«Մեզ սիրողները, խռովկան ՀԱԿ-ը ու թմբլիկ կանայք…»

17/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը ժամանակակից վիպագրության տարածքում կարողացավ «ջարդել» կոմունիստական գաղափարախոսության, սուտ բարոյախոսության կարծրատիպերը` ձեռնոց նետելով սոցռեալիզմին, գրականությունը տնօրինելուն, ուղղորդելուն սովոր մարդկանց, ովքեր հանկարծ հասկացան, որ իրականությունն իրենց «բռունցքների» միջից փախել է: 1990-ականների վերջերին Խորհրդային Հայաստանում նա սկսեց գրել «Հիվանդանոց» վեպը, որն ավարտեց 1993թ.` անկախ Հայաստանում, հետեւաբար, գրքի առաջին մասն ամբողջովին գրված լինելով կոմունիստական վարչակարգի օրոք, ասելիքը մետաֆորի տակ էր թաքնված: «Հիվանդանոցն» իրականում կոմունիստական վերնախավն էր, որը ջարդում էր անհատականություններին, եւ այդ այլասերությունը պատկերելու համար որպես գրական հիմնավորում` Գ. Խանջյանը գրականության մեջ «ներմուծեց» բաց տեսարանների վերարտադրումը: Վերջին 20 տարվա ընթացքում Գ. Խանջյանը հրատարակել է տասնյակից ավելի գրքեր եւ, կարելի է ասել, համարվում է հետխորհրդային գրականության ամենաընթերցվող հեղինակներից մեկը: Համարում է` Հայաստանում ամենալավ գրականությունը ստեղծվել է վերջին 20 տարիներին: Իսկ ընդհանուր առմամբ` մեր ժամանակաշրջանը որակում է` որպես շատախոսության դար, քանի որ քաղաքացիական հասարակություն կոչվող «բանաձեւում» մշտապես մի պստիկ կռվան գտնելով` խոսում, խոսում ու անվերջ խոսում են: Ըստ նրա` մարդն այսօր հոգեպես հիվանդ, նեւրոտիկ է: «Եթե երեկ այն պարանոյան հիվանդություն էր համարվում, ապա այսօր նորմա է, որովհետեւ մեր շուրջը պարանոյիկներ են: Նորմալ մարդն այսօր պարանոյիկ է, որովհետեւ, եթե մարդն անընդհատ լուսանկարվում է, լուսանկարում է իր գերդաստանին, հարազատ-բարեկամներին ու գցում է ինտերնետ, թե` բոլորդ նայե՛ք, էս ես եմ` կիսամերկ, էս ես եմ` նստած, էս ես եմ` կանգնած, էս ես եմ` երեխային գրկած, էս ես եմ` մենակ` ապա դա պարանոյիկի վարքագիծ է, բայց բոլորն են այդպես անում, ուրեմն` բոլոր նորմալ մարդիկ պարանոյիկ են: Ուզում են գնահատական ստանալ, մեկնաբանված լինել: Մարդն ընկել է հոգեկան «պանոսի» մեջ: Փսիխոզ է համատարած»,- ասում է Գ. Խանջյանը: Մի խոսքով` մեզ առավոտից իրիկուն սիրում են եւ սերը կեղծ պաթոսով «իրացնում» են` համերգի տոմս վաճառելու, ձայն գնելու, հեռուստադիտողին էկրանին գամելու համար` այլասերելով առհասարակ սիրո զգացմունքը: Սերը դարձել է PR տեխնոլոգիա:

– Ախր, սերն էդքան կեղծ չպիտի լինի: Միացրեք հեռուստացույցը` «Ես ձեզ սիրում եմ»: Կարելի՞ է էդքան սիրել, դա այլասերության նման է: Ավելի լավ է, մի հոգու սիրիր` լավ սիրիր, քան անընդհատ բոլորին սիրիր: Քաղաքական ժողովրդասերները շաղ են տալիս` Ժողովուրդ, ես քեզ սիրում եմ: Էդքան կարելի՞ է ժողովուրդ սիրել: Ո՞նց կարելի է ժողովրդին սիրել, ժողովրդին կարելի է խղճալ, ժողովրդի մասին կարելի է հոգալ, բայց սիրելն ուրիշ կատեգորիա է: Խոսքս ոչ ֆիզիկական, ոչ էլ` հոգեւոր կատեգորիայի մասին է, բայց եթե անգամ հոգեւոր կատեգորիայով վերլուծենք` կարելի՞ է էդքան զանգվածներ սիրել: Կեղծ ժպիտներով ասողների այդ սուտն անընդհատ լցվում է ուղեղիդ մեջ: Ախր գիտես, որ կեղծ է, թատրոն է, դիմակներ… Բայց նոր սերունդը, կարծես, հարմարվում է այդ ստին, ու չդիմանալով այդ տարափին, ասում է` սիրում է, ուրեմն` լավ է: Մենք փորձ ունենք, փորձի հիման վրա տեսնում ենք կեղծը, դիմակը, բայց նորերը փիլիսոփայություն չունեն, ամեն ինչ թեթեւի վրա է հիմնված: Չեն խորանում, թե էս ո՞վ է, որ ինձ սիրում է, ինչի՞ է ինձ սիրում, կարո՞ղ է` չի սիրում, եւ հակառակը` թշնամի է: Սերն այսօր գովազդի գործիք է: Քեզ «սիրող» դեմքերի վահանակներն անընդհատ գալիս են վրադ: Տրանսպորտով գնում ես, իրենք էդ ոչ մաքուր հայերեն տեքստերով խփում, անցնում են: Առավոտյան հեռուստատեսությամբ «Բարի լույս» ծրագրերը քեզ սիրում են, իրիկունը բարի գիշեր ասելուց` սիրում են: Մտածում ես` էլ ի՞նչ դարդ ունեմ, եթե էսքան սիրող ունեմ, ինչ լավ է: Բայց ձեռքդ տանում ես գրպանդ` փող չունես, հեռուստատեսությունը քեզ բռնություն է քարոզում, գնում ես տուն` էս չկա, էն չկա: Մտածում ես` արա, բա որ էսքան ինձ սիրում են, ինչի՞ ես ոչինչ չունեմ:

– Մինչեւ մայիսի 6-ը մեզ խոստանում էին մայիսի 7-ին արթնանալ բոլորովին ուրիշ ՀՀ-ում: Ի՞նչ զգացողություններ ունեցաք մայիսի 7-ին: «Նոր Հայաստանում», մասնավորապես, քաղաքում համատարած դեպրեսիվ տրամադրություն կար, մարդիկ «ջարդված» էին:

– Ես նայել եմ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, որոնք բոլորն էլ նույն պոպուլիստական գիծն էին տանում եւ միայն Կոմկուսի ծրագիրն էր տարբերվում: 15.000 դրամ վերցրած մարդը մեծամասամբ ներկայացված ուժերի մեջ չի գտել այն ուժը, հանուն որի` ինքն իրեն այդ 15.000 դրամից կզրկեր: Եթե այդ ուժը լիներ` վստահ եմ, մարդը չէր վերցնի այդ գումարը: Գումար վերցրել են հոգնած, հուսահատված մարդիկ, որոնք չեն վստահում ոչ մեկին: Եթե ոչ մեկին չի վստահում, ուրեմն` 15.000 դրամով չի վստահում: Դա նաեւ քաղաքացու արհամարհանքը, վրեժն է, որով նա ապացուցում է, որ թքած ունի իրենց վրա: Մարդը 20 տարի շարունակ տեսնում է, որ ոչինչ չի կատարվում: Նրանք, ովքեր այսօր ուզում են գալ իշխանության` ժամանակին եղել են, մարդը տեսել է: Նրանք, ովքեր այսօր կան, վաղն էլ կլինեն` տեսնում է: Մյուսներն էլ կողքից «դամ» քաշողներն են: Ի՞նչ անի մարդը, աշխատանք չունի, ուտելու փող չունի: Այսինքն` մարդուն հասցրել են այն աստիճանի, որ նա փողը վերցնում է: Եվ թող իզուր չմեղադրեն:

– Նախընտրական շրջանում իշխանական ուժերը մարդկանց նվաստացրին` կաշառք բաժանելով: Մինչդեռ այսօր էլ ընդդիմությունն է գումար վերցրած մարդկանց անվանում ոչխարներ, եւ այլն: Ստացվում է` մանդատ ստանալու համար մարդու հետ խաղում են բոլորը:

– Այդ մարդիկ 5 տարի առաջ իրենց ձայնը չվաճառեցին եւ տվեցին ՀԱԿ-ին: Կարծեմ` 20 % ձայն հավաքեցին: Օրինակ` ես իմ ձայնը տվել էի ՀԱԿ-ին, որպեսզի իմ ձայնը ներկայացված լինի ԱԺ-ում: ՀԱԿ-ը մտնում է ԱԺ, բայց խռովում է` ասելով, թե` մանդատները վայր եմ դնում: ՀԱԿ, բա ես ինչո՞ւ եմ քեզ իմ քվեն տվել: Դու քո խռովքն ես ներկայացնում, բայց ինձ գցո՞ւմ ես… Է, եթե էդպես է, այսօր էլ ես քեզ ձայն չեմ տա, որովհետեւ դու խռովկան ես, կարող է նորից գնաս ու խռովես: Նրանք առհասարակ խռովկաններ են: Լեւոն Տեր-Պետրոսյանը էնտեղ խռովեց, կեսից թողեց իր նախագահության ժամկետը, հիմա էլ` ՀԱԿ-ականները: Հո «Եվրատեսիլ» չէ՞, որ կուզեմ` կգնամ, չեմ ուզի` չեմ գնա: Քեզ մարդ է ընտրել, նախապես ասեիր, որ` ես կարող է խռովեմ, որպեսզի մարդիկ քեզ չընտրեին, ուրիշին ընտրեին: Այդ վերաբերմունքը բոլորը տեսնում են, մարդիկ զգայուն են, նույնիսկ ամենահիմար մարդը զգայարաններ ունի եւ հասկանում է` որտեղ են իրեն խաբում, արհամարհում: Ինչ վերաբերում է մայիսի 7-ին, ապա ես երբեք չեմ սպասել, որ առաջիկայում մենք կարող է արթնանանք ուրիշ Հայաստանում: Մենք մոռանում ենք մեզ նայել: Ես առավոտյան եւ գիշերը շանս ման եմ տալիս Այգեձորի տարածքում: Հայոց երկրի սիրասուն կանայք` թմբլիկ, ծանր-ծանր տանից դուրս են գալիս ու 10 մետր այն կողմ աղբը փողոց են նետում: Մեքենա էլ ունեն, բայց հո «խոդ» չե՞ն տա, քշեն դեպի աղբաման, գցում են իրենց հարեւանի դուռը, հարեւանն էլ մյուս հարեւանի դուռն է գցում: Ամբողջ փողոցը ջարդած շշեր, աղբ, տհաճ հոտ է: Կամ` փողոցներն ինչպե՞ս են անցնում. այդքան ոստիկանները կանգնեցին, սովորեցրին, բայց ոչ մի նշանակություն չունի: Մարդկային հարաբերությունների մեջ ինչպե՞ս են` մուննաթով, մշտապես մուննաթ, քցոցի: Եթե մեր մակարդակն էսպիսին է, ինչպե՞ս ենք պատկերացնում ունենալ եվրոպական մակարդակի խորհրդարան, ընտրություններ: Կառավարություն ասվածը մեր միջից է, չէ՞, ձեւավորվում, նույն փողոց անցնողներն են, նույն աղբը փողոցում թափողներն են, մուննաթ եկողներն են: Մեր հասարակությունն արժանի է իր ԱԺ-ին: 1991-ից սկսած մենք ենք ձեւավորում, մենք ենք միտինգներ անում, մարդկանց զարգացնում, առաջ տանում, եւ այլն:

– Հայաստանում Դուք համարվում եք ամենաբեմադրվող դրամատուրգը: Ձեր պիեսները բեմադրվել են ոչ միայն հայ թատրոններում, այլեւ ԱՄՆ-ում, Հալեպում եւ այլ երկրներում: Ձեր սցենարների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: Այդուհանդերձ, Ձեր կարծիքով` այսօր թատրոնն արտացոլո՞ւմ է ժամանակակից հայ դրամատուրգիան:

– Թատրոնները բեմադրում են ժամանակակից դրամատուրգիա, բայց ոչ մերը, դրսի հեղինակների պիեսներն ավելի շատ են բեմադրում: Խնդիրն այն է, որ առանց հայ ժամանակակից դրամատուրգիայի հնարավոր չէ կայացնել հայ թատրոն: Դա պարզ ճշմարտություն է, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Այո, ինձ շատ են բեմադրել, բայց նախ` իմ այն պիեսները չեն բեմադրվել, որոնք ես կցանկանայի: Հիմնականում կոմեդիաներ են բեմադրվել, որովհետեւ իրենք ասում են` կոմեդիայի կարիք կա: Համակարգված մոտեցում չկա ժամանակակից հայ դրամատուրգիայի հանդեպ, այն դեպքում, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը կարող էր բոլոր թատրոններին պատվիրել տարին մեկ անգամ ժամանակակից հայ դրամատուրգի գործ բեմադրել: Թատրոնի ռեժիսորներն ամբիցիաներ ունեն, որովհետեւ ուզում են անպայման հայտնի, դասական հեղինակ լինի, որպեսզի իրենք էլ ինքնահաստատվեն: Սնոբական, քաղքենիական մոտեցում է: Բոլոր ռեժիսորներն ընդունված էսպիսի մի արտահայտություն ունեն` փող լինի, հեռախոսի գիրքն էլ կբեմադրեմ: Վերցրեք ժամանակակից դրամատուրգների գործերը, որոնք ողջ են, որոնց հետ թատրոնում կարելի է աշխատել, որովհետեւ դրամատուրգիան սպեցիֆիկ է, բեմի վրա է պիեսը կայանում: Նախարարությունն ընդամենը փող պիտի տա թատրոնին, որ պիես բեմադրեն, բայց ծախսում է թոզ փչոցիների, սալյուտների, միջոցառումների վրա: Դրամատուրգիան էնպիսի բան է, որ եթե հեղինակն իր գործը բեմի վրա չի տեսնում` ինքը կամաց-կամաց բթանում է: Չես բեմադրում, ինքն էլ հոգնում է. դրամատուրգիան ընթերցանության համար չէ: Այսինքն` հայ թատրոնը սպանում է հայ դրամատուրգիան:

– Ռեժիսորներն էլ իրենց հերթին դժգոհում են` ասելով, որ իրենցից արժեք ներկայացնող հայ ժամանակակից պիեսներ չկան:

– Ծուլությունից են այդպես ասում: Դրամատուրգները, ամբողջ ինֆորմացիան իրենց աչքի առաջ է: Թող կանչեն, ասեն` եղբայր, ի՞նչ նոր, հարմար կամ էս կարգի բան ունես: Նաեւ չեն փնտրում, որովհետեւ չեն ուզում վճարել: Եթե ողջ դրամատուրգի գործ են բեմադրում` նրան վճարել է պետք: Թատրոնի համար լավ դրամատուրգը մեռած դրամատուրգն է: Շեքսպիր լինի` հարյուր տարվա մեռած, 1500 անգամ բեմադրված, բեմադրեն: Շեքսպիրը ունիվերսալ, ընդհանուր լեզու է աշխարհի համար: Շեքսպիրը միշտ աշխատելու պոտենցիալն ունի, բայց բեմադրիչը պետք է կարողանա Շեքսպիրին բերել ժամանակի մեջ, այլապես չի աշխատի, որովհետեւ ամեն ձեւով բեմադրվել է` ջինսով, կիթառով էլ են խաղացել: Մի ֆիլմի մեջ ասվում է` «Սիրիր արվեստը քո մեջ, այլ ոչ` քեզ արվեստի մեջ»: Մեզ մոտ մոտավորապես նույնն է` մեր ռեժիսորները թատրոնի մեջ իրենց են սիրում: Դրան զուգահեռ` պետք է ասեմ, որ վերջերս շատ լավ, մի հրաշալի ներկայացում եմ նայել «Գոյ» թատրոնում: Արթուր Սահակյանն էր բեմադրել Բեքեթի պիեսներից, որն ինձ շատ ոգեւորեց: Կա լավ թատրոն, կան լավ բեմադրություններ, բայց չկա հայ թատրոն. իմ մտահոգությունը սա է: Բեքեթով, Չեխովով, Գոգոլով, Բրեխտով հայ թատրոն չես ստեղծի: Մշակույթի նախարարությունն այս իմաստով դիրքորոշում չունի` այն դեպքում, երբ, տիրապետելով լծակներին, կարող է խթանել հայ թատրոնի եւ հայ դրամատուրգիայի զարգացումը: Մեր Մշակույթի նախարարությունը միջոցառումային նախարարություն է` թոզ է փչում, որ երեւա, իբր գործ է անում: Այն, ինչը ռազմավարական նշանակության է` դա չի երեւա, որովհետեւ մի 10 տարի հետո պիտի երեւա: Իրենք անում են մի բան, որ հիմա երեւա, հիմա բոլորը ծափ տան, այսինչին բերեն այստեղ` երգացնեն, այնինչին տանեն այնտեղ` «պրեմիա» տան, եւ այլն: Իսկ միջոցառումներ անելիս փող լվանալը հեշտ է: Երբ հրավառություն ես անում` այդտեղ փող հաշվելը դժվար է, որովհետեւ «սալյուտների» մեջ այն հեշտ փոշիանում է: Արվեստի դաշտի տուրիզմն ի՞նչ է, անընդհատ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղ են գնում, մեծ փողեր են ծախսում` փառատոներ, միջոցառումներ, եսիմինչ: Եթե մեկը կարող է գնալ, ապա գնում են 4-5 հոգով, չես հասկանում` ի՞նչ են բերում, ի՞նչ են տանում, ինչի՞ համար են գնում: Իսկ դա արդեն 2-3 պիեսի բեմադրության փող է:

– Այսինքն` նույն մոտեցումներով էլ մենք ունեցանք գրքի եւ գրատպության փառատոն: Փառաբանվում էր մի բան` գիրք, որին ծանոթ չէին փառաբանողները: Այնուամենայնիվ, ընթերցողը մոտեցա՞վ գրքին:

– Գրքի տոնը մի հոյակապ իրադարձություն է, որը մեկ տարով մեզ է վստահված եւ կարելի էր արդյունավետ օգտագործել: Առայժմ ինչ արվում է` նորից նույն թոզ փչոցին է: Եկան նախարարներով, չինովնիկներով, թիկնապահներով, գրողներին հրելով, իրենք գնացին առաջ, բացեցին… Կարծես էլի իրենց օրն է: Մանավանդ` դա ընտրությունների նախօրյակին էր, եւ դա եւս մի հարթակ էր, որտեղ կարելի էր երեւալ: Այդ օրը նայում էի գրողներին` բոլորն էլի այդպես խեղճ, կծկված էին: Իրենց գրքերն այնտեղ դրված են, բայց իրենք չկան: Չորս կողմում` ավտոբուսներին` նկարներ, պաստառներ, լեկցիաներ, բայց ժամանակակից հայ գրողը չկա այդ ասպարեզում, արհամարհված է: Չինովնիկները դասականներից մի երկու բան գիտեն, դպրոցում անցել են` Թումանյան, Րաֆֆի, ու էդ էր պակաս` ժամանակ ծախսեն` ժամանակակիցներին կարդան: Նախարարության Ժամանակակից գրականության կայք կա, բայց դատարկ է: Չնայած դրան` պետք է նշեմ, որ հրատարակչությունները, մասնավորապես` «Անտարեսը», ակտիվ տպագրում է ժամանակակից հեղինակներին, ինչը շատ ուրախալի է:

– Այսօր կան երկու` իրարից շատ տարբեր իրականություններ` վիրտուալ եւ իրական: Ոմանք «ապրում» են վիրտուալ իրականության մեջ` աստիճանաբար չադապտացվելով իրական կյանքին:

– Ես առհասարակ ինտերնետ չեմ մտնում, վախենում եմ, որովհետեւ իր մեջ վատ բան կա, միանգամից մտնում եմ «կալպակի» տակ: Ինտերնետն անընդհատ ղեկավարվում է, դրանով հեղափոխություններ են անում, ուրեմն` ինչ-որ տեղից, ինչ-որ բաներ արվում են: Մի ժամանակ Ազգային անվտանգության կոմիտեն պետք է տանջվեր, ծախսեր աներ, որպեսզի գտներ մարդուն, մարդու հասցեն, տվյալները: Իսկ հիմա դու ինտերնետում պատրաստի կաս` քո նախասիրություններով, քո սիրած գույներով, բնավորությամբ, ազգակիցներով: Դու քեզ մատուցել ես, բացվել ես: Ես չեմ ուզում այդքան բաց լինել, ես մասսայական մարդ չեմ: Ինտերնետ ակումբից երեխեք են դուրս գալիս, մեղքդ գալիս են` սփրթնած, աշխարհից կտրված, ժամերով այդ նկուղներում փակված են եղել: Սրա զարգացումը շատ վատ տեղ է տանելու: Մարդու հոգեկան ներդաշնակությունը պայմանավորված է աշխարհի հետ իրական շփմամբ, օդ շնչելով: Ինտերնետն օնանիզմի նման բան է: Այն նաեւ անոնիմ ներկայանալու հնարավորություն է տալիս, այսինքն` դու նաեւ խաբեության ես գնում, դառնում ես շպիոնի պես էակ: Խախտվում է քո արժեքային համակարգը, չափանիշները, ու սկսում ես սողալ: Ես վախենում եմ, որ մի 50 տարի հետո նոր մարդը շատ սարսափելի կլինի` ինտերնետով սնուցված, մեծացած, եւ կարող է իսկական իրականությանը թշնամի լինել, որն անտագոնիստ է արդեն իրական կյանքին, իր կյանքի մեծ մասն անցկացրել է ինտերնետում: Բայց, Աստված մի արասցե, մի օր արհավիրք լինի ու ինտերնետը համատարած անջատվի` այս մարդիկ կընկնեն պսիխոզի մեջ, հիվանդանոցները կլցվեն, ինքնասպան կլինեն: Սա նարկոմանիա է: Չինաստանում մարդկանց արդեն ինտերնետային մոլուցքից բուժում են այնպես, ինչպես թմրամոլության համար են բուժում: Այդ ինտերնետային խաղերի շնորհիվ այնքան երեխեք են սադիստ դառնում, որովհետեւ իրենք անընդհատ կրակում, սպանում են. դա բնազդ է դառնում: Ինտերնետի օգտակարության մասին չեմ խոսում, որովհետեւ դա հզոր տեխնիկական միջոց է` ստանալու, ուղարկելու, աշխատելու: Ես համակարգչից օգտվում եմ, բայց խոսում եմ այն վտանգների մասին, երբ վիրտուալ կյանքը դառնում է անկառավարելի, իրական կյանքին հակադրվող: