինակների, իր գրքի «ծնունդը»` դարի կարեւորագույն իրադարձությունը, հռչակելու փոխարեն` հպանցիկ նետեց. «Ուզում եք` կարդացեք, ուզում եք` մի կարդացեք»: Ուշագրավն այն է, որ իր հյուրերին ազատություն «նետող» հեղինակն իր խոսքերի ենթատեքստով, այսինքն` ազատության խոստման շեշտադրումն իբրեւ հիմնաքար տարածելով, մեղմ ասած` ընթերցողի ենթագիտակցական ազդակները «կապեց» գրքին: Հետաքրքիր է, որ շնորհանդեսի կոնցեպցիան, որն էպատաժային էր եւ առանց «բեմադրված» զարգացումների ակնկալիքի` ինքնին մի ներկայացում էր, որտեղ մարդիկ ոչ թե խաղում էին, այլ դառնում էին օրվա գլխավորն ու հեղինակը: Իսկ գլխավորն ու հեղինակը` ծաղրածուն էր, որից մի քիչ ամենքիս մեջ ապրում է, ու այն ծաղրածուն, ով ընտրել էր «Մելամաղձ» քանդակը:

««Անտարես» հոլդինգի տնօրենն ինձ առաջարկեց դիմել որեւէ տարեց գրողի` գրքիս մասին որեւէ բան ասելու համար, բայց ես հրաժարվեցի` համարելով, որ գրքի մասին կարծիքը կլինի բոլորովին ուրիշ օպերա: Այդ գրքի մասին միայն մեկը կարող էր գրախոսական գրել, որն այս` «Մելամաղձ» արձանն է: Դրա համար էլ այս արձանի տակ ես հայտնվել եմ նման անփառունակ (ծաղրածուի) տեսքով, որի հիմնական ասելիքն այն է, որ մեր հասարակության մեջ գրողը յալանչի կամ ծաղրածու է: Մի մեծ ու խորը անդունդի վրայով նա շատ բարակ ճոպանի վրա քայլում է, եւ շատ հնարավոր է, որ ընկնի, գյաբռլամիշ լինի: Դրա համար այ այսպես` ծաղրածուի տեսքով, հայտնվել եմ այս արձանի տակ: Նաեւ այն պատճառով չցանկացա գրքիս մասին խոսք ասեին, որովհետեւ էդ խեղճ մարդիկ քաղաքավարությանը զոհ գնալով` գալու էին, գիրքս գովելու էին` ես էլ էշ-էշ հավատալու էի էդ ամենին: Քանի որ իմ ստեղծագործությունները «վռեդնի ցեխ» են` ձեր` ընթերցողներիդ համար, այդ վնասները կոմպենսացնելու համար որոշեցի ձեզ յոգուրտներ հյուրասիրել: Իմ ամենակարեւոր խնդրանքն այն է, որ էստեղ հավաքված մարդիկ իրար հետ խոսեն, շփվեն, բայց ոչ, իհարկե, իմ կամ գրքիս մասին»,- ասաց Հովհ. Թեքեգյոզյանը: Մի խոսքով` սա քաղաքում իրականացվող գրքերի այն շնորհանդեսներից չէր, որտեղ գրողն ու գրողին գովերգող գրողները սովորաբար իրենց միատեքստ ու «թառամած» բառամթերքով առավել քան զմռսում են ներկայացվող գիրքը` դրանով ավելի շատ սպանելով գրքի կյանքը: Խնդիրն այն է, որ գիրք ներկայացնելու այս անկաշկանդ մոդելը գիրքը ճանապարհում է թափառելու ոչ միայն մեզնից փախչող քաղաքում, ընթերցողից ընթերցող, այլեւ` գրքի համաշխարհային շուկա:

«Հիմա գրքի շուրջ կենաց են խմում, բայց երեւի վաղը գրքի մասին կխոսեն»

«Փախչող քաղաքը» վիրտուալ կինովիպակ ժանրից է, որը, թերեւս, մեզ համար անսովոր, բայց աներեւակայելի բացահայտումների գրական տարածք է: Կինովիպակում միահյուսված են միստիկան ու քաղաքային տիպավորումները, գրոտեսկն ու հումորային զուսպ անցումները: Հերոսների յուրօրինակ վարքագծերը բացահայտվում են հոգեբանական հարցազրույցի, կինոդրամատուրգիայի հնարների, միֆապատումի եւ SMS հաղորդագրությունների միջոցով: «Փախչող քաղաքում» արտացոլված միջադեպերը իռեալ-ռեալ լինելով` չափազանց ճանաչելի են, քանի որ փախչող քաղաքում ապրողները մենք ենք: Նշենք նաեւ, որ գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, որը հայկական գրահրատարակչական շուկայում կիրառում է մարքեթինգի ժամանակակից տեխնոլոգիաները:

Ընդ որում, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի շնորհիվ` բացահայտվում են բավականին շնորհալի, երիտասարդ հեղինակներ: Այն, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ` փաստ է, սակայն դժվար է հասարակական այդ փոքրիկ շերտի ոգեւորությունը վերագրել գրքի տոնի միջոցառումների կամ պրոպագանդայի արդյունքին։ «Ոգեւորությունը գրքի շուրջ է, գրքի նկատմամբ չէ, բայց դա մի փուլ է, որը պիտի հաղթահարենք, այնուհետեւ կտեսնենք մեր երազած Հայաստանը: Հիմա Գրքի տարու հետ կապված մեծ գումարներ վատնելով` գրքի կենացն են խմում, գրքի արձան են դնում, գրքին նվիրված համերգներ են անում: Գուցե գրքի շուրջ խոսելն էլ է պետք, հավանաբար մի օր էլ գրքի մասին կխոսեն»,- ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ երիտասարդ հեղինակների գրքերի հրատարակումը ոչ միայն ծրագիր, այլեւ` երկարատեւ ներդրում է, որի պտուղները քաղելու ենք մի 20 տարի հետո: Դրան զուգահեռ` նա շեշտում է, որ կարող են կոմերցիոն շահ ունենալ այն դեպքում, երբ մեր գրողն իր լավագույն ստեղծագործություններով հայտնի եւ հասու կլինի համաշխարհային ընթերցողին: Այսինքն` տարբեր լեզուներով կլինի մատչելի եւ գրագետ թարգմանված: «Առաջին գրական գործակալությունն իրականացնում է այդ աշխատանքը: Օրինակ, Արամ Պաչյանի մեկ շաբաթ առաջ կայացած գրքի շնորհանդեսից հետո, հիմա արդեն հեղինակը թարգմանվում է ուկրաիներեն: Անցյալ տարի պատմվածքի մրցույթի շահողները` 19 պատմվածք, թարգմանվում են եւս երկու լեզվով (ՀՀ մշակույթի նախարարը մի լեզվի թարգմանության հարցում աջակցել է): Մի խոսքով` քայլեր արվում են, որպեսզի մենք հասու դառնանք տարբեր երկրների ընթերցողների համար: Ինչ վերաբերում է Հովհ. Թեքեգյոզյանի «Փախչող քաղաքը» գրքի շնորհանդեսի հետաքրքիր ֆորմատին, ապա պետք է նշեմ, որ մարդիկ հոգնել են ավանդական ձեւաչափերից: Որպեսզի լուրջ ընդունեն` պիտի մի քիչ էլ գժոտ լինես: Փողկապով, գորշ կոստյումներով մարդիկ վաղուց ցույց են տվել, որ իրենք դատարկախոս են: Պետք է գրքի մատուցման ֆորմատը փոխվի»,- նկատում է «Անտարես» հրատարակչության տնօրենը, ով գրողներին կոչեր անելուց բացի, նաեւ նախաձեռնություններով է հանդես գալիս, հորդորելով` Հյուսիսային պողոտայում կամ Հանրապետության հրապարակում կարդալ իրենց բանաստեղծությունները. «Երեք օր առաջ Ֆրանկֆուրտի հրապարակներից մեկում օպերային մի երգիչ երգում էր, եւ մարդիկ գալիս լսում, դրամ էին գցում գլխարկի մեջ: Չգիտեմ` Հայաստանում քանի՞ օպերային երգիչ նման բան կաներ: Ժողովրդիդ համար անմիջականորեն երգելը վա՞տ է, կամ ժողովրդիդ մեջ ու ժողովրդիդ համար արտասանելը վա՞տ է: Երբ արտասահմանյան գրական շուկան համեմատում ենք մեր շուկայի հետ` հենց այս տարրն է պակասում: Դու առաջին հերթին պետք է հետաքրքիր լինես քո հարեւանի համար, որպեսզի այլ ընթերցողին էլ գրավես: Համենայնդեպս, առաջին ապրոբացիան պիտի քո շրջապատը լինի` այնտեղ, որտեղ կանգնած ես, զրուցում ես, ապրում, աշխատում ես»: Այնուամենայնիվ, Ա. Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ներկայիս ոգեւորությունը, միջավայրը, որը ստեղծվեց երիտասարդ հեղինակների գրքերի շնորհիվ` մոտ տասը տարվա աշխատանքի արդյունք է: Երկարաժամկետ ծրագրերի արդյունքներն ավելի դանդաղ են ի հայտ գալիս, քանի որ առհասարակ կարծրատիպային գրողների հետ աշխատելը դժվար է, հետեւաբար` երիտասարդներն ավելի ճկուն, բանիմաց եւ համարձակ են: Օրինակ` գրողներից ոմանց առաջարկվել է շնորհանդեսն իրականացնել «Բաղրամյան» մետրոյի ներքեւի հատվածում, Էրեբունի թանգարանում կամ Մեծամորի «պալոսների» շուրջը. «Չեն համաձայնվել, բայց, եթե դու ասում ես այն, ինչ ասել են երեկ` դու արդեն հետաքրքիր չես: Պիտի ասես այն, ինչն ուրիշները կասեն վաղը»: