Միայն գլոբալ նպատակներով

17/05/2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախընտրական շրջանում ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. «Խորհրդարանական ընտրություններից հետո քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունն է ապագա կոալիցիոն կառավարությանը: Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել: Մի քանի նախարար ավելի կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որեւէ նշանակություն չունի: Մեր խնդիրն ավելի գլոբալ է` այնպիսի կառավարության ձեւավորումը, լինի դա կոալիցիոն, թե ոչ, որը օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես-միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը: Մնացած բոլոր կարծիքներն ու վերլուծություններն ուղղակի հիմնազուրկ են: Ի վերջո, ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է մեր հանրության զգալի հատվածի` մոտ կես միլիոն մեր հայրենակիցների վստահությունը, որը մեր համար ամենամեծ արժեքն է: Եվ մենք չենք անելու որեւէ քայլ, որը կսասանի ժողովրդի հավատն ու վստահությունը մեր հանդեպ»: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ն. Զոհրաբյանը հայտարարել էր, թե ճիշտ չի համարում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը: