Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցությունում տեղի է ունենալու գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ԳՄ անդամների հետ քննարկելու է ԱԺ-ում իրենց խմբակցության պատգամավորների ցուցակը, Կառավարության կազմի հնարավոր փոփոխությունները, եւ, որ ամենակարեւորն է` ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմել-չկազմելու հարցը:
Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանն անցած 2 օրերին Մոսկվայում էր եւ, ամենայն հավանականությամբ, վերը նշված հարցերը քննարկվել եւ համաձայնեցվել են նաեւ ՌԴ ղեկավարների հետ: Երեկ երեկոյան Ս.Սարգսյանի վերադարձից հետո արդեն իշխանական կուլիսներում լուրեր էին շրջանառվում, թե կոալիցիա չի կազմվելու, փոխարենը` ինչ-որ համաձայնագիր է ստորագրվելու ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: Եվ չի բացառվում, որ հենց այդ համաձայնագրում էլ նշված կլինի, որ այդ երկու կուսակցություններն էլ նախագահական ընտրություններին կպաշտպանեն Ս.Սարգսյանի թեկնածությունը: Իսկ մինչ ավելի պարզ կդառնա, թե ինչ որոշումներ են կայացվելու այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, ներկայացնենք, թե ինչ փոփոխությունների մասին են քննարկումներ տեղի ունենում իշխանական, հատկապես` ՀՀԿ ճամբարում:
Մեր տեղեկություններով, այժմ համեմատաբար ամուր են վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը, եւ, ամենայն հավանականությամբ, նա կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հնգյակից խորհրդարան է գնալու կամ կուսակցության շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, կամ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Ընդ որում, նրանցից որ մեկն էլ ԱԺ գնա, գնալու է ԱԺ նախագահի կարգավիճակով: ՀՀԿ-ում ամենաառանցքային նշանակումը հենց ԱԺ նախագահինն են համարում: Թեեւ չի բացառվում, որ նրանք երկուսն էլ գնան, բայց այն տարբերակով, որ Հ.Աբրահամյանը նշանակվի ԱԺ նախագահ, իսկ Ս.Նիկոյանը` կրկին փոխնախագահ, որպեսզի վերջինս խորհրդարանում Հ.Աբրահամյանին հակակշիռ ստեղծի: Ու քանի որ անցած տարեվերջին ԲՀԿ-ի հետ ունեցած հարաբերությունների պատճառով Ս.Սարգսյանը պաշտոնանկ արեց Հ.Աբրահամյանին, այժմ այդ պաշտոնին վերադարձնելու համար անհրաժեշտ է նրա կողքին ունենալ ավելի վստահելի ՀՀԿ-ականի:
Իսկ Ս.Սարգսյանը Հ.Աբրահամյանին ԱԺ նախագահ կարող է նշանակել միայն ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունների արդյունքում: Որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու եւ, որ ամենակարեւորն է, 2013թ. նախագահական ընտրություններում Ս.Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու համար ԲՀԿ-ի միակ պայմանը ԱԺ նախագահի պաշտոնում Հ.Աբրահամյանի նշանակումն է: Վերջինս, տեւական ժամանակ է, ինչ ՀՀԿ-ում համարվում է ԲՀԿ-ամետ, ինչպես նաեւ` ԲՀԿ-ի հետեւում կանգնած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մտերիմ պաշտոնյա: Իշխանական կուլիսներում քննարկվում են եւս մի քանի թեկնածուների անուններ: Իշխանական շրջանակներում խոսում են, որ Հ. Աբրահամյանի ընտրությունը ԱԺ նախագահի պաշտոնում կարող է բացասաբար ընկալվել արեւմտյան երկրների` Հայաստանում գործող նրանց ներկայացուցչությունների կողմից, քանի որ նա այդ շրջանակներում համարվում է ռուսական ազդեցության գործիչ: Ուստի ՀՀԿ-ում` որպես ԱԺ նախագահի հավանական թեկնածու, քննարկվում է նաեւ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի անունը, ով նաեւ կուսակցության փոխնախագահն է եվրոպական կառույցների հետ համագործակցության գծով: Որպես միջանկյալ տարբերակ` քննարկվում է նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անունը, ով ընդունելի կարող է լինել թե՛ Արեւմուտքի համար` որպես արեւմտյան տիպի գործիչ, թե՛ Ռուսաստանի համար` ԲՀԿ անդամ լինելու շնորհիվ:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակից պատգամավորական մանդատ ստանալու հարցին, ապա, մեր տեղեկություններով` մինչեւ 115-րդ հորիզոնականը կարող է անցողիկ լինել: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վերջերս հայտարարել էր, որ իրենց ցուցակից դուրս կգա մոտ 70 հոգի, ովքեր հիմնականում գործադիրում պաշտոններ ստացողներն են: Բացի այդ, խոսակցություններ կան, որ իր մանդատից կարող է հրաժարվել նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Իսկ Կարեն Ճշմարիտյան եւ Վարդան Այվազյան զույգից մեկը կարող է նշանակվել բնապահպանության, Էկոնոմիկայի կամ որեւէ այլ նախարարի պաշտոնում: Եվ քննարկվող տարբերակներից մեկի համաձայն` ՀՀԿ ցուցակից դուրս կգան առաջին 39 հորիզոնականներում գտնվող մոտ 11 հոգի` Ս.Սարգսյանը, Տ.Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը: Ինչպես նաեւ` Աբրահամյան-Նիկոյան, Ճշմարիտյան-Այվազյան զույգերի անդամներից մեկը: Կարծիք կա, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կնշանակվի նախարար, ամենայն հավանականությամբ` Տարածքային կառավարման նախարար: ԱԺ-ում չեն լինի նաեւ Մ.Գրիգորյանը` եթե ինքնաբացարկ հայտարարի, եւ Ա.Աշոտյանը` եթե շարունակի պաշտոնավարել որպես ԿԳ նախարար: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, եթե Ս.Նիկոյանը չմնա ԱԺ նախագահի պաշտոնում, կարող է նշանակվել ոչ թե Բնապահպանության, ինչպես շրջանառվում է, այլ` Տրանսպորտի եւ կապի նախարար: Իհարկե, այս նշանակումների մի մասի ժամկետը կարող է ավարտվել նախագահական ընտրություններից հետո:
Այսպիսով, եթե ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 39 հորիզոնականները զբաղեցնողներից 11-ը դուրս գան, կմնա 28 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նորեկներ Վահրամ Բաղդասարյանը եւ ջավախահայության ներկայացուցիչ Հովհաննես Սոֆյանը: Հայտնի է, որ ՀՀԿ-ն համամասնական ցուցակով ունենալու է 40 պատգամավոր, այսինքն` ցուցակից եւս 12 հոգի կարող են գնալ ԱԺ: ԱԺ կարող են գնալ 102-րդ հորիզոնականից` Արտակ Զաքարյանից մինչեւ ներառյալ 114-րդ հորիզոնականում գտնվող Գագիկ Մելիքյանը: Հնարավոր է, ԱԺ-ից դուրս մնա Հ.Աբրահամյանի հովանավորյալ Արփինե Հովհաննիսյանը: ՀՀԿ խմբակցությունն ունենալու է 7 կին պատգամավոր, որոնցից երկուսը` ընտրված մեծամասնական ընտրակարգով: Իսկ ՀՀԿ խմբակցությունը, մի քանի բացառություններով հանդերձ, ունենալու է հետեւյալ կազմը` Հ.Աբրահամյան կամ Ս.Նիկոյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Շուշան Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Արա Բաբլոյան, Կարինե Աճեմյան, Կարեն Ավագյան, Լեւոն Մարտիրոսյան, Մարգարիտ Եսայան, Վարդան Այվազյան կամ Կարեն Ճշմարիտյան, Ռաֆիկ Գրիգորյան, Վահրամ Բաղդասարյան, Ռուզաննա Մուրադյան, Նահապետ Գեւորգյան, Մարտին Սարգսյան, Առաքել Մովսիսյան, Համլետ Հարությունյան, Նաիրա Կարապետյան, Հովհաննես Սոֆյան, Սպարտակ Մելիքյան, Շիրակ Թորոսյան, Արտակ Զաքարյան, Արայիկ Հովհաննիսյան, Արմեն Մխիթարյան, Արտակ Դավթյան, Վոլոդյա Բադալյան, Մկրտիչ Մինասյան, Տաճատ Վարդապետյան, Հովհաննես Սահակյան, Սուքիաս Ավետիսյան, Լեռնիկ Ալեքսանյան եւ Գագիկ Մելիքյան:
Իհարկե, Ս.Սարգսյանն այսօր կարող է շատ մոտավոր ներկայացնել, թե ՀՀԿ-ի գործադիր եւ օրենսդիր պաշտոններում ինչ փոփոխություններ են սպասվում ապագայում: Կամ` որքանով է նպատակահարմար ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, եւ այլն: Կարծիք կա, թե նա այսօր ավելի շուտ կփորձի կարծիքներ լսել եւ ոչ թե` իր որոշումների մասին տեղեկացնել: Իսկ որոշումների մասին կտեղեկացնի, հավանաբար, հաջորդ շաբաթ: Նոր գումարման ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 31-ին: