ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած` Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նախօրեին հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, եւ, ինչպես ինքն է ասել «Ազատություն» ռ/կ-ին, քննարկված հարցերի թվում է եղել նաեւ ՀՀԿ-ի հետ կառավարություն կազմելու խնդիրը: Ըստ Հովհաննիսյանի, այդ հարցում Ծառուկյանը «շատ ժողովրդավար է», հակված է որոշում կայացնելուց առաջ լսել բոլորի կարծիքները: Նա ասել է նաեւ, թե այդ հարցով դեռեւս կարծիք չի հայտնել Հանրապետականի առաջնորդն ու երկրի նախագահը: «Գնդակը, ինչպես ասում են` Սերժ Սարգսյանի դաշտում է: Սերժ Սարգսյանն ամիսներ անց մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին եւ խնդիր ունի հաջող հանդես գալ: Քանի որ գնդակն իր դաշտում է, պետք է որ այս հարցերի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնի հանրությանը»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Ուշագրավ է, որ ընդամենը երկու օր առաջ Հ. Հովհաննիսյանը հայտարարում էր` «աշխարհն էլ շուռ գա», ինքը վայր չի դնի պատգամավորական մանդատը: Երեկ, սակայն, նա ասել է, թե իրեն դեռ հայտնի չէ` ինքը կմտնի՞ խորհրդարան ԲՀԿ-ի ցուցակով, թե՞ չի մտնի: «Ինձ դեռ չեն առաջարկել ինքնաբացարկի դիմում գրել»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը` մանրամասնելով, թե ԲՀԿ-ն դեռ չի ձեւակերպել այն խնդիրներն ու նպատակները, որոնց շնորհիվ պարզ կդառնա` գնո՞ւմ է Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարան, թե՞ ոչ: «Գագիկ Ծառուկյանը պետք է որոշում կայացնի իմ կամ Վարդան Օսկանյանի վերաբերյալ` ելնելով նրանից, թե որքանո՞վ արդյունավետ կլինի թիմը, եթե ես կամ Օսկանյանը կոալիցիայի նպատակահարմարության մասին մեր դիրքորոշումներն ունենք»,- ասել է Հովհաննիսյանը: