Մտահոգված են

03/12/2005

Մոտ ժամանակներս Ադրբեջանը կարող է լուրջ խնդիրների բախվել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Ըստ Բաքվի «525» թերթի, այդ մասին հայտարարել է Ադրբեջան «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) նախագահ Ակիֆ Նագին: Նրա ասելով, դրա պատճառը կլինի Հայաստանի աշխուժացումը եւ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շահագործումը: Նագիի կարծիքով, քանի որ միջազգային կազմակերպություններն ու խոշոր պետությունները շահագրգռված են նավթամուղի լիակատար անվտանգությամբ, նրանք կարեւոր են համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, քանի որ հրաշալի գիտակցում են, թե հակամարտությունն ինչպիսի վտանգ է ներկայացնում նավթամուղի համար: Ընդ որում, ՂԱԿ առաջնորդի կարծիքով, միջազգային կազմակերպություններն ու խոշոր պետությունները զիջումներ են ակնկալում ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից: