Մնաց մենակ

17/05/2012

Ադրբեջանը հրաժարվել է 2020 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելու` ամիսներ առաջ հնչեցված գաղափարից: Այդ մասին նախօրեին Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Վլադիմիր Վարձելաշվիլին: «Ադրբեջանն արդեն իսկ դիմել է 2020 թվականի օլիմպիական խաղերն իր տարածքում անցկացնելու հայտով, եւ նույն տարի անցկացվող Եվրոպայի առաջնության համար հայտ ներկայացնելը Բաքվում ոչ նպատակահարմար են գտել: Այնպես որ, մեր երկիրը միայնակ է պայքարելու ֆուտբոլի առաջնությունը կազմակերպելու իրավունքի համար»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ադրբեջանա-վրացական համատեղ հայտի մասին առաջինը մարտի 7-ին Բաքվում խոսել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` դիմելով Ադրբեջանի խորհրդարանի անդամներին: «Երեկ նախագահ Ալիեւի հետ մենք շատ կոնկրետ ու տպավորիչ ծրագրեր քննարկեցինք, որոնք կնպաստեն մեր երկու պետությունների ու ժողովուրդների զարգացմանը: Մասնավորաբար, մենք պայմանավորվեցինք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման համատեղ հայտ ներկայացնել»,- ասել էր Սահակաշվիլին: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է առաջնությունն իր տարածքում անցկացնելու մտքից, Վրաստանը պետք է միայնակ պայքարի հայտ ներկայացրած եւ ֆուտբոլային շատ ավելի զարգացած ենթակառույցներ ունեցող այնպիսի երկրների դեմ, ինչպիսին են Թուրքիան, Իռլանդիան, Շոտլանդիան եւ Ուելսը: ՈւԵՖԱ-ի կանոններով` ֆուտբոլի առաջնության անցկացման համար պետությունները պետք է 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված առնվազն երկու մարզադաշտ ունենան, երեքը` 40 հազար տարողունակությամբ, եւ եւս չորսը` նախատեսված 30 հազար ֆուտբոլասերի համար: Վրաստանն առայժմ այդ պահանջներին չի բավարարում. միայն մեկ մեծ մարզադաշտ կա` Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան 55 հազար տեղանոց մարզադաշտը: Վլադիմիր Վարձելաշվիլին, սակայն, նշել է, որ շուտով մարզադաշտերի վերակառուցման ու նորերի շինարարության լայնածավալ գործընթաց է մեկնարկելու: «Արդեն այս տարի Բաթումում կմեկնարկի գերժամանակակից մարզադաշտի շինարարությունը: Նոր մարզադաշտեր են կառուցվելու Գորիում, Գուրիայի շրջանում եւ Զուգդիդում: Թբիլիսիում գտնվող մարզադաշտերը, ինչպես նաեւ Քութաիսի կենտրոնական ստադիոնը հիմնանորոգվելու են»,- հայտարարել է Վրաստանի սպորտի նախարարը: