Տնտեսական ամենալուրջ սպասումը շարունակում են մնալ գնաճն ու դրամի արժեզրկումը: Զանգվածային լրատվամիջոցները համարյա ամեն օր «գուժում» են որեւէ ապրանքի թանկանալու փաստը՝ մեկ ծխախոտի, մեկ շաքարավազի: Եվ այդպես շարունակ: Մյուս կողմից` տարադրամի փոխարժեքն է առավելագույնս մոտեցել 400 դրամի սահմանագծին: Հոգեբանական սահմանագծին: Այդ ցուցանիշի հաղթահարումից հետո դրամի արժեզրկումը կարող է ավելի թափով ընթանալ: Չի կարելի ասել, որ սա անսպասելի էր: Վերջին խորհրդարանական ընտրություններն ամենաթանկն են մեր 20-ամյա պատմության մեջ: Ըստ փորձագիտական հաշվարկների` մեծամասնական կարգով ընտրվող գործարար-պատգամավորների մի մասն առասպելական գումարներ է ծախսել: Խոսվում է 1-2.5 մլն դոլարի մասին: Իսկ փողի նման զանգվածը մեկուկես ամսում մեր տնտեսության մեջ ցնցումների պատճառ կարող է դառնալ: Եթե հաշվի առնենք, որ ընտրակաշառք բաժանվում էր նաեւ համամասնական քվեների համար, ապա կարելի է ասել, որ կանխիկ փողի ծավալը կարող է անկառավարելի դարձնել ֆինանսական շուկան: Վերջին պաշտոնական հրապարակման համաձայն` շրջանառության մեջ կանխիկ փողի ծավալը մեկ ամսում ավելացել էր 35 մլրդ դրամով (88,5 մլն դոլարից ավելի): Հետեւաբար, մեր «քաղաքական» գործիչների բաժանած ընտրակաշառքը շարունակում է իր ավերը: Տնտեսական ավերը: Ընտրակաշառքը, հայտնի բան է, բաժանվեց ազգային դրամով: Այսինքն՝ մեր «քաղաքական» գործիչների մի մասը նախ տարադրամը փոխանակեց ու մտցրեց կանխիկ շրջանառություն` «ընտրակաշառք` քվեի դիմաց» հայտնի բանաձեւով: Բնակչության ձեռքն անցած գումարը հանվեց շուկա: Այսինքն` վերադարձավ նույն ընտրակաշառքը բաժանողներին: Խոշոր ներկրող ու արտադրող գործարար պատգամավորները, բնականաբար, շահույթ պիտի հետապնդեն: Այս պահին, երբ ընտրակաշառքի շնորհիվ բնակչության գնողունակությունը մի փոքր աճել է, գործարարները պիտի բարձրացնեն ապրանքների գները: Հատկապես լայն սպառման ապրանքների գները՝ նպատակ ունենալով վերադարձնել իրենց ժամանակավոր կորուստները: Այսպես եղել է նախորդ ընտրություններից առաջ եւ, հավանաբար, այսպես կլինի ապագա ընտրություններից հետո էլ: Բայց խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մի առանձնահատկություն էլ ունեն: Դրանց մոտ տասը ամիս հետո հաջորդում են նախագահական ընտրությունները: Իսկ դա որոշակի զսպաշապիկ է գնաճի համար: Ընտրությունից ընտրություն վերարտադրվող իշխանությունները փորձում են հնարավորինս մեղմել գնաճը: Որքան կարողանում են: Հայտնի բան է, որ մեր օլիգարխները իրար մեջ մանրակրկիտ բաժանել են շուկան: Բաժանել են` ըստ ոլորտների, եւ անգամ` ըստ ապրանքատեսակների: Հիմա միայն ամենաազդեցիկ օլիգարխ-պատգամավորները կհանդգնեն բարձրացնել իրենց ներկրած կամ արտադրած ապրանքների գները: Որովհետեւ պետական ապարատն իր ամբողջ թափով արդեն սկսում է պատրաստվել նախագահական ապագա ընտրություններին: Ուստի կպատժի ցանկացած ինքնագործունեություն գների ոլորտում: Կարելի է վստահ ենթադրել, որ առաջիկա տասն ամսում մեզ սակագնային որեւէ փոփոխություն չի սպառնում: Ոչ խմելու, ոչ ոռոգման ջրի: Ոչ էլեկտրաէներգիայի, ոչ գազի: Այս ոլորտի տնտեսվարողները «մարաղ մտած» կսպասեն: Կսպասեն մինչեւ
2013-ի փետրվար: Նրանք իրենց ծառայությունների սակագնի բարձրացման հայտերի համար ուղիղ երեք ու կես տարի ժամանակ կունենան: Իսկ «ինչո՞ւ հիմա չեն մեր իշխանությունները գնաճի դեմն առնում» հարցն իրականում հռետորական է: Բոլորը գիտեն, որ օլիգարխ-գործարար-պատգամավորները մի քանի ամսից լծվելու են նախագահական ընտրությունները ֆինանսավորելու հայրենանվեր գործին: Կամա կամ ակամա, բայց լծվելու են: Քաղաքական համակարգի պարբերական վերարտադրությունը նրանց համար կենաց-մահու խնդիր է: Այդպես նրանք ապահովագրում են մեր բիզնես դաշտը հնարավոր ցնցումներից ու վերաձեւումներից: Իսկ դրա համար ֆինանսապես նախապատրաստվել է պետք: Նախ` թանկացումների ճանապարհով հարկավոր է հնարավորինս արագ վերադարձնել բաժանած փողերը: Նորօրյա ընտրական պատմությունը ցույց է տալիս, որ մեր երկրում ընտրությունները գնալով թանկանում են: Խոսքն ամենեւին էլ շքեղ նախընտրական պլակատ-բուկլետներ տպելու մասին չէ: Ոչ էլ մեծ ու պուճուր «աստղիկներով» համերգ-շոուների: Ընտրությունից ընտրություն աճում է ինչպես ընտրակաշառքի բուն չափաբաժինը (ընտրությունների խորհրդանիշ դարձած 5-հազարանոցն արդեն անցյալ է), այնպես էլ հասարակական ծավալը: Փորձագիտական գնահատականներն ինչ-որ իմաստով ապացուցվեցին պաշտոնական տվյալներով (հիշո՞ւմ եք, որ կանխիկ փողի զանգվածն աճել է 88,5 մլն դոլարի չափով): Մինչդեռ երկու ամիս առաջվա կանխատեսումը, թե ընտրությունների ընթացքում 100 մլն դոլար կծախսվի, չափազանցություն էր թվում: Հիմա իշխանությունները մի խնդիր ունեն` հնարավորինս աննկատ դարձնել այդ ծախսերի վերադարձը: Արեւելյան առածը ծիծաղում է «ուղտին նստած կուզեկուզ գնացողի» վրա: Սա մի գործընթաց է, որը թաքցնել հնարավոր չէ: Ի վերջո, այդ գումարները լայն սպառման ապրանքների գները բարձրացնելով են ետ բերվելու: Որքան էլ վիճակագրական պաշտոնական հայտարարագրերը ցածր գնաճ նկարագրեն, միեւնույն է, սպառողը գնաճը զգալու է իր առօրյա կենցաղում: Փաստորեն, ճիշտ է, որ «Ամեն բանի ժամանակը կա»: Կա ընտրակաշառք վերցնելու ժամանակը, եւ կա ընտրակաշառքը վերադարձնելու ժամանակը: Հուսանք, որ այն առանց ցնցումների կանցնի: