Օսկանյանը` ԱԺ նախագա՞հ

17/05/2012

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով ԲՀԿ-ում դժգոհությունը մեծանում է: Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ինքը ձեւական կոալիցիայի պատասխանատվության տակ չի մտնի: Արդեն տեղեկացրել էինք, որ ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նույնպես դեմ է կոալիցիա կազմելուն: Մեր տեղեկություններով, իրականում ԲՀԿ-ում դժգոհողների քանակն ավելի մեծ է, եւ Վ.Օսկանյանը մտածում է ԱԺ-ում առանձին թիմ ձեւավորելու մասին ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է տանում: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, Վ.Օսկանյանի ու Գ.Արսենյանի կարծիքը կիսում են նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակի 7-րդ, 9-րդ եւ 11-րդ հորիզոնականները զբաղեցնող Վահե Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Էլինար Վարդանյանը: Եվ չի բացառվում, որ կոալիցիա կազմելու դեպքում ԲՀԿ-ի նշված 5 անդամները դուրս գան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնեն: Այս հարցերի շուրջ երեկ մեր թղթակցին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ից, քանի որ այս օրերին բոլորն անորոշության մեջ են եւ զերծ են մնում մեկնաբանություններից: Տեղեկություններ կան, սակայն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խմբակցության հնարավոր պառակտումը կանխելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում առաջարկել է Վ.Օսկանյանին ԱԺ նախագահ նշանակել: Ասում են, որ Օսկանյանն` ինքն, իրականում դեմ չէ այդ տարբերակին: