Մինչեւ մայիսի վերջ

17/05/2012

Տրանսատլանտյան գազատարի (TANAP) կառուցումը, որը Ադրբեջանը Թուրքիայի միջոցով կմիացնի Հունաստանի եւ Բուլղարիայի հետ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության տվյալներով` կարժենա 6-7 մլրդ դոլար: Որոշ ժամանակ առաջ այս նախագծի արժեքը գնահատվում էր 5 մլրդ դոլար:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության արտաքին ներդրումների բաժնի ղեկավար Վագըֆ Ալիեւը հայտարարել է, որ գազատարի կառուցման մասին համաձայնագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվի մինչեւ մայիսի վերջ: Նրա խոսքերով` այս պահին գնահատվում է դրա տնտեսական արդյունավետությունը եւ իրականացվում է էկոլոգիական փորձաքննություն:

Ալիեւը նաեւ նշել է, որ մինչեւ 2015 թ.-ն Ադրբեջանը նախատեսում է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները` հասցնելով մինչեւ տարեկան 50-55 մլն տոննայի: Հիշեցնենք, որ TANAP նախագծի շուրջ Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնություն էին ձեռք բերել անցյալ տարեվերջին: Նախագծով նախատեսվում է 16 մլրդ խմ ծավալ ունեցող գազատարը շահագործման հանձնել 2017 թ.-ին: TANAP-ը կդառնա «Նաբուկո» նախագծի եւ «Հարավային հոսքի» մրցակիցը, որոնց շինարարությունը դեռեւս չի սկսվել: