«Հայաստանը նայում է Եվրոպային»: Այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Վեդոմոստի» պարբերականում: Խոսելով ԱՊՀ գործունեության մասին` Տ. Սարգսյանը շեշտել է, որ «Հայաստանը ԽՍՀՄ նախկին տարածքում ինտեգրման գործընթացներին զուգահեռ` սկսում է Եվրամիության հետ տնտեսական մերձեցման բանակցություններ»: «Մենք միշտ հանդես ենք եկել` որպես ԱՊՀ ու ԵվրԱզԷս-ի շրջանակում տնտեսական կապերի խորացման ակտիվ կողմնակից: Միեւնույն ժամանակ, Մաքսային միությանն անդամակցությունը մեզ համար բովանդակազուրկ է աշխարհաքաղաքական պատճառներով. չկան ընդհանուր սահմաններ ոչ Ռուսաստանի, ոչ Ղազախստանի, ոչ էլ Բելառուսի հետ: Սակայն այս միության հարթակի վրա հնարավոր են փոխշահավետ համագործակցության տարբերակներ: Անհրաժեշտ են խթաններ ինտեգրացիայի համար: Կա, այսպես կոչված, «հեռավոր տարածքների» փորձը, որի համաձայն` վերջիններս համագործակցում են միության շրջանակում ավելի մեղմ պայմաններով, ստանում են որոշակի արտոնություններ: Մենք առաջարկել ենք մշակել Մաքսային միության եւ Հայաստանի համագործակցության հատուկ ձեւաչափ: Հարցը հիմա ակտիվ քննարկման փուլում է: Պետության գոյատեւման ու նորմալ կենսագործունեության գլխավոր պայմանը տնտեսական համագործակցության աշխարհագրությունն առավելագույնս ընդլայնելն է: Այդ տեսանկյունից` ԱՊՀ-ի, ԵվրԱզԷս-ի, ներկայումս` Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացները մենք պետք է դիտարկենք` որպես փոխլրացնող: Այս տեսանկյունից ոչ մի հակասություն չկա նրանում, որ Հայաստանը ԽՍՀՄ նախկին տարածքում ինտեգրման գործընթացներին զուգահեռ` սկսում է Եվրամիության հետ տնտեսական մերձեցման բանակցություններ: Բոլորովին վերջերս Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ մեկնարկել են բանակցություններ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի շուրջ: Մոտակա երկու-երեք տարում մեզ սպասվում է լարված, մանրամասն աշխատանք եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եվրոպական չափանիշները բարձր նշաձող են սահմանում ապրանքների արտադրության, պահպանման, տեղափոխման ու իրացման համար: Այդ չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական եւ տեխնոլոգիական գործընթացների, ներքին հսկողության համակարգերի լուրջ փոփոխություններ: Եվ, որ ամենակարեւորն է` արտադրական ու առեւտրային ցիկլի մասնակիցների վարքագծի փոփոխություն: Տնտեսությունը պետք է ենթարկվի լուրջ որակական փոփոխությունների: Մենք պետք է եվրոպական չափանիշներին համապատասխանեցնենք մեր օրենսդրական դաշտը եւ արտադրություններում անվտանգության վերահսկողության համակարգերը: Դա շատ ծավալուն եւ ծախսատար գործընթաց է, բայց այն առաջին հերթին մեզ է հարկավոր: Քանի որ մենք մտածում ենք մեր սպառողների մասին. նրանք նույնպես պետք է վստահ լինեն, որ Հայաստանի տարածքում արտադրվող ապրանքը որակյալ է, անվտանգ ու հուսալի: Արդյունքում` ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի. զգալիորեն կավելանան արտահանումն ու ներմուծումը, կկրճատվի արտաքին առեւտրի դեֆիցիտը: Հատկանշական է, որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի մտնելու մտադրության մասին են հայտարարում նաեւ Ուկրաինան ու Մոլդովան: Մեզ համար դա կարեւոր է, քանի որ Հայաստանն ունի լուրջ ներուժ` համաշխարհային շուկայում ներկայանալու որպես մի երկիր, որն արտադրում է էկոլոգիապես մաքուր ապրանքներ»: