Նախագահ Սերժ Սարգսյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընդունելության չարժանացնելու հարցը, երկու օր է, դարձել է քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը` դրանից բխող ու ամենահեռուն տանող եզրահանգումներով: Գրեթե բոլոր քննարկումներն ու վերլուծությունները հանգում են նրան, որ Ս. Սարգսյանին չընդունելով, Պուտինն արտահայտել է իր վերաբերմունքը ՀՀ խորհրդարանական ընտրությունների, մասնավորապես` դրանց արդյունքում ռուսական կողմնորոշում ունեցող ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի` ոչ գոհացուցիչ արդյունքների նկատմամբ: Որքանով են այս գնահատականները տեղին ու ոչ մակերեսային, ցույց կտան առաջիկա զարգացումները: Սակայն Պուտինի կողմից Ս. Սարգսյանին չընդունելը միայն այս տեսանկյունից գնահատելը, թերեւս, նշանակում է` անցած խորհրդարանական ընտրությունների «արտաքին նշանակությունն» ամբողջությամբ չդիտարկել: Խնդիրն, իհարկե, երեւույթի արարողակարգային մասը չէ. այդ առումով, այո, նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի մակարդակով ընդունելը, իհարկե, լավ բանի մասին չի վկայում: Բայց գուցե Ս. Սարգսյանին չընդունելը իրականում լրիվ հակառա՞կ նշանակություն ուներ, եւ այդպիսով Պուտինը ցանկանում էր տպավորություն ստեղծել, որ ռուսական իշխանությունները դժգո՞հ են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքից կամ արդյունքներից: Ի՞նչ է տեղի ունեցել մայիսի 6-ին: ՀՀ իշխանությունը վերարտադրվել է, սակայն վերարտադրվել է այնքան իդեալական ճանապարհով, որ արժանացել է Արեւմուտքի գորովագին գնահատականներին: Ռուսաստանի համար, թերեւս, ավելի լավ արդյունք դժվար է պատկերացնել այն պարզ պատճառով, որ արեւմտյան բարձր գնահատականների արժանացած այդ իշխանությունն` իր էությամբ, բովանդակությամբ, մտածողությամբ, «ռուսական տիրույթում» գտնվող իշխանություն է: Հակառակն ապացուցելու համար որեւէ մեկը կարո՞ղ է ներկայացնել որեւէ խնդիր, որը, ցանկության դեպքում, Ռուսաստանը չի կարող իրագործել Հայաստանում` ներկայիս իշխանությունների պարագայում: Դժբախտաբար, դժվար է նման խնդիր գտնել, քանի որ ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն որեւէ կերպ դեմ չի արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ռուսներին արված զիջումներին, այլեւ շարունակել է նույն քաղաքականությունը, ինչի արդյունքում ՌԴ-ն այսօր Հայաստանում ունի այն, ինչը, թերեւս, այս պահին իրեն անհրաժեշտ է` էնեգետիկ ու հեռահաղորդակցության համակարգերից` մինչեւ տարածաշրջանում ռուսական միակ ռազմակայանի տեղակայման հիսնամյա հնարավորություն: Ավելին` ԱԺ ընտրություններից օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական իշխանություններին առաջարկեց Ադրբեջանից մերժում ստանալու դեպքում դիտարկել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը Հայաստանում տեղակայելու հարցը: Այսինքն` ՀՀ գործող իշխանությունները, ըստ էության, բոլոր չափանիշներով բավարարում են ռուսական քաղաքական վերնախավի պահանջներին: Իսկ երբ նույն այդ իշխանությունը նաեւ ընդունելություն է ստանում արեւմտյան ժողովրդավարական ընտանիքում, ՌԴ-ի համար դառնում է էլ ավելի նախապատվելի: Այս համատեքստում Ս. Սարգսյանին չընդունելը կարող է վկայել ոչ թե` ընտրությունների արդյունքներից ՌԴ իշխանությունների դժգոհ լինելու, այլ ճիշտ հակառակը` շատ գոհ լինելու մասին: