2011թ.-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու նրա կնոջ` Միշելի ֆինանսական ակտիվները կազմել են 2.6 մլն-ից 8.3 մլն դոլար: Այս տեղեկությունը հրապարակել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը` վկայակոչելով Սպիտակ տան ներկայացրած` նախագահի ակտիվների ամենամյա հաշվետվությունը: Մասնավորապես` Օբամաների ակտիվները ներառում են 1-5 մլն դոլարի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր, 500.000-ից 1 մլն դոլարի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր, ինչպես նաեւ` կենսաթոշակային ու բանկային հաշիվներ: Օբամայի գրած գրքերից ստացված հոնորարները կազմել են 250.000-ից 2.1 մլն դոլար: 2010թ.-ին ԱՄՆ նախագահական ընտանիքի ակտիվները գնահատվել էին 1.8 մլն-ից 12 մլն դոլար: Ապրիլին Սպիտակ տունը հայտնել էր, որ Օբաման ու նրա կինը նախորդ տարի աշխատել են մոտ 780.000 դոլար` մոտ կրկնակի պակաս 2010թ.-ի համեմատ: Նախագահի ընտանեկան եկամուտները նվազում են արդեն 3-րդ տարին անընդմեջ: 2010թ.-ին Օբամայի ընտանիքն աշխատել էր 1.7 մլն դոլար, որը երեք անգամ քիչ է 2009-ի համեմատ (5.5 մլն դոլար): ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ակտիվները գնահատվել են 230.000-ից 860.000 դոլար: Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ակտիվները կազմում են 190 մլն-ից 250 մլն դոլար: Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուներից շատերի համեմատությամբ` աշխարհի ամենահզոր տերության ղեկավարները նույնիսկ ԱԺ պատգամավորի մակարդակի չեն «ձգում»: