Դե արի ապացուցի, որ դու ուղտ չես

03/12/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Միասնական ընդդիմության ավտոմեքենաներն ու ակտիվիստներին Ոստիկանությունն ու կարմիր բերետավորների ջոկատները սկսել են «փախցնել» դեռեւս նոյեմբերի 23-ին: Ոստիկաններին վերապահված էր ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու միջոցառումների իրականացումը, իսկ կարմիր բերետավորներին` բռնություններով մարդկանց «Գազելները» մտցնելը:

Միակ ուրախալի փաստն այն է, որ եթե ավտոմեքենաները տանելուց հետո չեն վերադարձնում, ապա մարդկանց մինչեւ ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքներում պահելուց հետո, երբ հանրահավաքն ավարտվում է` ազատ են թողնում: Շատ հաճախ Ոստիկանությունում նրանց աղաչում են իրենց հետ գնալ ռեստորան, «հաճելի ժամանակ անցկացնել», միայն թե չմասնակցեն հանրահավաքին ու իրենց հետ մարզերից ժողովրդին չտանեն Երեւան:

Նոյեմբերի 24-ին Պետհամալսարանի մոտից «փոսի» ԳԱԻ տեղափոխած «Նոր Ժամանակներ» կուսակցության «ԵՐԱԶ» մեքենան, որի մեջ հանրահավաքի բարձրախոսներն էին, մինչեւ այսօր չեն վերադարձրել: Այնինչ այդ օրը կապիտաններից մեկն Արամ Կարապետյանին «տղամարդու խոսք» տվեց` այն վերադարձնել, եթե նա իրենց հետ գնա բաժանմունք: Սակայն Ա. Կարապետյանը Պետավտոտեսչությունից դատարկաձեռն վերադարձավ, որովհետեւ այդ «տղամարդ» կապիտանը փախել էր` մեքենայի միջից դատարկելով բոլոր սարքավորումները: Մինչ այդ Ա. Կարապետյանին մեքենայի համար տուգանել էին, իսկ երբ նա գնացել էր մեքենայի մոտ, մեքենան դատարկ էր հայտնաբերել: Մինչեւ հիմա այդ մեքենան դատարկ կանգնած է տուգանային հրապարակում, եւ Ա. Կարապետյանը հրաժարվում է այն առանց սարքավորումների այնտեղից դուրս բերել: «Մեքենան տալիս են, բարձրախոսները` ոչ: Թող սարքավորումները դնեն մեջը, հետո վերադարձնեն։- ասաց Արամ Կարապետյանն` ավելացնելով,- ոնց տարել են, թող այդպես էլ հետ տան»: Իսկ սարքավորումները ոստիկանները չեն վերադարձնում` Ա. Կարապետյանից պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ դա իսկապես Ա. Կարապետյանինն է, եւ գողացված չէ: «Ասում են` բերեք փաստաթղթերը, ապացուցեք, որ ձերն է` կվերադարձնենք,- ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահը։ -Այդ սարքավորումները մենք հինգ տարի առաջ ենք գնել, եւ փաստաթղթերի մեծ մասը եղել է հենց այդ «ԵՐԱԶ» մեքենայի մեջ: Իսկ հիմա մեքենայի մեջ ոչ միայն փաստաթղթերը, այլեւ մի հատ բոլտ չկա: Հայտնի ուղտի պատմության նման է, որ ասում են` դե հիմա արի ու ապացուցի, որ դու ուղտ չես»: Իսկ մինչ Ա. Կարապետյանը ոստիկաններին կապացուցի, որ ինքն «ուղտ» չէ, նոյեմբերի 28-ին ուշ երեկոյան փորձել են ոստիկանական բաժանմունք տանել նաեւ «ՆԺ» կուսակցության օպերատորի «Օփել» մակնիշի մեքենան, որը տեսանկարահանել է ընդդիմության բոլոր հանրահավաքները:

Դեռեւս Ոստիկանությունում է գտնվում նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության «06» մակնիշի` բարձրախոսներով ավտոմեքենան, որը նույն օրը` նոյեմբերի 24-ին, նախագահական նստավայրի մոտ կազմակերպված շուրջկալից հետո` Հովիկ Թամամյանի գլխավորությամբ քաղաքացիական համազգեստով չորս տղամարդ տեղափոխեցին տուգանային հրապարակ: Չեն վերադարձրել նաեւ նույն օրը Ռադիոտան դիմացից տարած «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության ղեկավար Աշոտ Պողոսյանի «4X4» Նիվա մակնիշի մեքենան: Իսկ Ա. Պողոսյանին, ում կարմիր բերետավորներն անխնա հարվածում էին ձեռքերով ու ոտքերով, շտապօգնության մեքենայով` գրեթե անգիտակից վիճակում, տեղափոխեցին հիվանդանոց:

Ընդդիմության նոյեմբերի 29-ին հրավիրած հանրահավաքից առաջ ոստիկաններն այլեւս չէին սպասում, որ մեքենաները տեղաշարժվեն, ու «կարմիր լույսի տակով» կամ հոծ գիծն անցնելու մեղադրանքով նրանց բերման ենթարկեն: Նրանք առանց նախազգուշացնելու հենց «Հանրապետություն» կուսակցության դիմացից մեքենաները տեղափոխում էին տուգանային հրապարակ: Իսկ վարորդն այդ մասին իմանում էր իր մեքենան երկար փնտրելուց հետո միայն, երբ տեսնում էր, որ մեքենան իր կանգնեցրած տեղում չէ: Նոյեմբերի 29-ին տարբեր տեղերից` տարբեր պատճառաբանություններով, տուգանային հրապարակ է տարվել շուրջ երկու տասնյակ մեքենա, իսկ շատերը հայտնաբերել են, որ իրենց մեքենաները գտնվում են հետախուզման մեջ: «Մեկին ասում են` մարդ ես վրաերթ արել, մյուսին` գողացված մեքենա է, մյուսներին էլ` մի ձեւ հասկացնում են, որ պատճառը հանրահավաքն է: Բայց մենք հո՞ գիտենք, որ դրանց ձեռքն ով ընկավ` մի քանի վայրկյանից հայտնվելու է բաժանմունքում, մեքենան էլ` ԳԱԻ-ում»,- ասում էին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: «Հանրապետություն» կուսակցության դիմացից` առանց զգուշացնելու տուգանային հրապարակ են տարել նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Գրիգոր Թադեւոսյանի «07»-ը: Երբ Գ. Թադեւոսյանը փորձել է պարզել, թե ինչի համար են իր մեքենան տարել, նրան պատասխանել են` «Երեւան քաղաքի Պետավտոտեսչության պետ Իշխան Իշխանյանի հրամանով է»: Գ. Թադեւոսյանին, ինչպես նաեւ մյուս «տուժածներին», խոստացել էին մեքենաները վերադարձնել հանրահավաքից անմիջապես հետո, սակայն երեկ երեկոյան նրանք դեռեւս առանց մեքենաների էին: «Խոստացել էին հանրահավաքից հետո, երբ բոլորը ցրված կլինեին, մեքնենաները վերադարձնել, բայց չկա»,- ասում էին նրանք: Տուգանային հրապարակ են տարել անգամ կուսակցության տարածքում պատահականորեն հայտնված քաղաքացիների մեքենաները: «Հանրապետության» անդամներից մեկն ասաց, որ նոյեմբերի 29-ին, կեսօրին տուգանային հրապարակ են տարել իր ընկերոջ ավտոմեքենան, որը բոլորովին կապ չուներ իրենց հանրահավաքների հետ. «Իմ մեքենան արդեն տարել էին, եւ ես ընկերոջս, որն անցնելու էր մեր կուսակցության կողքով, խնդրեցի ինձ իր հետ տանել, բայց երբ ես իջել եմ մեքենայից, պետավտոտեսուչները կանգնեցրել են նրան` ասելով, թե այն պետք է տանեն տուգանային հրապարակ, որովհետեւ ինքն, իբր, «կտրել-անցել» է Ներսես Նազարյանի մեքենայի դիմացով: Բայց նման բան չի եղել»,- ասում էր «Հանրապետության» անդամներից մեկը: Երեկ երեկոյան նրանցից մեկը զանգահարել է Պետավտոտեսչություն եւ ասել, որ իրենց տրամադրության տակ գտնվող մեքենաներից մեկն ինքը պետք է գնի, քանի որ նախապես պայմանավորված է եղել տիրոջ հետ ու առաջարկել է` փողը տանել, մեքենան վերցնել: Պետավտոտեսչությունից նրան պատասխանել են. «Եթե միտինգի ավտո է, պիտի մնա, մինչեւ հանդարտվի: Հենց հանդարտվի` կտանք»:

Իսկ «Ազգային Միաբանություն» կուսակցությունն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Կարապետյանը, արդեն նման բաների նկատմամբ «իմունիտետ» է ձեռք բերել, ու հենց իրենց անդամին կամ մեքենաները տանում են Ոստիկանություն կամ տուգանային հրապարակ, իրենք չեն էլ հետաքրքրվում դրա ճակատագրով` վստահ լինելով, որ այն մի օր կվերադարձնեն: «Ամեն անգամ հանդիպումից առաջ հավաքում, հետո բաց են թողնում, մենք արդեն համապատասխան իմունիտետ ենք ձեռք բերել»,- հայտարարեց Ալեքսան Կարապետյանը: