– Հետընտրական շրջանում բնական է, երբ տարբեր քաղաքական մեկնաբաններ տարբեր սցենարներ են կանխատեսում: Բայց եւս մեկ անգամ կրկնեմ, որ կուսակցությունը դեռ պաշտոնապես չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը: Ասեմ, որ ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն եւ բավականին ավելացրել է պատգամավորների թիվը: Սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովուրդը վստահում է ամենաազնիվ ու պատասխանատու քաղաքական ուժին: Եվ անկախ այն հանգամանքից` կոալիցիա կլինի՞, թե՞ ոչ, կամ ԲՀԿ-ին կհրավիրե՞նք կոալիցիա, թե՞ ոչ, քաղաքական դաշտի առաջին ջութակը ՀՀԿ-ն է: Եվ եթե պետք է կոալիցիա լինի, այն պետք է ստեղծվի միասնական ծրագրերի ու գաղափարների, ապագա գործունեության շուրջ եւ պետք է ունենա միասնական ղեկավար: Իսկ այդ միասնական ղեկավարը Սերժ Սարգսյանն է: Ինչպես նման հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն:
– Այսինքն` կոալիցիա կազմելու հիմնական պայմանն այն է, որ այդ ուժերը պետք է 2013թ. նախագահական ընտրություններին պաշտպանեն Ս.Սարգսյանի՞ թեկնածությունը:
– Ես նման բան չասացի, մենք դեռ կոալիցիայի հետ կապված քննարկում չենք ունեցել: Եվ քաղաքականությունն առեւտուր չէ, որ առեւտրական տրամաբանությամբ առաջնորդվենք: Ամեն դեպքում, ՀՀԿ-ն նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իրականացնում է եւ կիրականացնի քայլեր, որոնք բխում են պետության շահերից: Մի բան փաստ է, որ ի դեմս Ս.Սարգսյանի` մենք ունենք պետական գործիչ, ով այս տարիներին ապացուցել է իր միավորիչ հատկությունը, կոնսոլիդացիայի գնալու իր ունակությունը, հասարակությանը միավորելու, համերաշխություն եւ հանդուրժողականություն քարոզելու իր դրական քաղաքական գիծը:
– Իսկ եթե ԲՀԿ-ն առայժմ ձեռնպահ մնա նախագահի թեկնածուի մասին հայտարարություն անելուց, կամ ասի, որ ունի սեփական թեկնածուն, այդ կուսակցությանը կոալիցիա կհրավիրե՞ք:
– Ես ձեռնպահ կմնամ «եթե»-ներով հարցերին պատասխանելուց: Հայաստանում եւ ողջ աշխարհում արդարացված է այն կոալիցիաների ձեւավորումը, որոնք համախմբված են ծրագրերի շուրջ, որոնք նպատակ ունեն միասնական խնդիրները լուծել միասնական ղեկավարի գլխավորությամբ: Իսկ միասնական ծրագրերը հաջողությամբ են լուծվում այն ժամանակ, երբ լինում է նախագահի միասնական թեկնածու:
– Տեղեկություններ կան, որ ինչպես ԲՀԿ-ում, այդպես էլ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն:
– ՀՀԿ-ում դեռ որեւէ մեկը չի բարձրաձայնել հնարավոր կոալիցիայի հետ կապված իր բացասական կարծիքը կամ դժգոհությունը: Բոլորն էլ ասում են, որ դեռ քննարկում չի եղել: Այս հարցում, բնականաբար, վճռական կլինի նախագահի կարծիքը: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, մենք արդեն սովոր ենք, որ նրանց մոտ տարբեր կարծիքներ են հնչում: Մեզ եւ հասարակության համար կարեւոր է այս կամ այն քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումը: Եվ ԲՀԿ-ն դեռ պաշտոնապես հերքում չի տվել, որ կոալիցիայի անդամ չէ, կամ չի պաշտպանելու Ս.Սարգսյանի թեկնածությունը: Մնացած բոլոր հայտարարությունները ԲՀԿ-ի ներքին խնդիրներն են, իրենք պետք է դրանք լուծեն: Կոռեկտ չէ, որ խառնվեմ այլ կուսակցության ներքին հարցերի: Բայց քաղաքական դաշտում շրջանառվող բոլոր սցենարներից անկախ` մի բան շատ հստակ է. առաջիկա 5 տարիներին ՀՀԿ-ն իր նախագահի գլխավորությամբ պետք է լինի քաղաքական պրոցեսների հիմնական դերակատարը:
– Բայց ընդամենը 8 ամիս հետո նախագահական ընտրություններ կան, եւ չի բացառվում, որ այդ ժամանակ արմատական փոփոխություններ լինեն:
– Ես կինդեր-սյուրպրիզների չեմ հավատում:
– Ընտրությունների արդյունքում կոալիցիոն կուսակցություններն ավելի քան 80 տոկոս քվե ստացան: Սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակում, արտագաղթի պայմաններում` արդյոք այդ պատկերն արտահայտո՞ւմ է ժողովրդի տրամադրվածությունը:
– Ես ունեմ մի սկզբունք` երբեք ժողովրդի ընտրությունը չեմ մեկնաբանում: Եթե այդպես է ընտրել, ուրեմն տվյալ պարագայում ճիշտը դա է: Ընտրությունն է միակ միջոցը, որ դու կարողանաս որոշել, թե ինչպիսի քաղաքական ուժերով պետք է առաջիկա 5 տարիներին հանդես գան խորհրդարանում: Ժողովուրդը որոշել է, որ այս համամասնությունը պետք է լինի:
– Այսինքն` ժողովուրդը գո՞հ է իր վիճակից, այս իշխանությունների գործունեությունից, որ այս անգամ նույնիսկ ավելացրեց իշխանությունների մանդատները:
– Ես հավակնություն չունեմ ժողովրդի փոխարեն կարծիք հայտնել, որեւէ մեկին էլ խորհուրդ չեմ տա դա անել: Ունենք այն` ինչ ունենք: Մի բան փաստ է, որ այս ընտրությունները 21-րդ դարի լավագույն ընտրություններն են` իրենց բոլոր տեխնիկական թերություններով հանդերձ: Դրա մասին խոսեցին նաեւ եվրոպական դիտորդները, որոնցից մի քանիսն այս ընտրությունները համեմատեցին Կենտրոնական Եվրոպայում անցկացվող ընտրությունների հետ: Եվ թե իրավապահ մարմինները, թե լրատվամիջոցները, թե ԿԸՀ-ն եւ հ/կ-ները շատ ակտիվ աշխատեցին: Այս ընտրությունների կազմակերպչական ու թափանցիկության մակարդակը շատ բարձր էր:
– Բայց չէ՞ որ համատարած ընտրակաշառք բաժանելու ու այլ կարգի ընտրակեղծիքների մասին են խոսում:
– Ես լուրջ չեմ վերաբերվում նման հայտարարություններին, ինձ համար լուրջ է փաստերի վրա հիմնված կարծիքը: Մենք էլ ասել ենք` եթե կան փաստեր, թող ներկայացնեն: Բայց բոլորը խոսում են եւ ոչ թե փաստեր են ներկայացնում: Ես այնքան ռոմանտիկ չեմ, որ ասեմ, թե որեւէ խախտում չի եղել: Այդ ո՞ր երկրում խախտում չի լինում: Բայց խոսել, որ դրանք համատարած են եղել, ճիշտ չէ: Մի կուսակցություն կա, որ 1700-ից ավելի ընտրատեղամասերում տեսախցիկներ էր տեղադրել: Որեւէ փաստ կա՞ ֆիքսված, ներկայացրեք:
– Իսկ կուսակցության ներսում պորտֆելների ի՞նչ բաշխում է նախատեսվում: Կամ` գոնե Դուք գիտե՞ք, թե ինչ պաշտոն եք զբաղեցնելու:
– Որեւէ բան չի քննարկվել ոչ միայն իմ, այլ մյուսների պաշտոնների հետ կապված: Ես կուսակցության մի զինվորն եմ եւ պատրաստ եմ աշխատել իմ ուժերի ներածին չափով այնտեղ, որտեղ ինձ կտեսնի կուսակցությունը եւ նախագահը: