Երեկ երեկոյան Մոսկվայից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո իշխանական դաշտում տեղեկություններ տարածվեցին, թե որոշակիացվել է նոր կառավարության ձեւավորման հարցը: Մասնավորապես, ըստ իշխանական աղբյուրների, ռուսական ղեկավարության հետ ձեռք է բերվել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կոալիցիա չկազմելու պայմանավորվածություն: Խոսքը վերաբերում է զուտ ձեւաչափին, քանի որ մեր աղբյուրները չեն բացառում, որ կոալիցիա կազմելու փոխարեն` պարզապես ստորագրվի ինչ-որ համաձայնագիր կամ հայտարարություն, որի արդյունքում հայտարարվի նաեւ, որ այդ 3 կուսակցությունները 2013 թ. պաշտպանելու են Ս.Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստ, որի ընթացքում քննարկվելու է ինչպես այս 3 կուսակցությունների հետագա համագործակցության, այնպես էլ այն հարցը, թե ՀՀԿ-ի համամասնական ցուցակից ովքեր են պատգամավորական մանդատ ստանալու, եւ ընդհանրապես ինչ փոփոխություններ են տեղի ունենալու առաջիկայում: Ի դեպ` մեր տեղեկություններով, մինչեւ ԳՄ այսօրվա նիստը Ս.Սարգսյանը եւս մեկ հանդիպում է ունենալու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: