Ուկրաինական «Ուոթերգեյթ»

17/05/2012

«Երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստանձնեց Ուկրաինայի բարձրագույն պաշտոնը, նա խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ: Այժմ ուկրաինացիները կասկածում են, որ նա չարաշահում է իր պաշտոնը` հանուն անձնական, ընկերական կամ ընտանեկան շահույթի: Միեւնույն ժամանակ մութ է մնում նաեւ շքեղ նստավայրի ձեռքբերման պատմությունը»,- գերմանական «Spiegel» հանդեսը նման տեղեկություններ պարունակող հոդված է հրապարակել` ներկայացնելով Ուկրաինայի նախագահի բիզնեսները: Ըստ «Spiegel»-ի, «Յանուկովիչի նստավայր «Մեժգորիեն» արտահայտությունը Ուկրաինայում համարժեք է սկանդալին, ինչպես ԱՄՆ-ում «Ուոթերգեյթը»: Հանդեսը հիշեցնում է, որ ժամանակին նույն նստավայրում ապրել է Նիկիտա Խրուշչովը, 1991-ին դա պետական սեփականություն է դարձել Ուկրաինայում, ապա սեփականաշնորհվել զարտուղի ճանապարհներով` հանգեցնելով անգամ դատավարության` կապվելով Յանուկովիչի անվան հետ: «Մի մարդու, որը ժամանակին խոստացել էր ոչ միայն կոշտ, այլեւ դաժանորեն պայքարել կոռուպցիայի դեմ»: «Spiegel»-ը գրում է, որ 2010-ին Բեռլին այցելելով` Յանուկովիչն ասել էր, թե նախկին նարնջագույն իշխանություններն «իրենց երկրի համար ոչ մի որոշում չեն կայացրել, իսկ տնտեսությունը համակարգված ձեւով գործել ի վիճակի չի եղել»: Այսօր` 2 տարի անց, պարզ է, որ Յանուկովիչի որոշումները համակարգված ձեւով մեծացրել են իր բարօրությունը, կամ իր ընկերներինն ու ընտանիքինը: «Վերջերս պարզվեց, որ նախագահի ավագ որդին` 38-ամյա Ալեքսանդր Յանուկովիչը, Ուկրաինայի առաջատար գործարարներից է: Յանուկովիչի` մասնագիտությամբ ատամնաբույժ որդին գրասենյակային շենքեր եւ հյուրանոցներ է կառուցել Դոնեցկում: Նրա բիզնեսը ծաղկում է: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` նրա Համաուկրաինական զարգացման բանկը 2011-ի վերջին երեք եռամսյակում եկամտի զգալի աճ է գրանցել»,- գրում է «Spiegel»-ը` հիշեցնելով, որ 2010-ի սկզբին Յանուկովիչի հաղթանակը նաեւ իր կուսակցության թիկունքում կանգնած ուկրաինացի օլիգարխների հաղթանակն էր: Հանդեսը ակնարկել է, որ Յանուկովիչը բիզնեսներ ունի նաեւ Ավստրիայում: