Ծնվել է 1968թ. նոյեմբերին, Երեւանում, ամուսնացած է, ունի երկու երեխա: 1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 1992-1998թթ. սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում։ Զուգահեռ դասավանդել է նույն համալսարանում: 1998-ից մինչեւ 2012թ. դասախոսել է ԵՊՀ տնտեսագիտության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում եւ արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: 1990-1992թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ։ 1998-1999թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, 1999-2008թթ. եղել է ԿԲ խորհրդի անդամ, 2008-2010թթ.` ԿԲ նախագահի տեղակալ: 2010թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ ֆինանսների նախարարն է:
– Լինելով տնտեսագետ` ներկայացնում եք Խորհրդային Հայաստանում բարձրագույն կրթություն ստացածների վերջին սերունդը, իսկ ասպիրանտուրայում սովորելու Ձեր տարիները համընկել են տնտեսական համակարգի փոփոխության հետ: Ինչպե՞ս է դա անդրադարձել Ձեզ վրա:
– Այդ ժամանակ ակնհայտ դարձավ, որ խորհրդային հասարակագիտական գիտությունները, մասնավորապես` տնտեսագիտությունը, չէին համապատասխանում իրականությանը: Պարզ էր, որ պետք է նոր բան սովորել, բայց պարզ չէր, թե որտեղից եւ ինչպես: Անգամ արեւմտյան հասարակագիտությունն ամբողջովին հարմարեցված չէր բացատրելու այն, թե ինչ է կատարվում մեր երկրներում: Երբ 90-ականների վերջին հայտնի ամերիկյան տնտեսագետ Դեմսեցը վերլուծում էր տնտեսագիտության առավել արագընթաց զարգացումը` մյուս հասարակական գիտությունների նկատմամբ, նշեց, որ` «ինչպես պարզ դարձավ Արեւելյան Եվրոպան կոմունիզմից կապիտալիզմի փոփոխության արեւմտյան տնտեսագետների տված օգտակար խորհուրդների ակնհայտ սակավությունից, մենք ինքներս հասկացանք, որ շատ բան չենք հասկանում անգամ մեր երկրների ինստիտուտներից`գոնե դրանց ստեղծման մասով»: Թեեւ իմ ստացած գիտելիքների մի մասը հնացած էր, նրանց մեծ մասը կիրառելի էր. իմ բախտը բերեց, որովհետեւ ես սովորում էի տնտեսագիտական կիբեռնետիկայի բաժնում, ինչը մաթեմատիկական տնտեսագիտություն էր եւ համապատասխանում էր գիտության արեւմտյան պատկերացումներին: Ի դեպ, խիստ հետաքրքիր է, որ Երրորդ Հանրապետությունում ֆինանսների մի քանի նախարարներ` Լեւոն Բարխուդարյանը եւ Տիգրան Դավթյանը, ինչպես նաեւ` էկոնոմիկայի նախարարներ Արմեն Եղիազարյանն ու Վահրամ Ավանեսյանը հենց տնտեսագետ-մաթեմատիկոսներ են:
– 1992-98թթ. Դուք ԱՄՆ-ում ստացել եք երկրորդ բարձրագույն կրթությունը եւ գիտական կոչում: Կպատմե՞ք` ինչպես դա ստացվեց:
– 1992-ին ընկերս թերթում կարդացել էր հայտարարություն ԱՄՆ-ում սովորելու մասին: Այն կոչվում էր Բենջամին Ֆրանկլինի անվան կրթաթոշակ եւ հետագայում վերանվանվեց Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակի: Դիմեցինք` առանց մեծ հույսեր ունենալու, որ կանցնենք: Ծրագիրն այդ տարի հայտարարվում էր առաջին անգամ, եւ այդ տարում Հայաստանից ԱՄՆ սովորելու մեկնեց 6 երիտասարդ, այդ թվում` եւ ես, եւ հանրային կառավարում ուղղությունից ընտրվեց միայն մեկ հոգի` կար նաեւ իրավաբանություն, տնտեսագիտություն եւ իրավունք: Համալսարաններն ինքներս չէինք ընտրում, եւ ես հայտնվեցի Նյու Ջերսիի նահանգային համալսարանում: ԱՄՆ-ում հանրային կառավարումը սերտորեն կապված է քաղաքագիտության հետ, որտեղ ես եւս զուգահեռ սովորում էի: Մագիստրատուրան ավարտելուց հետո, քանի որ թե առաջադիմությունս էր բարձր, թե անցել էի լրացուցիչ բավականին առարկաներ քաղաքագիտությունից, ունեի 2 տարբերակ. կամ ընդամենն ավարտական մագիստրոսական թեզ պաշտպանել եւ ստանալ նաեւ քաղաքագիտության մագիստրոսի կոչում, կամ շարունակել ուսումը դոկտորանտուրայում: Ընտրեցի վերջինը: Ամերիկյան համալսարաններն աշխարհում, հավանաբար, լավագույնն են, եւ ստեղծում են կրթվելը խրախուսող միջավայր: Թե ինձ, թե ԽՍՀՄ այլ հանրապետություններից եկած ուսանողների համար, օրինակ, ժամանակ պահանջվեց հարաբերությունների ամերիկյան ոչ պաշտոնական ոճին սովորելուն: Օրինակ, դա արտահայտվում էր վաստակաշատ պրոֆեսորներին ուղղակի անունով դիմելու մեջ, միաժամանակ լիովին հասկանալով, որ դա ընդամենը հաղորդակցության ձեւն է, եւ գնահատականների կամ կարգապահության հարցերում որեւէ աչառու վերաբերմունք չի կարող լինել: Թեեւ, օրինակ, երրորդ ամսից սկսած իմ ղեկավարն անընդհատ ինձ քաջալերում էր` իրեն անունով դիմել, ես դա կարողացա անել միայն մեկ տարուց: Դոկտորանտուրան ավարտեցի հաջորդ 4 տարիների ընթացքում` զուգահեռաբար դասավանդելով: Այսինքն` դասավանդելն էր այն արտոնությունը կամ աշխատանքային կրթաթոշակը, որով ես ապրում էի եւ վճարում ուսման վարձը: Դասավանդել եմ շուրջ 7 առարկա, այդ թվում` քաղաքագիտական առարկաներ, հատկապես` մեր տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաեւ` վիճակագրություն, մաթեմատիկական մեթոդներ, եւ այլն: 98-ին դոկտորական թեզը պաշտպանեցի եւ վերադարձա: Մասնագիտացա համեմատական հանրային կառավարման մեջ, որպեսզի դոկտորական ատենախոսությունս չարտացոլի զուտ ամերիկյան իրականությունը, այլ ունենա ավելի լայն համատեքստ, գործիքներ տա, որ այստեղ եւս կիրառելիություն ունենա:
– Որո՞նք են Ամերիկայի մասին Ձեր ամենավառ հիշողությունները:
– Մեր համալսարանն ամենաբազմազգն էր ամբողջ Ամերիկայում, եւ հանրակացարանային բնակարանս (մեր կոմունալ բնակարանների տրամաբանությամբ) կիսել եմ ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, իսկ ուսանողները ծագումով ծածկում էին ամբողջ մոլորակը: Անգամ մեկ Երեւանում ծնված, հետո ԱՄՆ մեկնած ուսանող ունեի: Կամ այլ խիստ հետաքրքիր դեպք. մի ուսանողուհի ունեի` Բալջյան ազգանունով: Նա մոտեցավ եւ խնդրեց, որ կուրսային աշխատանքը գրի իր արմատների մասին: Աղջիկը հույն էր`հայկական արմատներով: Ծնվել էր Հունաստանում, միշտ հետաքրքրվել իր արմատներով, սակայն ինչ-որ պատճառներով ընտանիքում Եղեռնից մազապուրծ եղած հոր պապի մասին շատ բան չէր կարողացել իմանալ: Հիշեմ մի հետաքրքիր դեպք եւս: Մի օր երեկոյան, դասերից հետո, երեք բնակարանակիցներով տուն գալով, բնակարանից ահավոր ծծմբային հոտ առանք: Մեզ թվաց, որ բնակարանում ինչ-որ տեղ սատկած կենդանի կա, որքան էլ դա տարօրինակ թվար (կրծողներ չկային, իսկ միջատների դեմ պարբերաբար պայքարում էին): Կես ժամ հետո պարզվեց, որ ինչ-որ ազգային տոնի առթիվ մեր չորրորդ` չինացի բնակարանակիցը ազգային «համադամ» խորտիկ է պատրաստում` ուտեստ հատուկ հոտեցված ձվից, որը, ինչքան հիշում եմ, թե բավական թանկ էր, թե ԱՄՆ-ում դժվար ճարվող, եւ մեր չինացի ընկերը բավական հպարտ էր, որ Նյու Ջերսիում կարողացել է այդ խորտիկը ապսպրել: Շատ կարեւոր էր նաեւ, որ Նյու Յորքից հեռու չէի բնակվում, իսկ Նյու Յորքը մի քաղաք է, որը երբեք չի քնում, եւ որտեղ կարելի է գտնել ամեն ինչ`ամենաստոր բարքերից` մինչեւ ամենաբարձր մշակույթ: Ես, մասնավորապես, շատ լավ հիշում եմ քաղաքի բոլոր կարեւոր գրախանութների տեղերը, եթե հիմա գնանք, կարող եմ դրանցով արագ շրջայց կազմակերպել:
– Իսկ հիմա կարդալու ժամանակ մնո՞ւմ է:
– Շատ ավելի քիչ, քան առաջ, բայց, ամեն դեպքում, կարդում եմ: Քանի որ մինչեւ անցած տարի նաեւ դասավանդում էի, բնականաբար, պետք էր անընդհատ մասնագիտական գրականություն ընթերցել` դասավանդվող առարկաների վերաբերյալ: Իսկ դասավանդում էի հանրային կառավարում եւ տնտեսագիտություն: Այդ թեմաները բավականին լայն են, հատկապես հանրային կառավարումը, որի մեջ մտնում է ոչ միայն տնտեսագիտություն, այլեւ հոգեբանություն, քաղաքական միջավայր, կառավարման հմտություններ եւ այլն: Իմ վերջին կարդացած գրքերից մեկը Ջոնահ Լեհրերի «Ինչպես ենք որոշումներ ընդունում» գիրքն էր, որը վերաբերում էր որոշումներ ընդունելու մեխանիզմներին, եւ որտեղ, սակայն, բացատրությունները տրվում են ոչ թե հոգեբանության, այլ հիմնականում նեյրոկենսաբանության տեսանկյունից: Ամենազարմանալի դրույթը, որ կարդացի այդտեղ եւ, իմիջիայլոց, անմիջապես հանձնարարեցի ուսանողներիս քննարկման համար, դա այն էր, որ բարոյականությունն ամբողջովին սոցիալական հիմքի վրա չէ, այլ ունի հզոր կենսաբանական, անգամ ֆիզիոլոգիական արմատներ, դրա համար պատասխանատու են հատուկ տիպի ուղեղային բջիջները: Մյուս գիրքը, որը վերջացրեցի մի քանի օր առաջ, Ստիվեն Կինզերի «Վերաբեռնել Միջին Արեւելքը» գիրքն էր: Այն վերաբերում էր տարածաշրջանային քաղաքականությանը եւ արտացոլում մեր տարածաշրջանի մասին ամերիկյան տեսակետի վերաձեւակերպելու փորձ: Կինզերը հետաքրքիր է նրանով, որ տարածաշրջանի մեծ գիտակ է եւ, լինելով Թուրքիայի եւ Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների ջերմացման ջատագով եւ տարածաշրջանի մեծ գիտակ, այն «պրագմատիկներից» է, որը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ է, թեեւ խուսափում է այդ փաստը ժխտելուց: Գեղարվեստական գրականություն կարդում եմ այնքանով, որքանով հնարավոր է: Համակարգված ձեւով վերջին տարիներին չեմ կարդում. մի պատմվածք` այստեղից, մի վիպակ` այնտեղից: Պոեզիայի տեսակետից համամիտ եմ, որ «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության», եւ կարող եմ պարբերաբար վերընթերցել: Ժամանակակից գրողների իմացությունը, երեւի թե, ավելի շատ խոսում է տարիքիս, քան ճաշակիս մասին: Այժմյան պոետներին լավ չգիտեմ. հաճույքով կարդում էի Արմեն Շեկոյանին ու Վիոլետ Գրիգորյանին, բայց, ինչքան հասկանում եմ, հիմա Շեկոյանը միայն արձակ է գրում, իսկ Գրիգորյանը` հրապարակախոսություն եւ մշակութաբանական վերլուծություններ: Ժամանակակից արձակից քիչ թե շատ հետաքրքիր էին Վահրամ Մարտիրոսյանի նոր ձեւաչափերի փորձերը, ինչպես նաեւ հավանում եմ ռուս գրող Պելեւինի գործերը: Ավելի երիտասարդներին, ցավոք, ծանոթ չեմ, ժամանակը չի ներում:
– Չեմ հավատա, եթե ասեք, որ Ձեզ չեն առաջարկել մնալ եւ աշխատել ԱՄՆ-ում: Հայաստան վերադառնալը գիտակցված ընտրությո՞ւն էր, թե՞ պարտադիր պայման:
– Ես հնարավորություն ունեի մնալու ԱՄՆ-ում` շարունակելու ակադեմիական կարիերաս, սակայն ցանկություն չունեի: Ավարտելու պահին արդեն ունեի բավական տպավորիչ հրապարակումների ցանկ, հանդեսի պատասխանատու խմբագիր էի, այդ համակարգում կայանալու շանսերը շատ բարձր էին: Սակայն անգամ դոկտորանտուրայի շուրջ էի երկմտում` մնա՞լ, թե՞ չմնալ: Երբ վերադարձա Հայաստան, ինձ անընդհատ հարցնում էին` ինչո՞ւ եմ վերադարձել: Չէին հավատում, երբ պատասխանում էի, որ այդպես եմ որոշել: Մոտ մեկ տարի անց սկսեցի ուղղակի պատասխանել, որ չստացվեց մնալը. այդ ժամանակ բոլորը մեծ ուրախությամբ ընդունեցին այդ միտքը եւ ինձ հանգիստ թողեցին: Իրականում, սակայն, ես ունեի հնարավորություն այնտեղ շարունակելու ակադեմիական աշխատանքս:
– Իսկ ինչո՞ւ չշարունակեցիք:
– Որովհետեւ գնացել էի սովորելու, այլ ոչ թե այդ երկրում մնալու համար: Այս հարցն արհեստական է ինձ համար, քանի որ ի սկզբանե գնացել էի, որ վերադառնամ:
– Վերադառնալուն պես Դուք շարունակեցիք կարիերան` դասավանդելով եւ աշխատելով ԿԲ-ում: Դա եւ՞ս գիտակցված ընտրություն էր:
– ԿԲ-ում հայտնվեցի ոչ միայն այն պատճառով, որ դա պետական ծառայություն էր եւ առնչվում էր ֆինանսական համակարգին: Ուղղակի լավ ճանաչում էի ԿԲ նախագահին` ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին. 1990-92թթ. խորհրդարանում որպես փորձագետ աշխատել եմ իր կողմից ղեկավարած հանձնաժողովում: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել, որ Տ.Սարգսյանն էր ճանաչում ինձ: Իմանալով իմ աշխատաոճը` հնարավորություններով ու թերություններով հանդերձ, պարոն Սարգսյանն ինձ առաջարկեց աշխատել ԿԲ-ում: Սկսեցի` որպես ԿԲ նախագահի խորհրդական, հետագայում երեւի թե վատ արդյունքներ չցուցաբերեցի եւ դարձա ԿԲ խորհրդի անդամ, այնուհետեւ` ԿԲ նախագահի տեղակալ:
– Շուրջ մեկուկես տարի է` գլխավորում եք ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ո՞ր աշխատանքն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ, եւ շա՞տ է արդյոք փոխվել Ձեր աշխատանքային ռիթմը:
– Դժվար է ասել, թե որ աշխատանքն է ավելի հոգեհարազատ, բայց աշխատանքային ռիթմն էապես փոխվել է, որովհետեւ պատասխանատվությունը եւ ժամանակի առկայությունն էապես տարբերվում են` կախված այն հանգամանքից, թե դու գերատեսչության առաջի՞ն դեմքն ես, թե՞ երկրորդ, մեկ ոլո՞րտ ես կոորդինացնում, թե՞ մի քանի, եւ ունե՞ս արդյոք հնարավորություն խորանալ որեւէ հարցի շուրջ: Ֆինանսների նախարարությունում ինձ համար ամենախնդրահարույցը ժամանակի բացակայությունն է, որովհետեւ Ֆինանսների նախարարությունը ճյուղային նախարարություն չէ եւ, ի տարբերություն մնացած բոլոր գերատեսչությունների, համագործակցում է բոլոր նախարարությունների հետ միաժամանակ: Եթե որեւէ նախարարություն իրականացնում է որեւէ ծրագիր, մենք այդ ծրագրին մասնակցում ենք իր բոլոր փուլերում` սկզբից մինչեւ վերջ, անգամ ավարտից հետո ենք իրականացնում վերահսկողություն: Դա շատ ծավալուն եւ ժամանակատար աշխատանք է: Այդ տեսակետից ինձ համար էական վերադասավորումն այն է, որ եթե նախկինում մանրամասների մեջ խորանալու հնարավորություն ունեի, ապա այժմ այդ հնարավորությունն այնքան էլ մեծ չէ:
– Որքա՞ն է տեւում Ձեր աշխատանքային օրը:
– Որպես կանոն` 9-ից 9-ը, հաճախ` ավելի շատ: Ինձ համար աշխատանքային են նաեւ շաբաթ օրերի մեծ մասը, երբեմն` նաեւ կիրակիները: Անընդհատ տարատեսակ հանդիպումներ, քննարկումներ են լինում:
– Իսկ ընտանիքի եւ ընկերների համար ազատ ժամանակ մնո՞ւմ է:
– Երեխաներս ինձ դեռ ճանաչում են, թեեւ կինս նշում է, որ նման ռեժիմի պայմաններում շուտով կդադարեն: Ընկերների համար ժամանակ գրեթե չկա, անգամ երեխաներիս հետ շփումը շատ սահմանափակ է: Հատկապես ցավալի է տղայիս հետ շփման պակասը, որը դեռ 5 տարեկան չկա եւ աշխարհի բացահայտման «մանկական» փուլը դեռ չի ավարտել` ամեն օր կարող է մի նոր հարց տալ եւ աշխարհը խիստ յուրովի մեկնաբանել: Ավելի ուշ քնելու ժամի պատճառով աղջկաս հետ ավելի շատ եմ շփվում, որը, սակայն, էլի շատ չէ: Եթե հնարավոր է ինչ-որ մշակութային միջոցառման նաեւ աղջկաս տանել, անպայման միասին ենք գնում: Իմիջիայլոց, աղջիկս հաճախում է այն դպրոցը, որը հաճախել ենք եղբայրս, ես, կինս, կնոջս եղբայրները: Հետաքրքիր է, որ կինս ավարտել է նույն դպրոցն ու համալսարանի նույն ֆակուլտետը, ինչ ես, սակայն իրար հետ ծանոթացել ենք ավելի ուշ` ԿԲ-ում աշխատելիս, որտեղ նա աշխատանքի էր անցել ինձնից 3 տարի շուտ: Բարեբախտաբար, ծնողներս մոտ են ապրում, եւ նրանց հետ շփումն ավելի հաճախ է լինում:
– Ֆինանսների նախարարությունը եւ ԿԲ-ն, կարծես, գտնվում են մշտական հակադրության մեջ. մեկին անընդհատ փող է անհրաժեշտ, իսկ մյուսն աշխատում է տալ հնարավորինս քիչ: Ինչպե՞ս է տեղի ունեցել Ձեր անցումը մեկ «ճամբարից» մյուսը:
– Անցումը նորմալ է տեղի ունեցել: Հակադրություն ասելը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, բայց ամեն դեպքում շահերի չհամընկնում մշտապես առկա է: Իմ մեջ, սակայն, գիտակցորեն որեւէ երկպառակություն չկա: Եթե այստեղ եմ, ապա պետք է ներկայացնեմ Ֆինանսների նախարարության շահերը: Միեւնույն ժամանակ լավ հասկանում եմ ԿԲ-ին. դա ունի իր առավելությունները եւ թերությունները: Գիտես` ինչ կարելի է նրանցից պահանջել, եւ նրանք էլ գիտեն, որ չեն կարող ոչ այնքան համոզիչ փաստարկներ ներկայացնել, քանի որ հրաշալի ճանաչում ենք նրանց խոհանոցը: Այս տեսանկյունից կարող եմ փաստել, որ մենք կառավարելի հակամարտության մեջ ենք:
– Անհամեստ մի հարց. որքան մեզ հայտնի է, ԿԲ փոխնախագահի աշխատավարձը մի քանի անգամ գերազանցում է Ֆինանսների նախարարությանը: Ինչպե՞ս եք մերվել այս իրողության հետ:
– Դասավանդելով եւ ժամանակավոր այլ եկամուտներ ունենալով` ես այդ փոփոխությանը ավելի հանգիստ դիմացա, թեեւ տարբերությունը գնալով զգացվում է: Թեպետ այս տարի ֆիզիկապես չհասցնելու պատճառով չեմ կարողացել դասավանդել, բայց հույս ունեմ, հաջորդ տարի արդեն կկարողանամ գոնե մեկ առարկա դասավանդել: Ընդհանրապես, հանրային հատվածի վճարների հարցը ավելի ծավալուն է, քան իմ դեպքը, եւ մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է: Մենք կենսական խնդիր ունենք` ապահովել Ֆինանսների եւ մնացած նախարարությունների կենսունակությունը: Լուծում գտնելու համար ունենք բազմաթիվ այլընտրանքներ, որոնցից ոչ բոլորն են անմիջապես լուծելի: Թե պետական ապարատում, թե կրթական համակարգում մենք ունենք ավելի շատ աշխատողներ, քան անհրաժեշտ է: Ենթադրենք, մենք անմիջապես կրճատեցինք պետական ապարատի կամ ուսուցիչների 30%-ին եւ վերաբաշխեցինք աշխատավարձերը: Ինչի՞ կհասնենք դրանով: Արդյո՞ք մեր տնտեսությունն ավելի արագ կաճի, եթե Հայաստանում ավելի սրվի սոցիալական դրությունը, եւ արդյո՞ք կվերանան այս ճանապարհով կոռուպցիոն երեւույթները: Ես 100%-ով վստահ չեմ: Այդ պատճառով մտածում ենք` աստիճանական ծրագրային լուծումներ տալ խնդրին, որոնցից մեկը սոցիալական փաթեթն էր: Այն նաեւ կարեւոր գործառույթ է կատարում առողջապահության տեսանկյունից: Բոլորս գիտենք, որ պետք է մեր առողջությանը հետեւել, բայց քանի դեռ չենք հիվանդացել, չենք զբաղվում մեր առողջությամբ: Սոցիալական փաթեթն ուղղորդում է մարդկանց ծախսել միջոցները որոշակի ուղղություններով: Երբ դուք ստիպված ծախսում եք այս ուղղություններով, ապա աստիճանաբար այդ ծառայությունը դառնում է անհրաժեշտ եւ անփոխարինելի: Համաձայն Հերցբերգի մոտիվացման տեսության, երբ դուք սովորում եք որեւէ անհրաժեշտ գործառույթի, ապա դրանից հրաժարվելն արդեն աննկարագրելի եւ տհաճ է լինում, առաջացնում է այն տհաճությունը, որ մարդիկ ունենում են` երկար ժամանակ լվացվելու հնարավորություն չունենալով: Նույն տրամաբանությամբ` մարդիկ այսօր Հայաստանում սովորում են բուժապահովագրությանը: Իհարկե, բացի սոցիալական փաթեթից, պետք է ապահովել աշխատավարձերի աճ եւ որոշակի կրճատումներ: Ամբողջ խնդիրն այս ամենը ժամանակի եւ տարածության մեջ տեղավորելն է: Այս առնչությամբ ԱՄՆ-ում տարածված է մի լավ ասացվածք կամ աղոթք. «Տեր Աստված, տուր ինձ քաջություն փոխել այն, ինչ կարող եմ, տուր ինձ համբերություն, որ ընդունեմ այն, ինչ չեմ կարող փոխել, եւ տուր ինձ իմաստություն, որ հասկանամ այս երկուսի տարբերությունը»: Իմիջիայլոց, նման վերտառությամբ պաստառ կա նաեւ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում: Կարծում եմ, հանրային կառավարման մեջ ամենադժվարը հենց հասկանալն է, գիտակցելը, թե ինչը կարող ես փոխել, ինչը` ոչ, եւ ինչ արագությամբ պետք է փոխես այն, ինչը կարող ես:
– Խոսեցինք մարդկային հոգեբանության եւ տնտեսագիտության կապերի մասին, իսկ ի՞նչ եք կարծում, հնարավոր չէ՞ արդյոք կապել տնտեսական զարգացման հետ մեր ազգային ինքնությունը: Գուցե Հայաստանի զարգացումը դանդաղ է ընթանում, որովհետեւ մենք մեզ այնքան էլ լավ չե՞նք ճանաչում:
– Չեմ կարծում, որ մենք ունենք շատ մեծ ազգային յուրահատկություններ, որոնց հիման վրա մեր տնտեսությունը կաճի արագացված տեմպերով: Իմ կարծիքով, տնտեսական շահերը եւ հարաբերությունները քիչ թե շատ համամարդկային են: Տնտեսությունն ուղղորդվում է համամարդկային արժեքներով: ԱՄՆ-ում սովորելու տարիները, ինչպես նաեւ` տարբեր երկրներում տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփումները ցույց տվեցին, որ թեեւ մարդկանց միջեւ կան մեծ տարբերություններ, սակայն մարդիկ մեծ հաշվով իրար նման են: Կարծում եմ` «ազգային մենթալիտետ» կոչվածն ընդհանուր տնտեսական հարաբերություններում շատ փոքր մաս է կազմում: Մենք չենք կարող կառուցել տնտեսություն` հիմնված զուտ հայկական, վրացական կամ տաջիկական առանձնահատկությունների հիման վրա: Մենք` հայերս, իհարկե, ունենք որոշակի առանձնահատկություններ (թերեւս, համաշխարհային առաջատար ենք պարտիկուլյարիզմի մեջ, երբ չենք ցանկանում օրինաչափություններ կիրառել բոլոր դեպքերի համար, ամեն դեպք ուզում ենք քննարկել յուրովի), սակայն տնտեսական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից դրանք այնքան էլ էական չեն, քանի որ նույն մեխանիզմները գրեթե նույն կերպ կաշխատեն, ասենք, Իտալիայի հարավում կամ Հունաստանում:
Ռուբեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
mediamax.am