Բուժիչ նամակներ

19/05/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Երկարակեցություն պարգեւող Մայրին

Մայրի (Cedrus) փշատերեւազգիների ընտանիքին պատկանող կոնակիր ծառ է։ Ունի մի քանի տեսակներ` Հյուսիսային Աֆրիկայում աճող ատլասյան, Կիպրոս կղզում տարածված կարճատերեւ, Հայկական լեռնաշխարհում տարածված Արարատյան, Լիբանանի Բեկաս հովտում պահպանված լիբանանյան եւ հիմալայան։

Կազմում է ոչ մեծ անտառներ, բարձրությունը` 20-45 մ, տրամագիծը` մինչեւ 2-3 մ, կոները գլանաձեւ են` 12 սմ երկարությամբ եւ 4-6 սմ լայնքով, սերմերը` 1,5-1,8 սմ երկարությամբ եւ 0,5-0,7 սմ լայնքով, ունեն 2,5 սմ երկարությամբ թեւիկ, ինչի շնորհիվ տարածվում են քամու միջոցով։ Սերմերը խեժոտ են եւ ոչ ուտելի, պարունակում են զգալի քանակությամբ ճարպային յուղ, որն ունի հականեխիչ հատկություն։ Փշատերեւ կանաչ կամ մոխրակապտավուն ասեղիկների երկարությունը 3,5 սմ է, տեղակայված են փնջերով, յուրաքանչյուրում կա 20-40 ասեղիկ։ Փայտանյութը կարմիր է, շատ ամուր եւ բուրումնավետ, թեթեւ եւ փափուկ։ Աճում է շատ դանդաղ, առանձին աճող ծառերը պտղաբերում են 15-20-րդ տարում, անտառի ստվերում, 30-50 տարեկանից։ Լուսասեր, չորադիմացկուն, ցրտադիմացկուն, հողի հանդեպ ոչ պահանջկոտ ծառատեսակ է։ Մայրիները նախընտրում են սարերի լանջերը, դժվար հասանելի լեռնային շրջանները` ծովի մակերեւույթից 1000-2000 մ բարձրության վրա։ Ծառը կարող է աճել միայն էկոլոգիապես մաքուր պայմաններում։

Հնագույն ժամանակներից մայրու բնափայտը լայնորեն օգտագործվել է նավահանգիստների եւ նավերի շինարարությունում։ Այդ նավերով ճանապարհորդել են եգիպտական փարավոնները եւ փյունիկիացի ծովագնացները։ Մայրին պատկերված է Լիբանանի դրոշի, զինանշանի, մետաղյա եւ թղթե դրամների վրա։ Ներկայումս պահպանվել են մի քանի բնական անտառակներ։ Լիբանանյան մայրին 17-րդ դարի կեսերից լայնորեն մշակվում է Եվրոպայի հարավում, Այսրկովկասի մերձսեւծովյան շրջաններում, Ղրիմում։ Հին հայերը բարձր են գնահատել մայրու ծառը, հայերենում «մայրի» բառը կրում է անտառ իմաստը։ Պահպանվել են պատմական տվյալներ, թե Երվանդունի վերջին արքան Ք.ա. 3-րդ դարի վերջում Ախուրյան գետի երկայնքով տնկել է մեծաթիվ մայրու ծառեր, տեղանքը անվանել են Ծննդոց Անտառ։ Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ։ Մշակել են` որպես զարդածառ։ ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում մշակվել է մայրու հիմալայան տեսակը։ Մայրու բոլոր տեսակներն ունեն մեկ հետաքրքիր հատկություն` մինչեւ 80 տարեկանը կլանում են խոնավությունը։ Կյանքի մնացած 450-700 տարին այն աշխատում է «արտահանել» ավելորդ հեղուկը։ Հնագույն ժամանակներում մայրու անտառները զբաղեցրել են շատ մեծ տարածքներ։ Կան փշատերեւ ծառերի տեսակներ, որոնք անցումային են, դրանցից է կեղծ մայրին կամ մայրի սիբիրյանը, որի տերեւի ասեղիկները տեղակայված են «հնգյակներով», եւ մայրասոճի եվրոպականը կամ մայրի եվրոպականը (Pinus cembra), որի տերեւի ասեղիկների թիվը հավասար է վեցի։ Երկու տեսակների տերեւներն էլ աճում են հստակ արտահայտված փնջերով։ Pinus sibirica` մայրի սիբիրյանը տարածված է Արեւմտյան եւ Արեւելյան Սիբիրում, պահանջկոտ է օդի խոնավության հանդեպ։ Ունի մեծ տնտեսական նշանակություն։ Բուժիչ հատկություններ ունեն կոնում պարունակվող ընկուզիկները, դրանց կճեպը, փշատերեւը, մատղաշ գագաթային ընձյուղները, տերեւի բողբոջը, բուսախեժը։ Մայրի սիբիրյանի ընկույզն ուտելի է, այն բարձրացնում է դիմադրողականությունը։ Մայրու ընկույզը շատ հարգի ուտեստ է, ինչով եւ հաճախ բացատրում են սիբիրյան երկարակեցության ֆենոմենը, ընկույզը հատկապես օգտակար է տղամարդկանց։ Ընկույզի միջուկը կիրառում են թոքախտի, երիկամների եւ միզապարկի հիվանդությունների, իսկ կճեպը` նաեւ թութքի, դեղնախտի, լսողության խանգարման դեպքում։

Փշատերեւի թուրմը խմում են որպես թեյ` լնդախտի, ավիտամինոզի բուժման նպատակով։

Բուսախեժն օգտագործվում է վերքերի, տրոֆիկ խոցի, չիբանի բուժման համար։

Ընկուզիկը պարունակում է 60 տոկոս արժեքավոր յուղ, որը զուրկ է խոլեստերինից եւ կարող է փոխարինել ձկան յուղին, քանի որ դրա մեջ անհամեմատ շատ է F վիտամինը։ Հարուստ է սպիտակուցներով (32 տոկոս), 17 ամինաթթուներով, որոնք գործնականում ամբողջովին յուրացվում են։ Յուղը հրաշալի հակաօքսիդանտ է, E վիտամինի քանակը 5 անգամ ավելի է, քան ձիթապտղի յուղում։ Հայտնի է, որ այս վիտամինը կոչվում է նաեւ «տոկոֆերոլ»=«սերունդ ծնող»։ Յուղի մեջ պարունակվում են ընկույզի բոլոր օգտակար նյութերը` կարոտին, C, B1, D վիտամիններ, նատրիում, մագնիում, պղինձ, մոլիբդեն, ցինկ, կոբալտ, յոդ, բարիում, տիտան, արծաթ, ալյումինիում։ Յուղը շատ օգտակար է հղի կանանց, երեխաներին, ավելացնում է կերակրող մայրերի կաթը, կարգավորում արյան բաղադրությունը եւ նյարդային համակարգի գործունեությունը, ունի հակաալերգիկ հատկություն։ Յուղը չունի հակացուցումներ, սակայն լուրջ հիվանդությունների դեպքում պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այն կենսաբանորեն ակտիվ նյութ է։ Կանխարգելիչ եւ բուժիչ նպատակներով խմեք 1-2-ական թ/գ մայրու յուղ, օրը 2-3 անգամ` սնվելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք մինչեւ 2 ամիս։

Ստամոքսաբորբ, ներքին խոցեր. Խմեք 1-ական թ/գ յուղ առավոտյան սնվելուց առաջ եւ երեկոյան սնվելուց 2 ժամ հետո։ Շարունակեք 3 շաբաթ, կրկնեք 10 օրից։

Աթերոսկլերոզ.

– Խմեք 30 կաթիլ, օրը 1 անգամ` սնվելուց առաջ, շարունակեք 1 ամիս։ Օգտակար է բարձր ռադիացիայի դեպքում եւ ետվիրահատական շրջանում։

– Խառնեք 300-ական գրամ մայրու ծառի ընկույզի միջուկը, ալոճի 10 տոկոսանոց ոգեթուրմ, մեղր եւ 200 մլ նախօրոք եռացրած սառը ջուր։ Թրմեք 5 օր, քամեք, պահեք մուգ գույնի շշի մեջ։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 1 տարի։

Վարիկոզ. Օրը 2 անգամ ոտքերը մշակեք մայրու յուղով։

Հոդացավ, հոդատապ. Հավանգով մանրացրեք ընկույզը (կճեպով) լցրեք 2 լ տարողությամբ տարայի կեսը, ավելացրեք օղի այնքան, որ 5-6 սմ բարձր լինի հումքից։ Պարբերաբար խառնեք, թրմեք 7 օր։ Քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։

Ճնշումը կարգավորող. 5 ճ/գ մանր կտրատած փշատերեւը 10 ժամ թրմեք ջերմապահում 1 լ եռջրով։ Քամեք։ Խմեք 100-200-ական մլ, օրը 5-10 անգամ` սնվելուց առաջ եւ 1 ժամ հետո։ Շարունակեք 1-6 ամիս, ընդմիջեք 2-ական շաբաթ։ Օգտագործեք ճնշման տատանումների դեպքում։

Հելմինտոզ. Օրվա ընթացքում կերեք 100 գ մայրու ընկուզիկ։ Շարունակեք 2 ամիս։ Այդ ընթացքում խստիվ արգելվում է ցանկացած մսի օգտագործումը։

Բնական էպիլյացիա. Մանրացրեք մայրու ընկույզի կճեպը, 10 րոպե եփեք եռջրում`1։2 ծավալային հարաբերությամբ։ Լվացեք մարմնի այն մասը, որտեղ աճում են անցանկալի մազեր։

Լեյկոզ. Կճեպը 2 շաբաթ թրմեք օղու մեջ (1։1 ծավալային հարաբերությամբ)։ Քամեք։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, 1 ճ/գ ջրի հետ։ Շարունակեք 28 օր։ Ընդմիջեք 1 ամիս։ Օգտակար է նաեւ միզաքարային հիվանդությանը։