«Ռուսաստանի նոր նախագահ Վլադիմիր Պուտինը գիտակցել է, որ G8-ի գագաթաժողովն իր տեղը չէ»,- նման կարծիք է հայտնել Peterson Institute for International Economics հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող Ադերս Ասլունդը «Foreign Policy»-ում հրապարակված իր հոդվածում: «Ուրեմն թող G7-ը գնահատի Պուտինի արարքն ըստ արժանվույն»,- հեգնանքով գրել է փորձագետը` խորհուրդ տալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` «վերանայել «վերաբեռնման» հայեցակարգը, քանի որ իրավիճակը փոխվել է»: Ըստ Ասլունդի, եթե Դմիտրի Մեդվեդեւը նախագահ լինելու տարիներին «կարգավորում էր Ռուսաստանի հարաբերությունները գործնականում բոլորի հետ», ապա Պուտինն իր արտաքին քաղաքականության առաջնային խնդիր է հայտարարել Եվրասիական միության ստեղծումը: «Դա անվստահության եւ մեկուսացման նշան է»,- գրել է փորձագետը: Պուտինի` գագաթաժողովին չմասնակցելու պաշտոնական պատճառը հեղինակը համարում է «ոչ ճշմարտանման»: «Սիստեմատիկորեն գործելով` Պուտինը Ռուսաստանը կիսաժողովրդավարական երկրից վերածել է միապետականի: Շատ պատմություններ են պտտվում նրա կողմից աճող կոռուպցիայի շուրջ: Ինչեւէ, դիվանագիտական հարաբերություններում անհրաժեշտություն է լինում գործ ունենալ տարբեր մարդկանց հետ, իսկ դա նշանակում է, որ Արեւմուտքը պետք է Պուտինին հրավիրի բոլոր ֆորումներին»,- գրել է փորձագետը` խորհուրդ տալով ընդհանրապես վերացնել եւ՛ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, եւ՛ G8-ը: «Ռուսաստանը դադարել է ժողովրդավարական լինելուց անգամ այդ բառի ամենալայն իմաստով, ուստի G8-ում Ռուսաստանի անդամակցության հիմքերը վերացել են»: Հեղինակը նկատել է, որ G8-ի առաջնորդների շարքում Պուտինի բոլոր ընկերները` Բեռլուսկոնին, Շրյոդերը եւ Շիրակը, «հրաժարական են տվել եւ արդարացիորեն որակազրկվել»: «Մինչդեռ միջազգային տնտեսական կազմակերպություններում` G20-ում եւ ԱՀԿ-ում, Ռուսաստանին պետք է ուրախությամբ դիմավորել,- կարծիք է հայտնում փորձագետը` պարզաբանելով,- Ամերիկան շահագրգռված է Ռուսաստանի հետ շահութաբեր առեւտրում: Սակայն ԱՄՆ-ը նաեւ շահագրգռված է, որպեսզի Ռուսաստանի առաջնորդին ցույց տա իր տեղը»: