Ախ, Նունե, Նունե

19/05/2012

Երգչուհի Նունե Եսայանը երեկվա ասուլիսում անդրադարձել է Թուրքիայում կայացած իր համերգին եւ, մասնավորապես, թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզին» տված իր հարցազրույցի շուրջ հնչած արձագանքներին եւ քննադատություններին: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների` Ն. Եսայանն ասել էր, թե անկախ նրանից` սահմանը բա՞ց է, թե՞ ոչ, «մեր սրտերը բաց են, արվեստը սահմաններ չի ճանաչում», ինչն էլ խիստ քննադատության արժանացավ Հայաստանում: Ն. Եսայանը երեկ այս առնչությամբ ասել է. «Համերգից մեկ օր առաջ ես հանդիպել եմ թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզի» լրագրողի հետ, ով հայ աղջիկ է: Ինքը շատ մեղմ է գրել, ես ավելի կոշտ, կոպիտ եմ խոսել: Այո, ես համարում եմ, որ սահմանները քաղաքականորեն փակ են, բայց մեր սրտերը բաց են, արվեստը սահմաններ չի ճանաչում, այստեղ չկա «թուրք» եւ «հայ» բառերը: Սրտեր ասելով` նկատի ունեմ արվեստագետներին, այստեղ չի ասվում, որ հայի սիրտը բաց է թուրքի առաջ, դա ասելու համար պետք է երկար մտածել»: Իսկ ինչ վերաբերում է թուրք արտիստի հետ համագործակցելուն, Նունե Եսայանը հաստատել է իր այն հայտարարությունը, թե` «միմիայն մեր խաղաղ ապագայի երգը կերգեն միասին, եւ դա կլինի ճշմարտության ապագայի երգ: Ես շատ լավ գիտեմ` ինչ եմ խոսել, եւ պատասխանատու եմ դրա համար»: Ըստ Ն. Եսայանի` այդ սխալը «չկայացած լրագրողի քայլ է, ով ուզում է հայտնի դառնալ իր միջոցով»: Ավելին, պարզվում է` Ն. Եսայանը սկզբում որոշել էր «պատժել այդ լրագրողին», սակայն իր իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո որոշել է «այս անգամ էլ ներել»: «Վիրավորվում ես, երբ լավ բան ես անում, երբ գնում ես քո թշնամու երկիր, ու համարձակ ես գնում, գնում ես հային քո սիրտը բացելու: Պոլսահայերի վրդովմունքը շատ մեծ էր, տոնում էինք մեր հաղթանակը, եւ երբ նրանք կարդացին, բավականին վրդովված էին, որ իրենց թուրք են անվանել: Մենք գնում ենք մեր հայերի համար, ես գնացել եմ` հայի համար եմ սիրտս բացել, երգել, կոչ արել»,- երեկ հայտարարել է Ն. Եսայանը` հավելելով, թե ինքը վրդովվել է թերթի այն մեկնաբանությունից, որ` «եթե 13.000 դոլարով բացել է սիրտը, ապա ինչեր կանի 50.000 դոլարով»: Սակայն նա վրդովվել է ոչ թե համեմատությունից, այլ` գումարի մասին տեղեկատվությունից` համարելով այն ոչ կոռեկտ եւ զրպարտություն իր անձի նկատմամբ: «Էթիկայից դուրս քայլ է, գրել է մի գումար, որը իրականությանը չի համապատասխանում: Ոչ մի լրագրող իրավունք չունի հարցնել, թե ինչքան գումար է աշխատում արտիստը: Եթե ուզում էր իմանար, թող ինձնից հարցներ»,- ասել է նա` հավելելով, թե հրավերք ստանալու դեպքում նորից կմեկնի Թուրքիա: