Դեռեւս 2010թ. ապրիլ ամսին ստեղծեց «Երեւան ջուր» ՓԲԸ-ի Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինությունը, որն ընդամենը 1 տարվա կյանք ունեցավ:
Նշյալ կառույցի նախկին տնօրեն Միքայել Դավթյանի խոսքով` «Երեւան Ջուրը» անհիմն ձեւով լուծարել է իրենց կազմակերպությունը, քանի որ իրենք ակտիվորեն պայքարում էին խախտումների բացահայտման ուղղությամբ: Նախկին տնօրենի փոխանցմամբ` աշխատակիցների իրավունքները վերականգնելու եւ ընկերությունից փոխհատուցում ստանալու հայցապահանջի` վարչական դատարանում մերժվելուց հետո, իրենք այժմ պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան: Եվ այսպես` մինչեւ Եվրոդատարան:
Մ. Դավթյանի խոսքով` կարճ ժամանակահատվածում Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինությունն ուսումնասիրել է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման ենթակայության տակ գտնվող տարածքի 1/4 մասը: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են 15.305 խախտում, ընդ որում` հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման, անսարք եւ վնասված ջրաչափերի, պետական ստանդարտի կնիքի, հոլոգրաֆ կնքի խախտումներ: «15.305-ից 5210-ն ապօրինի ջրօգտագործողներ էին: Մենք հարց բարձրացրեցինք ընկերության նախկին գլխավոր տնօրեն պարոն Ռուայի մոտ` նշելով, որ չարաշահումներ են կատարվել, եւ մեր ընդերքի ջուրը փոշիացվում է: Եվ սկսեցինք պայքարել դրա համար: Մեր համարձակության համար, որ կարողացանք բարձրացնել այդ հարցը, մեկ օրում պարոն Ռուայի հրամանով 40 աշխատակից ազատվեց աշխատանքից»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Դավթյանը: Վերջինիս խոսքով` նույն օրն ընկերության ֆրանսիացի ղեկավարը լուծարել է նաեւ վերոնշյալ տնօրինությունը: Այդ ձեւով, ըստ Մ. Դավթյանի, ընկերությունը վրեժխնդիր է եղել իրենց կատարած աշխատանքի համար: Մեր այն հարցին, թե խախտումների բացահայտումն արդյո՞ք օգտակար չէր ընկերության համար, Մ. Դավթյանը պատասխանեց. «Երեւի իրենց ձեռ էր տալիս էդ փոշիացումը: Եթե ձեռ չէր տալիս, մենք 11 ամիս ստացել ենք խրախուսում: Էդ դեպքում ինչի՞ են մեզ խրախուսում տվել մեր լավ աշխատանքի համար: Էդ դեպքում ինչի՞ են մեր աշխատակիցներին ազատել աշխատանքից: Մենք դա միայն կապում ենք հաշվեհարդարի հետ, որովհետեւ մենք դատարանում էլ ենք ներկայացրել, որ դա հաշվեհարդար է մեր 40 աշխատողների նկատմամբ»,- նշեց «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցը` հավելելով, թե ընկերությունն իր ղեկավարած կառույցը լուծարել է «կառուցվածքային փոփոխությունների» անվան տակ: Միեւնույն ժամանակ ընկերությունն աշխատանքի էր ընդունել 28 նոր աշխատակցի:
Մ. Դավթյանի փոխանցմամբ` «Վիոլա Ջուր» ընկերության եւ Կառավարության միջեւ կնքված պայմանագրի համաձայն` նշյալ ընկերությունը պարտավոր էր ունենալ ջրային հաշվեկշռի համակարգում եւ վերահսկողություն: Մ. Դավթյանի դիտարկմամբ` ջրօգտագործման ոլորտում 85 տոկոս կորուստ է գրանցվել: Նախկին տնօրենը նաեւ նշեց, որ դեռեւս 2008թ. հուլիսի 1-ին ինքը նշանակվել էր ընկերության տեղական իշխանությունների հետ կապերի գծով տնօրեն, սակայն ամիսներ անց իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվել է: Մ. Դավթյանը «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆին աշխատանքից ազատման դիմումի մեջ նշել էր. «2008թ. հուլիսի 1-ից իմ բանավոր համաձայնությամբ նշանակվել եմ ընկերության տեղական իշխանությունների հետ կապերի գծով տնօրեն: Անցած ամսվա ընթացքում ես հասկացա, որ այդ պաշտոնում աշխատանքը վարկաբեկում է ինձ` որպես մարդու եւ աշխատողի: Պատճառն ընկերության կողմից մշտապես ջրամատակարարման գրաֆիկների խախտումներն են, պետության առաջ ստանձնած պարտականությունների չկատարումը, որի համար ես ստիպված եմ լինում կարմրել ընկերության փոխարեն` քաղաքապետարանի պաշտոնյաների առաջ: Ես այլեւս չեմ կարող հանդուրժել ստեղծված իրավիճակը եւ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ իմ պաշտոնից…»:
Մ. Դավթյանը վստահեցնում է, որ իրենք պայքարելու են իրենց իրավունքների վերականգնման համար` հասնելով մինչեւ անգամ Եվրոդատարան: